Հայրենիք և պետություն հասկացությունները պետք է նույնականացնենք 29,800 քկմ վրա. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը մայիսի 12-ի երեկոյան այցելել է Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ համայնք, հանդիպել Երևանի Մ. Մելքոնյանի անվան թիվ 11 հիմնական դպրոցի և Ներքին Բազմաբերդի Ե. Ասատրյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանի աշակերտներին և ուսուցչական անձնակազմին:
Այցի ընթացքում զրուցել է աշակերտների և ուսուցիչների հետ, պատասխանել նրանց հարցերին:
Նախ Փաշինյանը հարցրել է՝ Հայաստանի ամենաբարձր լեռը ո՞րն է, պատասխաններում հնչել է և՛ Արարատը, և՛ Արագածը, ընդ որում, Արարատն ասողները շեշտել են՝ որևէ կապ չունի, որ այն այսօր Արևմտյան Հայաստանում է:
Հետո Նիկոլ Փաշինյանն արձագանքել է, թե աշխարհագրությունը քաղաքականության հետ կապ ունի:
«Մի մասդ ասացիք՝ Արարատը, մյուս մասը՝ Արագածը։ Մեր մեծագույն խնդիրն այն է, որ նա, ով ասաց՝ Արարատը՝ խոսեց ուրիշ բանի մասին, նա, ով ասաց՝ Արագածը՝ խոսեց Հայաստանի Հանրապետության մասին: Մեր այսօրվա պրոբլեմները գալիս են, այդ թվում՝ պատմություն չիմանալուց: 7-8 տարի առաջ ինձ մի շատ հայտնի պատմաբան և քաղաքական գործիչ ասաց, որ բոլորն ասում են՝ պետք է դասեր քաղել պատմությունից։ Եվ ինքը շատ հետաքրքիր դիտարկում արեց՝ իսկ ի՞նչ դաս: Դասը շատ կոնկրետ է, աշխարհագրության դասագրքում կա իքս թվով դաս, որտեղ տեքստը հստակ է: Իսկ պատմությունից ի՞նչ դասեր կան: Պատմությունը շատ բազմազան է, և ցանկացած բան կարելի է եզրակացնել: Մեր ամբողջ պրոբլեմը, և ինչ պրոբլեմի հետ այսօր առերեսվում ենք, դա այդ հարցի պատասխանի հետ է կապված:
Մենք՝ հայրենիք ու պետություն հասկացությունների արանքում խարխափում ենք բոլորս՝ ինձնից սկսած, ձեզնով շարունակված: Պրոբլեմն այն է, որ հայրենիքը մեզ համար նույնը չի, ինչ պետությունը: Եվ մենք անընդհատ ստիպված ենք ընտրություն կատարել հայրենիք և պետություն հասկացությունների միջև: Իմ ընկալումն այն է, որ մենք ընտրություն պիտի կատարենք պետության օգտին, եթե այդպես չանենք, անընդհատ կկորցնենք։ Հիմա ես այդ գաղափարն եմ անընդհատ փորձում առաջ մղել: Ես հիմա շատ եմ խոսում այն մասին, որ պետք է նույնականացնենք հայրենիք և պետություն հասկացությունները, և դրանք պիտի նույնականացնենք 29.800 քկմ-ի վրա։ Հետևաբար, իմ ընկալմամբ, ՀՀ ամենաբարձր լեռը Արագածն է։ Մեր բացարձակ բոլոր պրոբլեմները գտնվում են Արագածի ու Արարատի՝ երազանքի ու իրականության արանքում: Այս ընտրությունը պետք է կատարենք, իսկ ընտրությունը Հայաստանի Հանրապետությունն է՝ իր 29.800 քկմ տարածքով: Մենք ուզում ենք Հայաստան հասկացությունը կոնկրետացնենք: Անկախ Հայաստանը երբեք դեմարկացված սահման չի ունեցել, և ես առաջարկում եմ, որ դուք էլ այդ մասին մտածեք»,- մանրամասնել է Փաշինյանը:
Ներկաներից մեկը հակադարձել է՝ «որքանո՞վ ենք վստահ, որ Թուրքիայի հետ սահմանի բացումը մեզ օգուտ կբերի, պատմությունից հենց այս դասը պիտի քաղենք, որ Թուրքիան չի ցանկացել ՀՀ-ի հետ հարաբերությունները լավացնել և երբեք չի ցանկանալու դա անել»:
Փաշինյանն արձագանքել է.
«Այստեղ կարևորը հետևյալն է՝ փաստից, պատմությունից ինչ եզրակացություն դուրս կբերենք, որովհետև նույն փաստից կարելի է տարբեր եզրակացություններ դուրս բերել: Այն, որ մենք պրոբլեմներ ենք ունեցել և ունենք, դա ակնհայտ է: Այն, թե ինչպես ենք ունեցել այդ պրոբլեմները, դա էլ գիտենք: Իսկ թե ինչու ենք ունեցել՝ գիտենք մասամբ: Մեր ֆունդամենտալ պրոբլեմներից մեկն այն է, որ, այնուամենայնիվ, այդ թվում՝ օբյեկտիվ պատճառներով, մեզ տարածաշրջանին և տարածաշրջանը մեզ օտար ենք համարում: Այսինքն, այստեղ մենք միջավայրի հետ ավելի շատ պրոբլեմներ ունենք, քան ներդաշնակություն: Եվ սա օգտագործվում է մեր դեմ՝ և՛ միջավայրի, և՛ արտամիջավայրի կողմից: Հետևաբար՝ մեր խնդիրը սա է՝ մենք պետք է ապրենք իրական կյանքով, սիրենք մեր իրական հայրենիքը, որի տարածքը շատ կոնկրետ լինի մեզ համար, և մենք պատասխանատու զգանք մեզ այդ հայրենիքի համար: Այսինքն, կոնկրետացնենք, կոնկրետությունը մեր պաշտպանվածությունը մեծացնի: Տվյալ դեպքում, ես նկատի ունեմ՝ դեմարկացված և դելիմիտացված սահմանը»:
Մանրամասները՝ տեսանյութում