Հնարավո՞ր է՝ խաղաղության պայմանագիր չկնքվի, և լինի նոր պատերազմ՝ հնարավոր է. Հակոբ Արշակյան
ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն այսօր խորհրդարանում պատասխանեց լրագրողներին առավելապես հետաքրքրող այն հարցին, որը վերաբերում էր երկու օր առաջ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարությանը, որ պատրաստ է ճանաչել Ադրբեջանի 86.600 քկմ տարածքային ամբողջականությունը, որի մեջ ներառված է նաև Արցախը։
Ըստ Հակոբ Արշակյանի՝ հարցը վերաբերում է Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերություններին, և խաղաղության պայմանագիրը կնքվելու է այդ երկու սուբյեկտների միջև։
«Հայաստանը հանդես է գալիս այն դիրքից, որ մենք որևէ տարածքային պահանջ չունենք որևէ հարևանից, այդ թվում՝ Ադրբեջանից։ Սա նշանակում է, որ մենք անհրաժեշտություն ունենք ճշգրտել պետական սահմանները և այն տարածքները, որոնք մեր պետություններին են պատկանում։ Խնդիրը հետևյալն է, որ խաղաղության պայմանագրի տրամաբանությունը կոնկրետ այդ հարցի շրջանակներում, այո, Հայաստանն ասում է, որ 86.600 քկմ տարածք… այսինքն՝ թվերի մասին խոսելով, մենք խոսում ենք կոնկրետության մասին։
Այս ամենի մեջ Արցախի հարցի ամբողջական ընկալումը հետևյալն է՝ արցախահայության իրավունքների և անվտանգության կապակցությամբ պիտի ստեղծվի միջազգային ֆորմատ, որտեղ երկխոսության մեջ պետք է մտնեն Ստեփանակերտը և Բաքուն»,- նշեց Հակոբ Արշակյանը։
Ըստ նրա, եթե Արցախը խոսում է իր իրավունքների մասին, ինքը ներկա է այդ սեղանի շուրջ, և բանակցությունների տրամաբանությունն այդ առումով փոխվել է այն ժամանակներից, երբ Արցախը բացակայում էր բանակցություններից։
«Այն պահից, երբ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը սկսել է բանակցել Արցախի անունից՝ որպես ՀՀ նախագահ, անուղղակիորեն պարզվել է այնպես, որ Հայաստանը տարածքային վեճ ունի Ադրբեջանի հետ։ Հիմա մենք ասում ենք, որ տարածքային վեճ չունենք Ադրբեջանի հետ, փոխադարձաբար ճանաչում ենք միմյանց տարածքային ամբողջականությունը»,- շեշտեց Հակոբ Արշակյանը։
Միաժամանակ նա ընդգծեց, որ այս պահին քննարկվում է խաղաղության պայմանագիրը, բայց այնպես չէ, որ ինքն այդ պայմանագրի ուղիղ քննարկողն է. այն քննարկում են Անվտանգության խորհուրդը, Նիկոլ Փաշինյանը և արտգործնախարարությունը։
«Հնարավո՞ր է, որ խաղաղության պայմանագիրը չստորագրվի, կարող եմ ասել՝ հնարավոր է, հնարավո՞ր է, որ լինի նոր պատերազմ, կասեմ՝ հնարավոր է»,- հարցերից մեկին ի պատասխան՝ եզրափակեց ԱԺ փոխնախագահը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում