Հնդկաստանի վարչապետն անհրաժեշտ է համարում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխումը
Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների առաջնահերթությունը պետք է լինի ՄԱԿ-ի բարեփոխումը, որպեսզի Գլոբալ Հարավի ձայնը լսելի լինի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում։ Ինչպես տեղեկանում ենք ТАСС գործակալությունից, այդ մասին Հնդկաստանի կառավարության ղեկավար Նարենդրա Մոդին հայտարարել է «Հնդկաստանի և Խաղաղօվկիանոսյան կղզիների համագործակցության ֆորումի» (Forum for India-Pacific Islands cooperation, FIPIC) գագաթնաժողովի բացմանը: Այն անցկացվում է Պապուա Նոր Գվինեայում։
«Ինչպես և դուք, մենք հավատում ենք բազմակողմանիությանը, անշահախնդիր, անկեղծ և ներառական աջակցությանը Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանին, բոլոր երկրների ինքնիշխանության և ամբողջականության հարգանքին: Գլոբալ Հարավի ձայնը պետք է հնչի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարձունքում: Դրա համար միջազգային ինստիտուտների բարեփոխումը պետք է դառնա մեր ընդհանուր առաջնահերթությունը», – ասել է Մոդին, որի ելույթի տեքստը մեջբերում է Հնդկաստանի ԱԳՆ-ն։
Հնդկաստանի վարչապետը նաև ասել է, որ մտադիր է ներկայացնել «Գլոբալ Հարավի», այդ թվում՝ Խաղաղ օվկիանոսի կղզի պետությունների շահերը միջազգային ինստիտուտներում, ինչպիսին «Մեծ քսանյակն» է (G20):
««Մեծ քսանյակում» այս տարի մեր նախագահության թեման` «Մեկ Երկիր, մեկ ընտանիք, մեկ ապագա», նույնպես հիմնված է այդ գաղափարախոսության վրա: Հունվարին մենք կազմակերպեցինք «Գլոբալ հարավի ձայնը» գագաթնաժողովը, որին մասնակցեցին ձեր ներկայացուցիչները, հայտնեցին իրենց մտքերը: Հնդկաստանն իր պարտքն է համարում Գլոբալ հարավի մտահոգությունները, ակնկալիքներն ու ձգտումները հայտնել աշխարհին G20-ի միջոցով», – ասել է Մոդին։
Հնդկաստանը ձգտում է ՄԱԿ-ի բարեփոխմանը, այդ թվում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամի կարգավիճակ ստանալուն: Նյու Դելիում կարծում են, որ դա հնարավորություն կընձեռի լայնորեն ներկայացնելու Գլոբալ Հարավի (այդպես պայմանականորեն կոչվում են Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրները, Խաղաղ օվկիանոսի կղզի երկրները, ինչպես նաև Ասիայի զարգացող երկրները) շահերն այդ միջազգային մարմնում:
FIPIC-ը կազմակերպություն է, որն ստեղծվել է 2014 թվականին՝ զարգացնելու համագործակցությունը Հնդկաստանի և Խաղաղօվկիանոսյան կղզիների 14 պետությունների միջև, որոնց թվում են Կուկի կղզիները, Ֆիջին, Կիրիբատին, Մարշալյան կղզիները, Միկրոնեզիան, Նաուրուն, Նիուեն, Սամոան, Սողոմոնյան կղզիները, Պալաուն, Պապուա Նոր Գվինեան, Տոնգան, Տուվալուն և Վանուատուն: