«Միացյալ Նահանգները հայերին ասում է՝ քշեք ռուսներին, հանեք ռազմաբազան, սա բացահայտ սադրանք է»․ Սերգեյ Լավրով

«Երևանը, ստորագրելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) դիտորդական առաքելություն տեղակայելու մասին փաստաթուղթը, ավելի կայուն իրավիճակ կստանար»,- «Ցարգրադ» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«2022 թվականի աշնանը Երևանի ՀԱՊԿ գագաթնաժողովի համար փաստաթուղթ  պատրաստվեց Հայաստանի տարածքում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության դիտորդական առաքելության տեղակայման մասին՝ մեր հայ դաշնակիցների խնդրանքին համապատասխան»,- հիշեցրել է Լավրովը, շարունակելով, որ  եթե Երևանը հաստատեր արդեն համաձայնեցվածը և պատրաստ լիներ ստորագրմանն ու ուժի մեջ մտնելուն, ապա  Հայաստանը կհաղթեր և ավելի կայուն իրավիճակ կստանար։

ՌԴ ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ փաստաթուղթը լիովին համաձայնեցվել է արտգործնախարարների մակարդակով։ «Այնուհետև վերջին պահին հենց գագաթնաժողովում հայ ընկերները խնդրեցին հետաձգել դրա ընդունումը։ Մինչ այժմ այն ​​մնում է թղթային տեսքով և չի կարող իրականացվել»,- հավելել է նախարարը։

Լավրովը նաև ասել է, որ Ռուսաստանը Հայաստանին ուղղված ԱՄՆ-ի առաջարկը՝ «ռուսներին դուրս մղել» իր տարածքից և օգնել անվտանգության ապահովմանը, բացահայտ սադրանք է համարում։

«Ես գիտեմ, որ հայերին, մենք նման տեղեկություններ ունենք, ասում են, ասում են՝ եկեք մեզ մոտ, ռուսներին քշեք Ձեր տարածքից, սահմանապահներին ևս, հանեք ռազմաբազան, ամերիկացիները կօգնեն ապահովել անվտանգություն։ Բացահայտ սադրանք։ Սա  դիվանագիտություն չէ»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։

Տեսանյութեր

Լրահոս