«Թուրքիայում ընտրությունների հետ կապված որոշիչ սոցիալ-հոգեբանական գործոնի մասին». Արմեն Պետրոսյան

Արևելագետ Արմեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Թուրքիայում ավարտված համապետական ընտրությունների ելքի անկանխատեսելիության կարևորագույն գործոններից մեկն էլ դրանց աշխարհաքաղաքական բաղադրիչն է։

Կասկածից վեր է, որ այս ընտրությունների արդյունքներից է զգալիորեն կախված նաև ներկա աշխարհաքաղաքական դիմակայության ընթացքի հետագա հավասարակշռության հարցը. Թուրքիայում իշխանափոխությունն էական ազդեցություն կարող է ունենալ նաև Արևմուտք-Ռուսաստան հակամարտության վրա՝ ի վնաս վերջինի։

Բայց ընտրությունների աշխարհաքաղաքական բաղադրիչը մեկ այլ ուշագրավ բնույթի ուղիղ ազդեցություն կարող է ունենալ գործընթացի վրա՝ մասնավորապես՝ դրանց արդյունքների։

Բանն այն է, որ ըստ նախընտրական սոցհարցումների միջինացված արդյունքների՝ նախագահի՝ ընդդիմության միասնական թեկնածու Ք. Քըլըչդարօղլուն որոշակի առավելություն է արձանագրել մրցակցի նկատմամբ։ Բայց նաև, հարկ է նշել, որ ընդգծվել է շուրջ 10% չկողմնորոշված ընտրազանգվածի հանգամանքը, որի քվեն է մեծ հաշվով վճռորոշ ազդեցություն ունենալու ներկայիս ընտրությունների վերջնարդյունքի վրա։

Ընդդիմության առավելության հանգամանքը հատկապես արևմտյան մամուլը շատ էր օգտագործում՝ Թուրքիայում հետընտրական տարբեր սցենարնել կանխատեսելիս և վարչակարգի՝ որևէ դեպքում իշխանությունը չզիջելու տրամադրվածության ֆոնին։ Ընդ որում, հատկապես այս տրամաբանության տիրույթում էր նաև հետընտրական ցնցումների հնարավոր սցենարի ակտիվ շահարկումը։

Բայց և այնպես բուն ընտրություններն անցան առանց լուրջ միջադեպերի, բայց նաև արձանագրելով բավականաչափ բարձր՝ մինչև 90% ակտիվության ցուցանիշ։

Իսկ հիմա ընտրությունների ելքի նշածս հնարավոր սցենարի մասի, որն ի դեպ սոցիալ-հոգեբանական տեսանկյունից որոշակի նմանություն ունի հայաստանյան վերջին ընտրությունների հետ՝ ընդ որում, դարձյալ հօգուտ իշխանությունների։

Չի բացառվում, որ գործընթացի աշխարհաքաղաքական շերտով պայմանավորված հնարավոր հետցնցումներից, երկրում կանխատեսվող անկայունությունից խուսափելու համար ընտրողների չկողմնորոշված հատվածի զգալի մասն իր քվեն տա Էրդողանին՝ նման ճակատագրական պահին երկիրը «ցնցումներից փրկելու», «արտաքին միջամտություն թույլ չտալու» «երկրի կանխատեսելի ընթացքն» ապահովելու նախապաշարմունքով։

Եվ, ըստ իս, հենց այս գործոնը կարող է զգալիորեն նպաստել գործող նախագահի «անակնկալ» հաջողությանը։

Բայց և այնպես, չի կարելի բացառել նաև տրամաբանորեն հակառակ սցենարը՝ այսինքն ընդդիմության առաջնորդի կանխատեսվածից ավելի վստահ հաղթանակը»։

Տեսանյութեր

Լրահոս