Եթե եկեղեցին ուզում է քաղաքականությամբ զբաղվել, ոչինչ չի խանգարում` կուսակցություն ստեղծեն. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում՝ Դիլիջանի Պարզ լճի տարածքում, հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցներին, պատասխանել նրանց հարցերին:
Աշակերտներից մեկի հարցին, թե ինչպիսին են ներկա փուլում պետություն-եկեղեցի հարաբերությունները, Փաշինյանը պատասխանել է՝ երբ պետությունն ու եկեղեցին միախառնվում են իրար, դրանից ավելի վտանգավոր բան չկա:
«Պետությունը պետք է զբաղվի իր գործով, եկեղեցին՝ իր: Չնայած պետք է ասել, որ դրանք ստերիլ միշտ չէ, որ իրարից տարբերակվում և տարանջատվում են, շատ հարցեր կան, որ խաչվում են: Օրինակ, Հայ Առաքելական եկեղեցին ուզում է՝ մի շարք ապրանքներ, որ ներմուծվում են իր կարիքների համար, դրանք ճանաչվեն բարեգործական, և մաքսային ու այլ վճարների չենթարկվեն, մասնավորապես, պարաֆինը, որից մոմ են պատրաստում: Մենք այդտեղ սկզբունքային լուրջ խնդիրներ ենք տեսնում: Առաջին, եթե պարաֆինը մենք համարում ենք այս բարեգործական ծրագրի մաս, ուրեմն՝ մոմը չպետք է վաճառվի: Մենք ասում ենք՝ շատ լավ, մենք պատրաստ ենք դա անել, բայց ուրեմն մոմը մի վաճառեք, գանձանակ դրեք, հավատացյալները թող գան, մոմը վերցնեն, ով ինչքան կցանկանա, թող այնքան գանձանակում գումար գցի: Որովհետև օրենքն ասում է՝ եթե բարեգործական է, դու չես կարող դրանից գումար կամ շահույթ ունենալ: Երկրորդ տարբերակը, որ մոմն ամբողջությամբ վաճառվի, արձանագրվի, համապատասխան հարկերը վճարվի պետական բյուջե, բայց մենք ասում ենք՝ վճարված հարկերը, դեռ մի բան էլ ավելի, կվերադարձնենք եկեղեցուն: Այսինքն, կառավարությունը պետական բյուջեի համար ոչ մի բան չի պահի»,- շարունակել է Փաշինյանը:
Փաշինյանի խոսքով, եթե եկեղեցում մոմը չվաճառվի, դրանից եկեղեցին ավելի կշահի, այս դեպքում ավելի շատ գումար կհավաքվի, քան մոմի վաճառքից:
Ի դեպ, Փաշինյանն առանց անունը տալու՝ նշել է, որ այս սկզբունքով գործող մեկ եկեղեցի գիտի:
«Մեր սկզբունքն այն է, որ եկեղեցու հետ հարաբերությունները պետք է լինեն իրավական, օրինական, ՀՀ Սահմանադրության և օրենսդրության շրջանակներում: Բայց կա նաև հետևյալ հանգամանքը. եթե եկեղեցին ուզում է քաղաքական գործունեություն ծավալել, Հայաստանը ժողովրդավարական երկիր է, կարող է նաև քաղաքական գործունեություն ծավալել, ոչ մի բան չի խանգարում, որ կուսակցություն ստեղծեն ու դրա շրջանակներում նաև քաղաքական գործունեություն ծավալեն, ինչը, կարծում եմ, ավելի ազնիվ կլինի, և ընտրողների առաջ էլ, և այլ քաղաքական մրցակիցների հետ էլ կլինեն նույն հարթության վրա: Բայց եկեղեցին չի կարող բարձր լինել պետությունից, չի կարող»,- շեշտել է Փաշինյանը:
Ի դեպ, NEWS.am-ի հարցմանն ի պատասխան՝ Մայր Աթոռից արձագանքել են Փաշինյանի հայտարարությանը:
«Եթե ոմանք ուզում են եկեղեցագիտությամբ զբաղվել, կարող են փորձել ընդունվել Հոգևոր ճեմարան, եթե, իհարկե, հաղթահարեն ընդունելության համար սահմանված կրթական շեմը և համոզիչ փաստարկներ ներկայացնեն առողջական բարվոք վիճակի վերաբերյալ»,- ասել է Մայր Աթոռի Դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը:
Իսկ պետություն-եկեղեցի հարաբերությունների մասին հարցի հեղինակը հիշեցնելով Առաջին նախագահի տեսակետը, որ ազգային գաղափարախոսությունը կեղծ քաղաքական կատեգորիա է, հետաքրքրվել է՝ ինչ է այս մասին կարծում ինքը՝ Նիկոլ Փաշինյանը:
«Որոշակի տերմինների մեջ պետք է տարբերակում մտցնենք՝ ազգ-ժողովուրդ-պետություն: Շատ երկրներում այդ հասկացությունները համարյա նույնացած են, մեր իրականության մեջ այդպես չի: Ժողովուրդը պետականաստեղծ միավորումն է, մարմինը՝ սահմանադիր: ՀՀ սահմանադրության մեջ գրված է՝ ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին, և սա՝ անօտարելի ձևով: Եվ որևէ խմբի կամ անհատի կողմից իշխանության յուրացումը համարվում է հանցագործություն: ժողովուրդը պետական հասկացություն է, ազգը՝ էթնիկ: Մեր քաղաքականությունը պետք է լինի այնպես, որ ազգ և ժողովուրդ հասկացություններն ինչ-որ ձևով նույնականանան, հատկապես, երբ ունենք երկքաղաքացիության հնարավորություն: Մենք այդ ազգային գաղափարախոսության վերնագիրը գուցե պետք է փոխենք և դարձնենք պետական գաղափարախոսություն»,- մանրամասնել է Փաշինյանը՝ ակնարկելով, որ տարածաշրջանում «մեր կողքի տների հետ հարաբերությունները պետք է կարգավորենք այնպես, որ այդտեղով անցնել-դառնալիս, հյուր հրավիրելիս, հյուր գնալիս՝ անընդհատ պրոբլեմների և կենսական սպառնալիքների ներքո չլինենք»: