Դե եկե՛ք, դռները փակենք, գնանք, եթե պետությունը շարունակելու է այսպես վարվել գիտնականների հետ. Գևորգ Սաֆարյան
Կառավարության ապրիլի 21-ին նիստում գործադիրը հավանության է արժանացրել «Ակադեմիական քաղաք» հիմնադրամ ստեղծելու մասին նախագիծը, որն էլ վերահսկելու է «Ակադեմիական քաղաք» նախագծի իրականացումը, ինչից հետո հայաստանյան բոլոր բուհերը պետք է տեղափոխվեն Աշտարակի խճուղում կառուցվելիք «Ակադեմիական քաղաք», իսկ բուհերը կօպտիմալացվեն, ինչի արդյունքում կունենանք 8 բուհ։
Գիտնականների և գործարարների համախմբում ներկայացնող «Գիտուժ» նախաձեռնությունն օրերս տարածեց հայտարարություն՝ բարձրաձայնելով «Ակադեմիական քաղաք» նախագծի և գիտության քաղաքականության մեջ վերջին զարգացումների վերաբերյալ իր լրջագույն մտահոգությունները և այն հիմնավոր հարցերը, որոնց պատկան մարմինները պարտավոր են պատասխանել՝ մինչև ցանկացած գործընթացի մեկնարկը։
168 TV-ի «Ռեվյու» հաղրոդաշարի եթերում «Գիտուժ» նախաձեռնության անդամ, Earlyone ընկերության հիմնադիր Գևորգ Սաֆարյանն ընդգծեց՝ «Ակադեմիական քաղաք»-ի հետ կապված կան բազմաթիվ խնդիրներ, որոնցից ամենակարևորը նախագծի բովանդակության անորոշությունն է։
Ըստ Սաֆարյանի՝ հստակ չեն Կառավարության մշակած «Ակադեմիական քաղաք» ստեղծելու նախագծի ո՛չ նպատակները, ո՛չ ուղղությունները. չկա նաև հարցի պատասխանը, թե ինչի՞ համար է Կառավարությունը գնում նման քայլի, փոխարենը՝ այս բոլոր անորոշություններն ուղղորդվում են մեկ այլ վտանգավորը գործընթացով՝ քանդում են առկա համակարգը։
«Հետևապես, եթե Կառավարությունը խնդիր է դրել ընդամենը շինարարական պրոյեկտ իրականացնել, դա կարող է անել, բայց դրա մեջ գիտությունը բացակայում է։ Պետությունն այսօր էլ շարունակում է գիտնականի առջև խնդիր չդնել։ Գիտնականի առջև դրված չէ նպատակ, ինչի հետևանքով գիտությունը տնտեսությանը չի կարողանում ծառայել։ Այս բոլոր խնդիրներին զուգահեռ, փոխանակ պետությունը գիտնականի առջև խնդիր ձևակերպի, գնում է ռիսկային մեկ այլ քայլի՝ քանդելով գործող գիտական ինստիտուտները, առհասարակ՝ առկա համակարգը։ Պետությունը արդյունքը կտեսնի միայն այն ժամանակ, երբ խնդիր ձևակերպի գիտնականի համար, հակառակ դեպքում չի ստացվելու, եկեք բոլորս դռները փակենք, գնանք, որովհետև ոչ մի բան էլ չի լինելու. եթե պետությունն այդպես շարունակի, գիտնականը չի կարող արդյունավետ լինել»,- ասաց Սաֆարյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։