Թուղթը ստորագրողը մեկ մարդ է՝ դատավորը. չես կարող ճնշումներին դիմագրավել, գնա ուրիշ բան աշխատի. Մելիքյան
44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մորը` Գայանե Հակոբյանին, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի առաջին ատյանի դատարանից արդեն տեղափոխել են կալանավայր. լրագրողներին հայտնել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Անգամ մեկ րոպե մեզ հնարավորություն չէին ուզում տալ, որ մենք մեր վստահորդին բացատրեինք՝ ինչ որոշում է կայացվել, շատ տհաճ էր, մեղմ եմ ասում: Անգամ չէին թույլ տալիս, որ որոշումը ստանար, ասում ենք՝ էս մարդը պետք է որոշումը ստանա: Մի կերպ որոշումը ստացավ»,- նշել է նա և հայտնել, որ իրավական բոլոր ընթացակարգերն ապահովվելու են:
«Մենք անելու ենք, բայց ցանկացածը թող որոշի՝ իրավակա՞ն է այս գործընթացը, թե՞ ոչ: Մենք հո գիտեինք, որ այստեղ խնդրահարույց է, բայց բոլոր հնարավոր տարբերակները տվեցինք: Տվեցինք երաշխավորության տարբերակը, 10 միլիոն և ավելի գրավի միջնորդություն, առաջարկեցինք տնային կալանքի տարբերակը, բոլոր հնարավոր տարբերակները դատարանի սեղանին էին: Մեզ բոլորիս համար կյանքը տված երեխայի մայրը կալանավորված է, տարբերություն չկա՝ մե՞կ ամսով, թե՞ երկու ամսով»,- նշել է Մելիքյանը:
Արդյո՞ք դատավորի վրա ճնշում եղել է՝ հարցին Ռուբեն Մելիքյանը պատասխանել է. «Թուղթը ստորագրողը մեկ մարդ է՝դատավորը, և թող որևէ մեկը երբևէ չմտածի, որ որևէ ճնշմամբ ինքն արդարացում է ունենալու: Եթե չես կարող դատավոր աշխատել, գնա ուրիշ բան աշխատի»:
Մանրամասները՝ տեսանյութում