«Հակոբ Արշակյանը ռազմական հանցագո՞րծ է, թե՞ պետական դավաճան. սա էի ուզում իմանալ». Էդգար Ղազարյան

Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանն այսօր ԱԺ-ում քաղաքացիների ընդունելության շրջանակներում պետք է հանդիպեր ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի հետ։ Սակայն հանդիպումը տեղի չունեցավ, քանի որ Էդգար Ղազարյանին տեղեկացրեցին, որ ԱԺ փոխնախագահը նպատակահարմար չի համարում իրեն ընդունել։

Հանդիպմանն Էդգար Ղազարյանը պատրաստվում էր Հակոբ Արշակյանի հետ քննարկել Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտ հայտնելու գործընթացը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ պետք է հանդիպում լիներ ԱԺ մյուս փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի հետ, նույն պատճառաբանությամբ կրկին հանդիպումը տեղի չունեցավ:

Ըստ Էդգար Ղազարյանի, Հակոբ Արշակյանը, հետևելով Ռուբեն Ռուբինյանի օրինակին, կատարեց ենթադրյալ հանցագործություն։

Կարդացեք նաև

«Մենք բոլորս միասին լսեցինք ԱԺ պատասխանատու աշխատակցի հայտարարությունը՝ Հակոբ Արշակյանը չի ցանկանում ընդունելության արժանացնել Էդգար Ղազարյանին։ Ընդ որում, ընդգծելով՝ քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանին։

Ինձ համար, ճիշտն ասած, սպասելի չէր, մտածում էի, որ հանրային ծառայողները, ովքեր պաշտոն են զբաղեցնում, պարտավոր են կատարել իրենց պարտականությունները, բարեխղճություն ցուցաբերել և կազմակերպել այն ընդունելությունը, որն իրենք են հայտարարել։

Հակոբ Արշակյանն ուղղակի հեշտացրեց Գլխավոր դատախազի գործը, որովհետև երկուշաբթի ես հանցագործության մասին հաղորդում կտամ։ Եթե դատախազը միջնորդությամբ գա ԱԺ՝ անձեռնմխելիությունից զրկելու համար, մեկ այցով նա միջնորդություն կներկայացնի 2 պատգամավորների համար»,- լրագրողների հետ զրույցում նշեց Էդգար Ղազարյանը։

Նա նաև մանրամասնեց, թե ինչ հարցեր պետք է տար Հակոբ Արշակյանին՝ շեշտելով, որ նա ընդգրկված է Ալեն Սիմոնյանի որոշմամբ ստեղծված և իր կողմից ղեկավարվող ՀՀ և Արցախի Հանրապետության ԱԺ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի կազմում։

«Ուզում էի հասկանալ, թե ինչ գործունեություն են ծավալում այդ հանձնաժողովում, երբ տեղի կունենա հաջորդ նիստը և ինչ օրակարգով։ Հակոբ Արշակյանն ընդգրկված է եղել 2026 թվականի մայիսին ՔՊ կամավորական ջոկատի կազմում, որն իր կենսագրական տվյալների մարտական հերաթափոխություն է իրականացրել Արցախի Մարտակերտի շրջանում։ Եվ ես ուզում էի իմանալ՝ պարոն Արշակյանը, ըստ իր հայտարարությունների՝ ռազմական հանցագո՞րծ է, թե՞ պետական դավաճան»,- ընդգծեց Էդգար Ղազարյանը։

Հիշեցնենք, որ ապրիլի 28-ին «Արթուն ենք» հանրային շարժումը Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու գործընթաց է հայտարարել, այդ առիթով ԱԺ 107 պատգամավորներին անհատական նամակներ են փոխանցվել՝ գործընթացը քննարկելու վերաբերյալ։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս