Մոսկվայում սպասվում է Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպում․ ռուսական ԶԼՄ-ները գրում են նախապատրաստված 2 փաստաթղթի մասին

Այսօր ժամեր անց Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում սպասվում է Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպումը։ Նման ձևաչափով վերջին հանդիպումը կայացել էր նախորդ տարի Սոչիում հոկտեմբերի 31-ին։

Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում է աշխատանքային այցով, որի շրջանակում մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին:

Ավելի վաղ, ըստ էության, Բրյուսելում մայիսի 14-ին կայացած եռակողմ՝ Փաշինյան-Միշել-Ալիև բանակցություններից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հայկական կողմը համաձայնել է Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ եռակողմ հանդիպում անցկացնել Մոսկվայում:

Նա ընդգծել էր, որ համապատասխան առաջարկը ստացվել է ռուսական կողմից, և Հայաստանն ընդունել է այն: Նախօրեին ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել էր, որ նախապատրաստական աշխատանքներ են տարվում այդ եռակողմ շփումների ուղղությամբ, և, իհարկե, հույս ունեն` արդյունավետ հանդիպում կլինի։ «Արդյունավետության աստիճանը ցույց կտա ժամանակը»,- նշել էր Պեսկովը։

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հրավերով Մոսկվայում մայիսի 19-ին էլ կայացել էին՝ Լավրով-Միրզոյան-Բայրամով, ապա՝ Միրզոյան-Բայրամով բանակցությունները։ ՀՀ ԱԳՆ փոխանցմամբ՝ տեղի էր ունեցել մտքերի կառուցողական փոխանակում այն ​​հարցերի շուրջ, որոնց վերաբերյալ կողմերն ունեն տարաձայնություններ։

Ուշագրավ է, որ ռուսական kommersant.ru-ն գրում է, որ մայիսի 23-ին Ռուսաստանի մայրաքաղաքում տեղի ունեցավ եռակողմ աշխատանքային խմբի հավաքը՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի, Շահին Մուստաֆաևի և Ալեքսեյ Օվերչուկի գլխավորությամբ։

Նրանք ևս մեկ անգամ փորձել են տեղից շարժել տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման գործընթացը։

Ըստ պարբերականի՝ գագաթնաժողովի արդյունքում, ինչպես ակնկալում է Մոսկվան, պետք է առնվազն երկու փաստաթուղթ ընդունվի:

«Մեկը պատրաստել են փոխվարչապետները՝ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման մասին, իսկ մյուսը լինելու է Ալիևի, Փաշինյանի և Պուտինի հինգերորդ համատեղ հայտարարությունը, հղկվել է երեք երկրների արտաքին գործերի նախարարությունների կողմից»,- գրել է kommersant.ru-ն։

Տեսանյութեր

Լրահոս