Պատերազմից հրաժարվելու ելքը ԼՂ-ն Ադրբեջանի կազմից դուրս չտեսնելն էր. 2021 թ ընտրություններին «Անջատում հանուն փրկության խոստում» տված Փաշինյան

Նիկոլ Փաշինյանի հրավիրած ասուլիսի ժամանակ լրագրողները նրան հիշեցրին, թե ինչպես է նա տարբեր ժամանակներում, մասնավորապես՝ 2021-ի նախընտրական շրջանում Արցախի խնդրի կարգավորման տարբեր լուծումներ առաջարկել, այդ թվում՝ «անջատում՝ հանուն փրկության», և չի ասել, որ Արցախն Ադրբեջանի կազմում չլինելու հնարավորություն չկա, ինչն ասում է այսօր: Այսինքն, Նիկոլ Փաշինյանը խաբել է իր ընտրողներին:

Փաշինյանը նախ պատասխանեց, որ 2021 թվականի ընտրությունների առանձնահատկությունն այն էր, որ քաղաքացիները հավասար ասողի դերում են եղել, ինչը տեսել է իր շփումներում, և խաղաղության օրակարգը ձևավորվել է այդ շփումների ընթացքում:

«Այն, ինչ մենք այսօր ասում ենք, ասում ենք մեր նախընտրական խոստումների հետևից գնալու արդյունքում, դրանց իրագործման ճանապարհը փնտրելու կամ մեր պատկերացրած ճանապարհով գնալու արդյունքում: Ասում եք՝ «անջատում՝ հանուն փրկության», անջատում ումի՞ց: Մեր պրոբլեմը եղել է այն, որ միշտ արձանագրել ենք ճշմարտության կամ բանաձևի մի հատվածը միայն: Հիմա անջատում ումի՞ց, ումի՞ց անջատում»,- ասաց Փաշինյանը և հավելեց, որ ինչ-որ առումով վերանայում են իրենց անցած ճանապարհը, թե ինչը պետք է այնտեղ այլ կերպ անեին, որ գուցե չեն արել:

Նա կոչ արեց համեմատել աշխարհաքաղաքական իրավիճակը 2021-ի հունիսին և այսօր.

«Տարածքային ամբողջականության սկզբունքը դարձել է միջազգային հարաբերությունների 1-10-րդ ըստ կարևորության սկզբունքը, դրանից հետո նոր մյուսները հերթով շարվում են: Չնայած այնպես չէ, որ նախկինում էլ հարաբերակցությունն այդպիսին չի եղել: Ես ինքնորոշմանն էլի անդրադարձել եմ, ինքնորոշում որտեղի՞ց: Ես նաև խոսել եմ 1990-ականների հայեցակարգի մասին, նաև 2007-ին մադրիդյան սկզբունքներով արձանագրված հայեցակարգի մասին: 2007-ին, օրինակ, խելացի կամ գուցե խորամանկ կլիներ՝ կանգնել և բանակցային փաթեթը կարդալ: Բայց դա կլիներ միջազգային սկանդալ և բանակցությունների ավարտ, որովհետև կնշանակեր, որ բանակցությունների ամբողջ բովանդակությունը բացահայտված է, և այդ փաստի բերումով դա կդառնար ձգան պատերազմի համար:

Բայց նաև կա սոցիալ-հոգեբանական ու բարոյական կողմը: 2018-ի դրությամբ հնարավոր չէր լիարժեք կանխատեսելի ընթացք ունենալ, եթե Հայաստանը չէր հրաժարվում ԼՂ-ն Ադրբեջանի կազմից դուրս տեսնելու տեսլականից: Ի՞նչ պետք է անեինք, որ իրադարձություններն ընթանային շատ կանխատեսելի տրամաբանությամբ: Ասենք, օրինակ, պատերազմը բացառելու տրամաբանությամբ, պետք է այդ տեսլականից հրաժարվեինք: Ես և մենք չէինք կարող դա անել, որովհետև դա առնվազն նշանակում էր արձանագրել մի քանի տասնամյակ ՀՀ ժողովրդի կրած զոհողությունների անիմաստությունը: Գուցե պետական գործչի պարտքն էր՝ գալ ու դա ասել: Բայց պետական գործիչը ներքին համոզմունք պետք է ունենար, որ դա է ճիշտը»,- մանրամասնեց Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս