Սերգեյ Սմբատյանը նշանակվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշանակվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան։ Այս մասին տեղեկանում ենք Սմբատյանի «ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում կատարված գրառումից:
«Ուրախությամբ ուզում եմ կիսվել ձեզ հետ իմ` ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան նշանակվելու կարևոր լուրով:
Հայաստանում և ամբողջ աշխարհում երեխաների իրավունքների, բարեկեցության և երազանքների պաշտպանության համար այս ուշագրավ ուղին սկսելը մեծ պատիվ է և բավականություն։
Այս դերը մեծապես արտահայտում է իմ ներքին մղումն ու ցանկությունը՝ դրական ազդեցություն թողնելու նոր սերնդի կյանքում։
ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ միասին ես հանձն եմ առնում աշխատել խոչընդոտները հաղթահարելու և յուրաքանչյուր երեխայի համար զարգանալու հավասար ու հասանելի պայմաններ ստեղծելու ուղղությամբ:
Ստանձնելով այս կարևոր պաշտոնը` իմ երախտագիտությունն եմ հայտնում ՅՈՒՆԻՍԵՖ-ին վստահության համար և գիտակցում դրան ուղեկցող հսկայական պատասխանատվությունը։
Երեխաները մեր ապագայի ճարտարապետներն են, և ես խորապես հավատում եմ, որ ներդրում կատարելով նրանց բարեկեցության մեջ և զարգացնելով նրանց ներուժը` մենք կարող ենք ավելի բարեկեցիկ աշխարհ ձևավորել գալիք սերունդների համար: Շնորհակալություն ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան», – գրել է նա։