«Օնիկ Գասպարյանի դրդապատճառներն այլ են եղել, շատ հարցեր կան, որ մեր զրույցից հետո ճշտվել են, բաներ կան, որ ճիշտ չի պատկերացրել». Տիրան Խաչատրյան

Հակակոռուպցիոն դատարանում սկսվել են 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի քրեական գործով դատական նախնական լսումները՝ դռնփակ: Իսկ դատարանի բակում ի աջակցություն գեներալի՝ հավաքվել են պահեստազորի սպաներ, արցախյան պատերազմի շարքային քաղաքացիներ և այլք: Հավաքվածների մեջ էր նաև ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը, ով մասնակցում էր նաև Դիմադրության շարժման կամ ընդդիմության պայքարի շրջանակում հանրահավաքներին:

Հակակոռուպցիոն դատարանի բակում գեներալը պատասխանել է լրագրողների հարցերին:

Ճանապարհ անցած զինվորականների դեմ իրականացվող գործողությունների վերաբերյալ հարցին ի պատասխան՝ ԳՇ պետի նախկին տեղակալը նշել է.

«Այս գործողությունները, որ իրականացվում են, նոր չեն, դեռևս 2018 թվականից են սկսվել դրանք: Եղել են զինվորականներ, որոնք ունեցել են լուրջ գիտելիքներ, փորձառություն, անցած լուրջ ուղի, որոնց նկատմամբ էր հիմնականում այդ դրսևորումները: Նրանցից մի մասը կարողացավ ինչ-որ ժամանակ դիմակայել՝ ունենալով ավելի բարձր գաղափարներ, հեռանկարային նպատակներ՝ կապված երկրի, պետության, պետականության պահպանման, և այն գործը, որ իրականացնում էին անվտանգային առումով, դա կազմակերպելու և իրականացնելու հետ: Մի մասն էլ համբերության, դիմադրողականության տեսակետից ավելի քիչ կարողացան համակերպվել այդ իրավիճակի հետ: Իսկ այն մասը, որ տրամադրված էր մինչև վերջ լինել անվտանգային համակարգում և լավագույնս իրականացնել իր առջև դրված խնդիրները, որոնց նկատմամբ էլ ուղղակի առումով ինչ-որ ծառայության, խնդիրների կատարման, իրենց վրա դրված պարտականությունների պահով չկարողացան ինչ-որ ձևով կպնելու տարբերակներ գտնել, ուղղակի հեռացրեցին»:

Կարդացեք նաև

Ըստ նրա՝ այդ դրսևորումներն ունենում են նաև շարունակություն՝ բացի պաշտոնից ազատելուց, նաև կալանավորում և այլն:

«Այս պահին դիմակայելու կամ ինչ-որ լուրջ բանով հակադարձելու ձևեր դեռևս չեն եղել: Չեմ կարող ասել՝ երբ կլինի: Երբ լինելը կախված է նրանից, որ այն մարդիկ, որոնք չեն համակերպվում, չեն ընդունում, չեն ցանկանում, որ այս վիճակը շարունակվի, համախմբվեն և կազմակերպված ձևով քայլեր անեն նրա դեմ, ինչն ընդունելի չէ: Այսինքն, օրինական քայլերով դրա դեմն առնեն»,- ընդգծել է Տիրան Խաչատրյանը:

Անդրադառնալով Տեղ գյուղում ադրբեջանական առաջխաղացմանը, և հարցին, որ զինված ուժերը չէին հասցրել տեղակայվել և դիմադրել, ԳՇ պետի նախկին տեղակալն ասել է, որ շատ վատ է վերաբերվում նրան, որ Զինված ուժերին խնդիր դրված չէ կամ խնդիր դրված է այն մակարդակով, որն ի զորու չէ իրականացնել:

«Շատ վատ եմ վերաբերվում: Եթե խնդիր առաջադրված եղել է, և ի զորու չեն եղել կատարել, դա խնդիր առաջադրողի խնդիրն է: Եթե խնդիր առաջադրված չի եղել, իսկ այդ առաջադրողը ով է, ինչու չի առաջադրել, որտեղից էր սկսվում չառաջադրելու թելը, ինչու դա տեղի չունեցավ, սրանք են հարցերը»,- հավելել է Տիրան Խաչատրյանը՝ նշելով, որ լուծման տարբերակներից մեկը ուժով հետ շպրտելն է ադրբեջանական զորքին, բայց կան նաև քաղաքական, դիվանագիտական մոտեցումներ, լուծումներ, որոնց կիրառումը պարտադիր պահանջ է:

«Որևէ մեկը, առավելևս՝ զինվորականը, միանգամից չի գնում այն քայլին, որը բախման կամ լարվածության մեծացման կտանի, էլ չեմ ասում՝ լայնամասշտաբ պատերազմի: Եթե այդ տարբերակները չեն աշխատում, և կա խնդիր՝ մեր տարածքն է, մեզ վստահված պատասխանատվության տեղամասն է, որի համար ես կյանքով պատասխանատվություն եմ կրում, ուրեմն պետք է դրան էլ գնալ»,- շեշտել է գեներալը:

Ինչ վերաբերում է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով գնալ-չգնալուն, և ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի 2 անգամ գնալուն, որի մասին Տիրան Խաչատրյանը հարցազրույց էր տվել 168.am-ին, բարձրաստիճան սպան հիշեցրել է, որ իր չգնալու պատճառը մի քանի անգամ հիմնավորել է և կրկնել՝ այդ հանձնաժողովի նկատմամբ վստահություն չունի:

«Իրենք ասել էին, թե Տիրան Խաչատրյանը վախենում է մեզ հետ հանդիպել, ես էլ պատասխանել եմ՝ իրենց չափորոշիչներով գնահատվող անձնավորություն չեմ: Եթե իրենք ունեն լուրջ վախեր, կամ ինչ-որ մեկի հետ հանդիպելուց հատուկ ներքնազգեստ են հագնում, ես այդպիսի բան չունեմ: Եթե ուզում են ինձ հետ հանդիպել, կամայական տեղ, իրենց ուզած, թելադրած պայմաններով պատրաստ եմ հանդիպելու: Ուզում են՝ իրենք մենակ, ուզում են՝ իրենք բոլորով, մենք մենակ, եթե դա կբնորոշի իմ վախենալը կամ չվախենալը: Բայց այդ հանձնաժողովին իմ մասնակցությունն անիմաստ երևույթ եմ համարում առնվազն ժամանակ վատնելու տեսակետից»,- նշել է նա:

Հակադարձմանը, որ Օնիկ Գասպարյանն իր մասնակցությամբ լեգիտիմացրել է այդ հանձնաժողովի գործունեությունը, Տիրան Խաչատրյանը պատասխանել է.

«Ես իր հետ այս թեմայով զրուցել եմ, իր դրդապատճառները բոլորովին այլ են եղել: Շատ հարցեր կան, որ մեր զրույցից հետո ճշտվել են, բաներ կան, որ ճիշտ չի պատկերացրել, բաներ կան, որ ուզեցել է լավ լինի, այսինքն, այն, ինչ արվել է, ճիշտ պատկերացում ունենան: Բայց վերջին հաշվով պետք է հասկանանք՝ այն, ինչ հանձնաժողովում ասվում է, կտեսաձայնագրվի թե ուղղակի կձայնագրվի, որևէ տեղ դրանք չեն հանրայնացվելու, և այդ ասածը կամ չասածը, հատկապես, երբ այնտեղ հավաքվել է մի թիմ, որ ինքն է շատ բաներում մեղավոր, չեմ կարծում, որ դուրս կգան և կբարձրաձայնեն իրենց մեղքը, արած-չարածը, հատկապես հանցագործությունները: Ժողովուրդը պետք է իմանա, որ Օնիկ Գասպարյանը ցանկացել է որոշ մանրամասներ, որոնք շատերը չգիտեն, չեն պատկերացնում, կամ ի պաշտոնե ի վիճակի չէին տիրապետելու, գոնե այնտեղ հնչեցվեն»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս