Կանեփի արտադրության համար Հայաստանում միջավայրը գրավիչ չէ. Վահան Քերոբյան

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի մեկնաբանությամբ՝ Առողջապահության նախարարության առաքելությունը մարդկանց առողջության պահպանումն է, իսկ Էկոնոմիկայի նախարարության առաքելությունը՝ տնտեսության զարգացումը։

«Մեր գլխավոր նպատակներից մեկը տնտեսության արդիականացման ծրագիրն է՝ մեկ տարվա ընթացքում 100 մլրդ դրամի տնտեսական արդյունք է տվել։ Այսինքն՝ 100 մլրդ դրամի սարքավորումներ են ձեռք բերել այն ընկերությունները՝ մոտ 1690 ընկերություն, որոնք արդիականացրել են իրենց սարքավորումները, նոր հոսքագծեր են դրել, ավտոմատացրել են իրենց պրոցեսները։ Հիմա Առողջապահության նախարարության համար սա ուղիղ ֆունկցիա չէ, այսինքն՝ գլխավոր առաքելություն չէ, սա, այսպես ասած՝ երկրորդային գործընթաց է։

Ի սկզբանե մենք կարծում էինք, որ սա պետք է լինի տնտեսական ծրագիր, բայց այն ժամանակ կայացվել էր քաղաքական որոշում, որ սա ավելի շատ առողջապահական վերահսկման ենթակա պետք է լինի։ Այն տնտեսական ծրագիրը, որը սկսվում է  վերահսկման մասին մտածելուց, կարծում եմ՝ ի սկզբանե դատապարտված է ձախողման»,-  խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը՝ անդրադառնալով Հայաստանում արտադրական կանեփի  ոլորտին ։

Հարցին՝ արտադրական կանեփի ոլորտի զարգացում տեսնո՞ւմ է, Վահան Քերոբյանը պատասխանեց.

Կարդացեք նաև

«Արտադրական կանեփի մեր տնտեսական տեսլականն էապես տարբերվում է  նրանից, ինչ հիմա տեղի է ունենում, այսինքն՝ թե՛ արտադրության պրոցեսը, թե՛ձևերը, թե՛ տուրքերը։

Երկու տարի առաջ երբ քննարկվում էր, շատ հետաքրքրվողներ կային, բայց հիմա այս միջավայրը հեչ գրավիչ չէ, որպեսզի ներդրողները ներդրումներ անեն։ Կարծում եմ՝ անհրաժեշտություն կա վերանայելու»,- եզրափակեց Վահան Քերոբյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս