«Ի հեճուկս Ադրբեջանի փորձերի՝ միջազգային հանրության հետ ակտիվ կոմունիկացիան այս թեմաների վերաբերյալ պետք է շարունակվի». Նիկոլ Փաշինյան

Այսօր կառավարության հերթական նիստի մեկնարկին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այսօր ժամը 06։00-ի սահմաններում ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները հրետանային զենքերից ինտենսիվ կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայրի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա՝ հարվածներ հասցնելով ՀՀ ինքնիշխան տարածքին։

«Ակտիվ հրետակոծության ինտենսիվությունը որոշակիորեն նվազել է Հայաստանի բանակի ադեկվատ և արդյունավետ պատասխան գործողությունների արդյունքում։ Ադրբեջանի այս գործողությունները սադրիչ են և այլոց շարքում նպատակ ունեն զրոյացնել այն առաջընթացը, որը գրանցվել է մայիսի 1-4-ը Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում։ Այսօրվա սադրանքը նպատակ ունի նաև խաթարել կիրակի օրը Բրյուսելում՝ եռակողմ ֆորմատով, իսկ հունիսի 1-ին Քիշնևում՝ հնգակողմ ֆորմատով նախատեսված բանակցությունները։ Փորձը ցույց է տալիս, որ բանակցություններն ադրբեջանական կողմին հարկավոր են միայն էսկալացիայի և պատերազմի պատճառաբանություն ստանալու համար, իսկ էսկալացիաներն օգտագործվում են բացառապես բանակցություններում գրանցված որևէ առաջընթաց զրոյացնելու համար»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։

Ըստ նրա, Ադրբեջանի պաշտպանության նախարարության երեկվա հաղորդագրությունները՝ հայկական բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին, մտացածին են։ Նման տեղեկատվությունը հորինվում է իրադրությունը սրելու համար։

«Եթե իրադրություն սրելն Ադրբեջանի նախատրամադրվածությունը չէ, ապա որևէ տեղային միջադեպ կարելի է արագ կարգավորել, գոյություն ունեցող կապերով տեղեկատվություն ճշտելու, փոխանակելու և կանխարգելիչ պայմանավորվածություններ ձեռք բերելու միջոցով։ Նախորդ օրը նման բան տեղի չի ունեցել մեկ պարզ պատճառով, որևէ միջադեպ չի գրանցվել, և ադրբեջանական դիզինֆորմացիոն  մեքենան հետին թվով այդ լուրը հորինել է իրադրությունը սրելու համար։ Իսկ իրադրության սրումը, կրկնում եմ՝ բանակցային գործընթացը զրոյացնելն է և հետագա բանակցությունների ընթացքը խաթարելը։ Սա միակ նպատակը չէ, հաջորդը՝ միջազգային և հայ հանրության ուշադրությունը Լաչինի միջացքում ապօրինի անցակետ տեղադրելու փաստից շեղելն է, նոր տեղում, նոր ճգնաժամ ստեղծելու միջոցով մոռացության տալով հինը»,- հավելեց Ն. Փաշինյանը։

Կարդացեք նաև

Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանն ընդգծեց.

«Ի հեճուկս Ադրբեջանի փորձերի՝ այս բոլոր հարցերը շարունակում են մնալ մեր առաջնային օրակարգում։ Միջազգային հանրության հետ ակտիվ կոմունիկացիան այս թեմաների վերաբերյալ պետք է շարունակվի»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս