ԲՏԱ նախարարությունը արդեն իսկ մշակել է հանրային թվային ծառայությունների 14 ստանդարտ. Ռոբերտ Խաչատրյան
Հայաստանի կառավարության առաջնահերթություններից է պետական կառավարման բոլոր ոլորտներում գիտելիքի և տեխնոլոգիաների հիման վրա հասանելի, արդյունավետ, անվտանգ և հուսալի ծառայությունների ապահովումը, որն ուղղված կլինի Հայաստանի տնտեսության զարգացմանը և բնակչության կյանքի որակի բարձրացմանը։ Yerevan Tech Forum-ի բացման արարողության ժամանակ այս մասին ասաց ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը։
«Այս ուղղությամբ իրականացված աշխատանքներից ամենակարևորը համարում ենք Հայաստանի թվայնացման 21-25 թվականների ռազմավարության ընդունումը, որտեղ սահմանված են զարգացման հիմնական ուղղությունները, թվայնացման միասնական ստանդարտները և հիմնարար պայմանները, ինչը հնարավորություն կտա, որ տարբեր համակարգեր միասին արդյունավետ համակեցված լինեն և աշխատեն»,- ասաց Խաչատրյանը։
Նախարարը հայտնեց, որ այս պահի դրությամբ որոշակի գործընթացներ արդեն իսկ թվայնացված են, բայց ապահովված չի այդ փոխգործելիության սկզբունքը, որի ուղղությամբ այժմ աշխատանքներ են իրականացվում։
«Նախարարությունն արդեն իսկ մշակել է հանրային թվային ծառայությունների 14 ստանդարտ և դրանց կիրառման ուղեցույցները։
Ստեղծվել է Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն հիմնադրամը, որը պետք է համակարգի երկրում տեղի ունեցող թվայնացման գործընթացը և որը շատ մեծ ուշադրություն է դարձնում իմ նշած փոխգործելիության սկզբունքի պահպանմանը։
Ընթացքի մեջ են նաև թվային նույնականացման համակարգերի բարեփոխումների գործընթացը և մշակման փուլում են գտնվում կիբերանվտանգության և տվյալների քաղաքականության ձևավորման հայեցակարգերը, որոնք պետք է լինեն այն հիմքը, որի վրա կառուցվելու է թվայնացման գործընթացը։ Կարծում եմ՝ կհամաձայնեք ինձ հետ, որ թվայնացումը առանց կիբերանվտանգության հնարավոր չէ պատկերացնել»,- ասաց Խաչատրյանը։