Բաժիններ՝

ՌԴ նախագահը «մեծ սխալ է գործել». Թրամփ

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը մասնակցել է Նյու Հեմփշիրի բնակիչների հետ հանդիպման, որը հեռարձակվել է CNN հեռուստաալիքով: Թրամփն անդրադարձել է երկրին սպառնացող դեֆոլտին, դարձյալ հերքել է լրագրող Էլիզաբեթ Ջին Քերոլի հանդեպ սեռական ոտնձգությունների մեղադրանքները, խոսել է 2021 թ. հունվարի 6-ի խռովություններից և Ուկրաինայի պատերազմից:

Օրերս ԱՄՆ-ում թեժ քննարկումներ են ընթանում պետական պարտքի վերին շեմը բարձրացնելու հարցի շուրջ: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանդիպում է ունեցել Կոնգրեսի առաջնորդների հետ, սակայն համաձայնություն առայժմ ձեռք չի բերվել: Կողմերը կհանդիպեն նաև ուրբաթ օրը: Հանրապետականների կողմից վերահսկվող Ներկայացուցիչների պալատը համաձայնել է բարձրացնել պետական պարտքի վերին շեմը, սակայն միևնույն ժամանակ պահանջում է կրճատել պետական ծախսերը: Բայդենը և դեմոկրատները դեմ են այս պահանջին: CNN-ի հաղորդավարուհի Քեյթլեն Քոլինզը Թրամփին հարցրել է, թե ինչ խորհուրդ կտար հանրապետականներին:

«Եթե նրանք չհամաձայնեն (ծախսերի) մասշտաբային կրճատումների, ապա պետք է գնաք դեֆոլտի», – ասել է Թրամփը՝ միևնույն ժամանակ վստահություն հայտնելով, որ դեֆոլտ տեղի չի ունենա, քանի որ դեմոկրատները կհամաձայնեն դաշնային բյուջեի ծախսերի կրճատումներ անել՝ պետական պարտքի վերին շեմի բարձրացման դիմաց:

Թրամփը դարձյալ հրաժարվել է ճանաչել 2020 թ. ընտրություններում իր պարտությունը և հայտարարել է, որ ներում կշնորհի իր բոլոր աջակիցներին, որոնք դատապարտվել են 2021թ. հունվարի 6-ին Կապիտոլիումի վրա հարձակման համար:

ԱՄՆ նախկին նախագահը նաև խստորեն քննադատել է երդվյալ ատենակալների դատավճիռը, որով ինքը մեղավոր է ճանաչվել 1996 թ. լրագրող Էլիզաբեթ Ջին Քերոլին սեռական ոտնձգությունների ենթարկելու մեջ և պարտավորվել նրան վճարել 5 միլիոն դոլարի փոխհատուցում:

Ուկրաինայում Ռուսաստանի ծավալած ռազմական գործողությունների մասին խոսելիս Թրամփը նշել է, որ եթե դարձյալ նախագահ դառնա, ապա 24 ժամում կարող է դադարեցնել պատերազմը, որում հազարավոր ուկրաինացիներ և ռուսաստանցիներ են զոհվում: ԱՄՆ նախկին նախագահը նաև կրկնել է իր այն պնդումը, որ եթե ինքը լիներ Սպիտակ տան ղեկավարը, ապա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չէր գնա նման լայնամասշտաբ հարձակման հարևան ինքնիշխան երկրի դեմ:

Թրամփը նշել է, որ ՌԴ նախագահը «մեծ սխալ է գործել»՝ միևնույն ժամանակ հավելելով, որ Պուտինը «խելացի մարդ է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս