Բաժիններ՝

Կան անձինք, որոնց անուններով կոչված են փողոցներ, որոնք մասնակցել և կազմակերպել են հայերի զանգվածային գնդակահարություններ. Տիգրան Ավինյան

Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի Նորքի 4-րդ փողոցը (սկսվում է Արա Հարությունյան փողոցից, հասնում Նորքի 13-րդ փողոց) կանվանակոչվի հայ քանդակագործ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Երեմ Վարդանյանի անվամբ` «Երեմ Վարդանյան փողոց»:

Նախագիծը զեկուցեց ավագանու անդամ Նուարդ Վարդանյանը: Որոշումն ընդունվեց 48 կողմ, 0 դեմ և 6 ձեռնպահ ձայներով:

Սակայն ավագանու անդամ Էռնեստ Ավանեսովը հարցեց՝ մի քիչ շատ չե՞ն անվանափոխում փողոցները:

«Ամեն նիստին փաթեթներով գալիս են: Մենք մարդկանց նեղություն ենք տալիս: Բնակիչներն առնվազն մեկ անգամ պետք է գնան Անձնագրային և վիզաների վարչություն, որպեսզի հասցեների փոփոխություն արվի: Շատ մարդիկ կան, որ կարելի է նրանց անունով փողոցներ կոչել»,- ասաց Ավանեսովը:

Կարդացեք նաև

Նուարդ Վարդանյանն էլ նշեց. «Ինչի՞ վրա եք ապշում. որ ավագանին կատարում է ավագանու գործունեությո՞ւն: Փողոցները որ հիմա անվանակոչվում են, բոլորը համարակալված են: Ոչ մի անվանափոխություն չի լինում: Ի՞նչ ա նշանակում՝ փողոցները թողեք, մի քիչ էլ ուրիշներն անվանակոչեն: Թողնում եմ, անվանակոչեք»:

Զեկուցողի պատասխանն առաջացրեց Էռնեստ Ավանեսովի դժգոհությունը: «Կներեք, տուն-տունիկ ենք խաղում՝ դա անելով»,- նշեց նա:

«Իմ քայլի» ավագանու անդամ Լևոն Զաքարյանն էլ տեղեկացրեց, որ անձնագիրը փոխելու ժամանակ նոր հասցեն փոխվում է, մինչ այդ հին հասցեն է մնում:

«Լույս» խմբակցության ավագանու անդամ Դավիթ Խաժակյանն էլ առաջակեց անդրադառնալ նաև անվանափոխություններին. «Այն փողոցը, որտեղ ես էի ապրում, Միխայիլ Ֆրունզեի փողոցն էր, և, եթե կարդանք իր կենսագրությունը, կարող է ամաչենք, որ Երևանում նման փողոց ունենք: Առաջարկում եմ նաև անվանափոխություններին անդրադառնալ»:

Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ևս անդրադարձավ հարցին՝ ընդգծելով, որ Երևանն ապրող և շնչող օրգանիզմ է, իրականացվում են լայնածավալ աշխատանքներ, կառուցվում նոր փողոցներ, որոնք համարակալված են դեռևս:

«Անվանակոչումներն ունեն դաստիարակչական և մշակութային նպատակ: Սա, վստահաբար, պետք է շարունակվի: Միգուցե նաև անվանափոխությունների հարցերին պետք է անդրադառնանք, որովհետև վստահաբար կան անձինք, որոնց անուններով կոչված են փողոցներ, որոնք մասնակցել և կազմակերպել են հայերի զանգվածային գնդակահարություններ»,- նշեց Տիգրան Ավինյանը:

Տեսանյութեր

Լրահոս