Իշխանությունների համար Սահմանադրություն գոյություն չունի. կա մի գերագույն նպատակ՝ ամեն գնով պահել սեփական աթոռը. սահմանադրագետ

Փաշինյանի և Ալիևի հետ հանդիպումից հետո Շառլ Միշելը հայտարարեց, որ ղեկավարները վերահատատել են իրենց աներկբա հավատարմությունը 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրին և Հայաստանի 29.800 քառակուսի կիլոմետր և Ադրբեջանի՝ 86.600 քառակուսի կիլոմետր համապատասխան տարածքային ամբողջականությանը:

Ինչպես հայտնի է, 86.600 քառակուսի կիլոմետր ներառում է նաև Արցախը. արդյոք Հայաստանը կարո՞ղ է ստորագրել փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կներառվի Ադրբեջանի կազմում, արդյոք ինքնիրավչություն չէ՞ Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան այս օրակարգին հավատարմությունը՝ 168.am-ն այս հարցադրումների պատասխանները լսել է սահմանադրագետ Վարդան Պողոսյանից:

Սահմանադրագետն ընդգծեց՝ հայտարարությունը հակասում է ՀՀ Սահմանադրությանը, Գերագույն Խորհրդի հայտնի որոշմանը, որում շեշտվում է՝ Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում:

Վարդան Պողոսյանը ցավով արձանագրեց. «Դրա մասին վաղուց խոսվել է, գրվել է, բայց ՀՀ իշխանությունների համար Սահմանադրություն գոյություն չունի. վարչապետի համար կա մի գերագույն նպատակ՝ ամեն գնով պահել սեփական աթոռը»:

Կարդացեք նաև

Ըստ նրա՝ Փաշինյանը կարհամարհի Սահմանադրությունը, քանի դեռ դրա հնարավորությունն ունի:

Անդրադառնալով Միշելի կողմից բարձրաձայնված հայտարարության իրավական հետևանքներին՝ սահմանադրագետը պարզաբանեց.

«Փաշինյանն ինչքան էլ ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, դա ՀՀ-ի համար դեռևս որևէ իրավական հետևանքի չի հանգեցնում: Դեռևս ասում եմ այն պատճառով, որովհետև իր այդ հայտարարությունը միակողմանի հայտարարություն է. եթե հետագայում այն նաև արտացոլվի Ադրբեջանի հետ կնքվելիք որևէ պայմանագրում, ապա այն պետք է անպայմանորեն վավերացվի ԱԺ-ի կողմից: Ու միայն վավերացումից հետո է ՀՀ-ն միջազգային իրավունքի տեսանկյունից կաշկանդված լինելու այդ պայմանագրով:

Ի դեպ, մինչև ԱԺ մտնելը, դրա սահմանադրականությունը պետք է որոշի Սահմանադրական դատարանը: Եթե  ՍԴ-ն որոշի, որ դա համապատասխանում է Սահմանադրությանը (բնականաբար, դա չի համապատասխանում, բայց այսօրվա ՍԴ-ից ամեն ինչ սպասելի է), միայն դրանից հետո ԱԺ-ն իրավունք ունի վավերացնել այդ պայմանագիրը: Սակայն, այստեղ նույնպես հաշվի առնելով քաղաքական ուժերի հարաբերակցությունը, ակնհայտ է, որ ԱԺ-ն ևս կուրորեն կվավերացնի այդ հակահայկական փաստաթուղթը»:

Տեսանյութեր

Լրահոս