Թավշյա թմրաբարոնների խրախճանքը «Հոգեմետ Հայաստանում»

Պետությունը դրանում ապրող ժողովրդի ֆիզիկական և հոգևոր հատկանիշների ինտեգրալ ամբողջություն է։ Կազմավորումը չի կարող պետություն համարվել միայն դրանում ապրողների ֆիզիկական ներկայության հատկանիշով, առանց հոգևոր բաղադրիչների, ինչպես որ հնարավոր չէ միայն հուզական, հոգեբանական ապրումներով պետություն ունենալ՝ առանց ֆիզիկական ներկայության։

Պետությունը ֆիզիկականի ու հոգևորի օրգանական, հաճախ նաև դիալեկտիկական կապերի այնպիսի ամբողջություն է, որում բաղադրիչներից որևէ մեկի բացակայությունը լավագույն դեպքում հանգեցնում է կիսատության, իսկ ավելի հաճախ՝ դրա չգոյության։ Այն, ինչ հատկապես վերջին ամիսներին անում է Նիկոլ Փաշինյանը, չհայտարարված պատերազմ է Հայաստանի, հայ ժողովրդի, հայկականության հոգևոր բաղադրիչի դեմ։ Դրա շրջանակներում է տեղավորվում Արցախից հրաժարումը, որը կատարվում է ոչ միայն պատերազմում պարտված լինելու բերումով, այլ նաև առանձնակի ցինիզմով իշխանությունն Արցախի պաշտպանությունը, Արցախի մասին մտահոգությունն արդեն ներկայացնում է՝ որպես հետադիմություն, անհամարժեքություն։

Նարատիվները, որով վերջին շրջանում հանդես է գալիս Նիկոլ Փաշինյանը պետության մասին խոսելիս, հանգեցնելու են նրան, որ մի օր Արցախի պաշտպանությունն իշխանությունը համարելու է հակապետականություն, որովհետև հիմա Նիկոլ Փաշինյանը զբաղված է Հայաստանն Արցախին հակադրելու կեղտոտ քարոզչությամբ։ Իսկ Արցախը ոչ միայն պատմական հայկական տարածք է, ոչ միայն թեկուզ և չճանաչված, բայց երկրորդ հայկական պետություն, այլ նաև մեր ինքնության, հայկականության կարևորագույն, կենսական հոգևոր բաղադրիչը։

Նույնը նա անում է հայկական ինքնության մյուս առանցքային բաղադրիչների հետ՝ պայքարելով Հայ Առաքելական եկեղեցու, ավանդույթների, պատմական հիշողության և այն ամենայնի դեմ, ինչը կազմում է հայկական լինելիության հոգեբանական, հոգևոր բաղադրիչը։ Եվ եթե Ադրբեջանի զինված ուժերը, արդեն երկու տարի է՝ ներխուժել ու գտնվում են Հայաստանի ինքնիշխան ֆիզիկական տարածքում, Նիկոլ Փաշինյանը՝ իր իշխանական սպասյակներով, նույնպիսի ներխուժում ու ավեր է գործում հայկականության հոգեբանական տիրույթում, որում հոգևոր Հայաստանի դեմ ասպատակում է նույնպիսի ջանասիրությամբ, ինչպիսի եռանդով հայկական լեռներում դիրքավորվում են ադրբեջանցի զինյալները։

Կարդացեք նաև

Այս համատետքսում դժվար է պատահականություն համարել այն, որ վերջին  տարիներին Հայաստանը վերածվել է թմրանյութերի տարածաշրջանային որջի։ Հասկանալի է, որ դա տիեզերական շահույթներ է ապահովում թավշյա թմրաբարոններին, որոնք, ըստ համառորեն շրջանառվող ու չհերքվող լուրերի, տարբեր թելերով կապված են իշխանությունների հետ։ Բայց խնդիրը միայն թմրանյութերի շրջանառության ֆինանսական կողմը չէ, այն ունի շատ ավելի վտանգավոր մեկ այլ ասպեկտ ու նպատակ։ Երիտասարդության և ոչ միայն երիտասարդության թմրանյութային էքստազը լավագույնս ծառայում է Նիկոլ Փաշինյանին, քանի որ թմրամիջոցների ազդեցության տակ գտնվող հասարակության ակտիվ հատվածն օդեղեն ժպիտով ու տոտալ անտարբերությամբ է հետևում այն ամենին, ինչ նա անում է Արցախի ու Հայաստանի, հայ ժողովրդի հետ։

Հայկականության դեմ պայքարում Նիկոլ Փաշինյանը հաջողել է այնքանով, որ «Հոգևոր Հայաստանը» վերածել է «Հոգեմետ Հայաստանի», որը մի կողմից՝ ապահովում է քաղաքական լոյալություն, մյուս կողմից՝ հսկայական ֆինանսական ռեսուրսներ։ Հատկապես, որ առջևում Երևանի քաղաքապետի ընտրություններ են։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս