Վճռաբեկի հուժկու համալրումը. ՔՊ-ին արժանին
Մարտի 28-ին հայտնի դարձավ, որ Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) Վճռաբեկ դատարանի դատավորների 3 թափուր տեղերի համար առաջադրել է 3-ական թեկնածու: Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի թափուր տեղի համար առաջադրվել են Արմեն Դանիելյանը, Ելիզավետա Դանիելյանը, Արսեն Նիկողոսյանը, հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի թափուր տեղի համար՝ Կարեն Աղաջանյանը, Լիզա Գրիգորյանը և Կարեն Թումանյանը, իսկ քաղաքացիական պալատի թափուր տեղի համար առաջադրվել են Վահագն Թորոսյանը, Լիլիթ Խաչատրյանը և Անի Մխիթարյանը:
Այսօր թեկնածուները ներկայացվում են Ազգային ժողովում (ԱԺ): Եվ թեպետ վաղուց հայտնի է՝ որ կազմից ով է դառնալու Վճռաբեկ դատարանի թեկնածու, անդրադառնանք այս պահին դեռևս Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին, ով ինքն իրեն այսօր ԱԺ-ում ներկայացնելիս ասաց՝ իր անցած ճանապարհն իրեն թույլ է տալիս առաջադրվել այդ բարձր պաշտոնում:
Այն, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է առաջադրել Արմեն Դանիելյանին, բնավ զարմանալի չէ, քանի որ վերջինս իրականացրել է ՔՊ-ականների ցանկությունը՝ կալանավորելով ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Եվ առհասարակ Արմեն Դանիելյանը սովորություն ունի անկատար չթողնել ոչ մի ՔՊ-ականի ցանկություն:
Արմեն Դանիելյանն իսկապես հասարակության լայն շրջանակներին հայտնի դարձավ Ռոբերտ Քոչարյանի դատավարության շրջանակներում, և առավելապես այն դրվագով, երբ խորհրդակցական սենյակ հեռացավ՝ կալանքի վերաբերյալ որոշում կայացնելու՝ առանց պաշտպանական կողմին լսելու: Նման դրվագներն այդ դատավարության ընթացքում բազմաթիվ էին, երբ Արմեն Դանիելյանն ուղղակի թույլ չէր տալիս, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները խոսեն:
Ընդհանրապես առանց անձի լսված լինելու իրավունքն ապահովելու մարդուն կալանավորելու պրակտիկան Արմեն Դանիելյանը բավականին հաճախ է կիրառում: Այսօր նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը նրան ԱԺ ամբիոնից այդ մասին հիշեցրեց:
«Դուք ինձ կալանավորել եք՝ առանց ինձ լսելու: Այդքան տղամարդկություն չեք ունեցել, որ նայեք իմ աչքերի մեջ ու ինձ կալանավորեք: Այն պահից, երբ հայտնի դարձավ, որ գործը Ձեզ է մակագրվել, ես վստահ էի, որ կալանավորվելու եմ»,- ասաց Արթուր Սարգսյանը:
Արթուր Սարգսյանի վերաբերյալ կայացրած կալանքի որոշումն Արմեն Դանիելյանի համար դարձավ կարգապահական վարույթ հարուցելու թեմա, ինչի մասին 168.am-ը գրել էր 2022թ. փետրվարի 12-ին:
«Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, մի շարք աղմկահարույց որոշումներով աչքի ընկած Արմեն Դանիելյանը, ով, ի դեպ, հրաժարվել էր քովիդով վարակված ժամանակ հանձնել իր վարույթում քննվող կալանքի գործերը, որոնք անհապաղ քննության ենթակա են, Արթուր Սարգսյանին կալանավորել է առանց ամբաստանյալի և նրա պաշտպանի՝ դատական նիստին ներկայության, միայն դատախազի ներկա գտնվելու պայմաններում: Եվ սա՝ այն դեպքում, երբ անձը գտնվել է ազատության մեջ, ժամկետներով սահմանափակված չի եղել»,- նշել էինք մեր հրապարակման մեջ:
Հատկանշական է, որ կալանքի նիստի օր Արմեն Դանիելյանը նշանակել էր՝ առանց պաշտպանական կողմին ու ամբաստանյալին ծանուցման, և հենց այդ հիմքով նաև պաշտպաններից մեկը դիմում է գրել դատավորին՝ խնդրելով հետաձգել նիստը և նշանակել մեկ ուրիշ օր: Արմեն Դանիելյանը, սակայն, նիստը հրավիրում է հենց այդ օրը ու այդ օրն էլ կալանավորում է Արթուր Սարգսյանին:
Արթուր Սարգսյանի պաշտպանական թիմը դիմել էր էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին, և չնայած մեծ դիմադրությանը, Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահի այն ժամանակվա ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի և Վերաքննիչ քրեական դատարանի տվյալ շրջանում նախագահ Տիգրան Սահակյանի գործադրած անօրինակ ջանքերին, կարգապահական վարույթն Արմեն Դանիելյանի նկատմամբ, այնուամենայնիվ, հարուցվել էր:
ԲԴԽ-ն, սակայն, 2022թ. մայիսի 12-ին մերժեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը. բնականաբար, իշխանությունների սիրելի Արմեն Դանիելյանին «փուռը չէին տալու»:
Ի դեպ, Արմեն Դանիելյանի ելույթը դուր չեկավ ՔՊ-ականներին, ովքեր Արթուր Սարգսյանի ելութից հետո քաշքշուկ սադրեցին, որը հետո շարունակություն ունեցավ թե նիստերի դահլիճում, թե ԱԺ միջանցքում:
Սադրանքի հեղինակը, ի դեպ, ՔՊ-ական Հովիկ Աղազարյանն էր, ով Արթուր Սարգսյանին էր դիմել պատգամավորին ոչ հարիր բառապաշարով, ինչը, բնականաբար, Արթուր Սարգսյանն անպատասխան չթողեց:
Եվ վերջում. Արմեն Դանիելյանը պատրաստվում է դառնալ Վճռաբեկ դատարանի դատավոր, ա՛յն դատարանի, որը բեկանել էր նրա իսկ կայացրած դատական ակտը՝ արձանագրելով, որ դատավոր Արմեն Դանիելյանը թույլ է տվել էական դատավարական խախտումներ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ:
Հիշեցնենք, որ 2019 թ. մայիսի 20-ին առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը, բավարարելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը, կասեցրել էր գործի վարույթը և դիմել ՀՀ Սահմանադրական դատարան Քրեական օրենսգրքի 300․1-րդ հոդվածի սահմանադրականության վերաբերյալ։
Դատախազ Պետրոս Պետրոսյանը և տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը վերաքննիչ բողոքներ էին ներկայացրել, որոնք բավարարվել էին Արմեն Դանիելյանի 2019 թ. հունիսի 25-ի որոշմամբ։ Մինչդեռ և՛ բողոքներ ներկայացնելուց առաջ, և՛ հենց վերաքննիչ քրեական դատարանում պաշտպանական կողմը պնդել էր, որ Սահմանադրական դատարան դիմելու հարցն առհասարակ չէր կարող քննության առնվել Վերաքննիչ դատարանի կողմից։
Վճռաբեկ դատարանը, 2021 թվականի մարտի 17-ին քննության առնելով Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների վճռաբեկ բողոքը Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի դատական ակտի դեմ, գտել էր, որ առաջին ատյանի դատարանի՝ ՍԴ դիմելու որոշումը չէր կարող քննության առնվել վերաքննիչ քրեական դատարանի կողմից։ Վճռաբեկ դատարանը համաձայնել էր պաշտպանների հետ և ուղղակի արձանագրել, որ առաջին ատյանի դատարանի կողմից բարձրացված սահմանադրաիրավական վեճը ենթակա էր հաղթահարման բացառապես Սահմանադրական դատարանի կողմից, հետևաբար՝ դատավոր Գրիգորյանի կողմից՝ 300․1 հոդվածի հետ կապված ՍԴ դիմելու և ՍԴ-ի կողմից այն քննության առնելու վերաբերյալ բոլոր շահարկումները ոչ միայն հիմնազուրկ էին, այլև էական դատավարական խախտում:
168.am-ի հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Հովհաննես Խուդոյանը նկատեց՝ կարծում եմ՝ ամենաճիշտ որոշումն է Արմեն Դանիելյանին Վճռաբեկ դատարան տանելը:
«Որովհետև նախ Վերաքննիչ դատարանում իրեն ավելի քիչ կհանդիպենք, և, բացի դրանից, առանձնապես տարբերություն չկա իր և Վճռաբեկ դատարանի որակների միջև»,- ասաց Հովհաննես Խուդոյանը: