Փաշինյանը պատրաստ է ամբողջ Հայաստանն էլ հանձնել Ադրբեջանին, նրա միակ հոգսն իր՝ իշխանության մնալու հարցն է․ Էդգար Ղազարյան
Ամերիկյան դիվանագետներից մեկը, որը ներկա է եղել Միրզոյան-Բայրամով բանակցությունների առաջին օրվա հանդիպմանը, հայտնել է, որ քննարկվում է երկու երկրներում էթնիկ փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության հարցը։ Դա ենթադրում է, որ ոչ միայն արցախահայությունն է դիտարկվում որպես էթնիկ փոքրամասնություն, այլև քննարկվում է ադրբեջանցիների՝ Հայաստանում գտնվելու ընթացքում նրանց պաշտպանությանը վերաբերող հարցը։ Սա տեղավորվում է «Արևմտյան Ադրբեջանի» ալիևյան թեզի մեջ, որը վերաբերում է Հայաստանի տարածքներին։ Բացի այդ, Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Ադրբեջանը հավակնություններ ունի ընդհուպ մայրաքաղաք Երևանի նկատմամբ, ընդ որում՝ դա ոչ միայն արտաքին լսարանին ուղղված հռետորաբանություն է, այլ դիվանագիտական փակ հանդիպումների քննարկման առարկա։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը:
«Չկա ադրբեջանական որևէ թեզ, որին Նիկոլ Փաշինյանը կամ իր տարօրինակ բանակցող թիմը համաձայն չլինի։ Նրա միակ անհանգստությունն այդ համաձայնության հետևանքն է իր՝ իշխանության մնալու առումով, այսինքն՝ այն, թե այս պահին դա կարո՞ղ է մարսել հայ հասարակությանը ներկայացնելու իմաստով։ Փաշինյանն ԱԺ-ում ասում էր, թե վաշինգտոնյան փաստաթղթում որևէ նոր բան չկա, քան այն, ինչն ինքը ժամանակին ներկայացրել է խորհրդարանական ամբիոնից։ Բայց ԱԺ ամբիոնից նա ինչ ասես ասել է՝ սկսած նրանից, որ Արցախի դե ֆակտո անկախությունը պետք է դառնա դե յուրե անկախություն, մինչև այն, որ Արցախ բառը գործածել չի կարելի։ Նրա ասածները հակասության մեջ են նույնիսկ ժամերի առումով, կառավարության նիստին կարող է մի բան ասել, երեկոյան տրամագծորեն հակառակ ֆեյսբուքյան գրառում անել»,- ասաց հասարակական գործիչը:
«Եթե դուրս գանք Փաշինյանի մանիպուլյացիոն, անազնիվ շղարշից, պետք է հիմնվենք միջազգային ատյաններում հնչած լուրջ խոսակցությունների և մոտեցումների վրա։ Ի սկզբանե պարզ է, որ փաստաթուղթը չի մշակվում Երևանում կամ միջնորդ որևէ երկրում։ Այն մշակվում է Ադրբեջանի ԱԳՆ-ում, և Բաքուն հայտարարել է, որ գոյություն ունեն հինգ սկզբունքային կետեր։ Հայկական կողմը, հասկանալով, որ չի կարող առարկել դրանց, հայտարարել է, որ սկզբունքային տարակարծություններ չունի այդ դրույթների հետ։ Աննախադեպ երևույթ է, որ Ադրբեջանի ԱԳՆ-ում ստեղծված փաստաթղթի վերաբերյալ հայկական կողմը որևէ վերապահում չունի։ Պրահյան հայտարարությանը հաջորդել է այն, որ Բայրամովն ազդարարել է, թե իրենք հայկական կողմին 12 լրացուցիչ պարզաբանող կետեր են ներկայացրել, որոնք իրականում նոր պահանջներ են»,- նշեց Ղազարյանը:
Քաղաքական գործչի պնդմամբ՝ ժամանակի ընթացքում Բաքուն ձևավորում է նոր պահանջներ, և տեսնելով, որ հայկական կողմից որևէ դիմադրություն չկա, ավելացնում է դրանք հին ցանկին. «Արևմտյան Ադրբեջան», ադրբեջանցիների վերադարձ, նմանատիպ այլ դրույթներ որևէ տեղ կա՞ն։ Հայկական կողմն այս պահին պատրաստ է ամեն ինչի, Փաշինյանը կարող է ամբողջ Հայաստանն էլ հանձնել Ադրբեջանին, խնդիրը ճիշտ ժամանակի ընտրությունն է։ Բանն այն է, որ Փաշինյանի իշխանությունն ադրբեջանցիների համար աստվածային պարգև է։ Փաշինյանին պարտադրում են նախ շրջանառել նոր թեզեր, օրինակ՝ ութ գյուղեր ՀՀ-ից, Տեղ գյուղ, անցակետ Արցախի ճանապարհին, ապա և իրականացնել դրանք։ Փաշինյանին իշխանությունից զրկելը Բաքվի շահերից չի բխում, հետևաբար՝ նրան ժամանակ են տալիս հանդարտ ու հանգիստ իր գործն անելու համար»:
«Մարդկության պատմության մեջ աննախադեպ երևույթ է, որ պետության ղեկավարը խոսում է այդ պետության վերացման մասին։ Նա ասում է՝ չորս կողմից մեր պետությունն ուզում են վերացնել։ Բացի Ադրբեջանից և Թուրքիայից՝ կարո՞ղ է այլ պետության անուն տալ, որն ուզում է մեր պետության կործանումը։ Մնացածը կարծես թե պիտի մեզ բարեկամ ու դաշնակից լինեն։ Փաշինյանը վերջին շրջանում պարբերաբար խոսում է արցախահայության էթնիկ զտման և ցեղասպանության սպառնալիքի մասին։ Ցեղասպանում են պետություն չունեցող ժողովուրդներին, քանի որ պետություն՝ նշանակում է կանոնավոր բանակ, միջպետական հարաբերություններ, դաշնակիցներ։ Եվ եթե պետության ղեկավարը խոսում է իր ղեկավարած ժողովրդի ցեղասպանության հավանականության մասին, նշանակում է՝ ընդունում է այդ պետության վերացած լինելու փաստը»,- ամփոփեց Էդգար Ղազարյանը: