«Այս իշխանությունների հետ երկխոսության և կոնսենսուսի որևէ հիմք չկա. 44-օրյա պատերազմի համապարփակ քննություն կարող է իրականացվել միայն իշխանափոխությունից հետո». Գեղամ Մանուկյան

Օրերս 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը ևս 6 ամսով երկարաձգվեց: Սա վերջին երկարաձգումն է լինելու:

Հարցի քննարկման ժամանակ ԱԺ-ում ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, որ Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովն աշխատանքների ընթացքում պահանջել և ստացել է 4154 գաղտնի և հույժ գաղտնի տեքստային և գրաֆիկական փաստաթուղթ՝ 14 հազար էջից ավելի ծավալով, որոնց մանրակրկիտ ուսումնասիրությունը դեռ շարունակվում է պատգամավորների և հանձնաժողովում ընդգրկված փորձագետների կողմից:

Անդրանիկ Քոչարյանը նաև հայտնել է, որ որոշվել է հրավիրյալների ցանկը, և դրա հիման վրա էլ հրավիրել և հրավիրում են գործող և նախկին զինվորական ու քաղաքական բարձրաստիճան պաշտոնյաներ: Բացի դրանից, Քննիչ հանձնաժողովին են դիմել պատերազմի բազմաթիվ մասնակիցներ և զոհվածների հարազատներ, որոնք անհատական կարգով իրենց են ներկայացնում բազմաթիվ տեղեկություններ և տեսաձայնային նյութեր։

Հիշեցնենք, որ Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած հանձնաժողովում արդեն լսել են ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանին, երկու անգամ՝ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին, հրավիրվել է նաև ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Կարդացեք նաև

Ըստ մամուլում շրջանառվող լուրերի, հաջորդը հանձնաժողով է հրավիրվելու ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը, որը, ըստ մամուլի հրապարակումների, դեմ չէ գնալ:

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն էլ ապրիլի 25-ին հայտարարություն էր տարածել, որում իր իրավունքների և ազատությունների անհեթեթ մեղադրանքով սահմանափակված լինելու պայմաններում՝ և՛ անձնապես, և՛ իրավական առումով, բացառել էր մասնակցությունը ԱԺ ՔՀ աշխատանքներին՝ առաջարկելով Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ անցկացնել Քննիչ հանձնաժողովի բաց, հանրային նիստ: Ի դեպ, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով Տոնոյանի հայտարարությանը, Անդրանիկ Քոչարյանը խոստացել է քննարկել Նիկոլ Փաշինյանի և Դավիթ Տոնոյանի մասնակցությամբ քննիչ հանձնաժողովի բաց նիստ անելու առաջարկը:

Բայց Տոնոյանը միայն այդ հարցին չէ, որ անդրադարձել էր հայտարարությունում, նա նաև կասկածի տակ էր դրել և՛ Քննիչ հանձնաժողովի, և՛ դրա նախագահ Անդրանիկ Քոչարյանի անաչառությունը:

«Անկախ փորձագետների և ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչների բացակայությունը ՔՀ նիստերին ոչ միայն հարցեր է առաջացնում վերջինիս աշխատանքի անկողմնակալության վերաբերյալ, այլև պարարտ հող է հանդիսանում քաղաքական շահարկումների, զրպարտանքների և դիլետանտական բամբասանքների շարունակության համար:

Վերջապես, ՔՀ նախագահող անձը չի կարող անաչառ լինել իր գնահատականներում՝ հաշվի առնելով 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո իմ և Զինված ուժերի հասցեին իր կողմից արված անպատասխանատու հայտարարությունները, որոնց մասամբ արձագանքել էր Պաշտպանության նախարարությունը` 2020թ․ նոյեմբերի 17-ին և 2020թ․ նոյեմբերի 19-ին»,- նշել էր ՀՀ պաշտպանության նախկին նախարարն իր հայտարարության մեջ:

Իսկ Անդրանիկ Քոչարյանը շարունակում է ընդդիմադիրներին հորդորել մասնակցել Քննիչ հանձնաժողովի աշխատանքներին՝ հրաժարվելով ժամանակին արած քաղաքական հայտարարությունից:

Պատրաստվո՞ւմ է ընդդիմությունն առաջիկա 6 ամսվա ընթացքում մասնակցել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի փակ նիստերին, թե՞ շարունակելու է դրանում իմաստ չտեսնել: Այս և այլ հարցերի պատասխաններ փորձել ենք ստանալ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներից:

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը 168.amհետ զրույցում նշեց, որ Քննիչ հանձնաժողովի աշխատանքներին չմասնակցելու վերաբերյալ բազմիցս արտահայտել են իրենց դիրքորոշումը, իսկ երկրում այս ընթացքում իրավիճակը չի փոխվել:

«Գործում է այն իշխանությունը, որը գլխավոր պատասխանատուն է 44-օրյա պատերազմի և դրա հետևանքների համար: Եվ, բնականաբար, այն հանձնաժողովը, որտեղ մեծամասնություն ունի այս իշխանությունը, չի կարող օբյեկտիվ պատկեր ստանալ և այն ներկայացնել: Երկրորդ՝ այն հիմնական հանգամանքները, որոնք հասարակության համար կարևորություն են ներկայացնում, կարևոր են նաև երկրի և պետության տեսանկյունից, դրանով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները: Ինքս կարծում եմ, որ իրավապահ մարմիններն ընդհանուր պատկերն ունեն: Այլ բան է, որ 44-օրյա պատերազմը, այդ թեման ունի կոնկրետ քաղաքական ենթատեքստ, և այսօրվա իշխանությունները փորձում են դրա տարբեր դրվագներն օգտագործել ըստ իրենց սեփական քաղաքական և քարոզչական նպատակների համար: Իսկ մնացած հարցերի՝ ցանկացած ճակատում տեղի ունեցած հանգամանքներից սկսած և վերջացրած պատերազմի մասին հավաստի տեղեկություններ ունենալու պայմաններում զինված ուժերը խաղաղ պայմաններից պատերազմականի չանցնելու, զորքերը համապատասխան ընթացակարգով համալրելու և լրահամալրելու հետ կապված, կարծում եմ, պատասխանները պետք է ունենան իրավապահ մարմինները: Բայց այս իշխանության օրոք կարծել, որ իրավապահ համակարգը կարող է իրական պատկերը ներկայացնել և իրական պատասխանատուներին, մեղավորներին համապատասխան իրավական գործընթացներով պատասխանատվության ենթարկել, տրամաբանական չէ: Ավելին, գործող իշխանության ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանը, ուղղորդելով իրավական, դատական համակարգին, արդեն իսկ նշանակել է պատերազմում պարտության մեղավորներ, պատասխանատուներ, և ակնհայտ է, թե քննիչ հանձնաժողովն այստեղ ինչ դեր և նշանակություն է ունենալու: Այսինքն, փաթեթավորելու է այն, ինչը նախապես արել է Նիկոլ Փաշինյանը, և փորձելու է մոլորեցնել հանրությանը: Այս հանձնաժողովը ոչ ունի հանրային վստահություն, ոչ էլ կարող է որևէ լուրջ արդյունք ապահովել»,- պարզաբանեց Տիգրան Աբրահամյանը:

Կարո՞ղ ենք ենթադրել, որ անկախ օբյեկտիվ պատճառներից, ընդդիմությունը չմասնակցելով քննիչ հանձնաժողովի աշխատանքներին, ինչ-որ տեղ այդ շրջանակում բանակին թողնում է մենակ, հնարավոր է՝ ռազմական որոշ նախկին ղեկավարներ ակնկալում էին ընդդիմության աջակցությունը, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասաց՝ ճիշտ չէ կարծել, որ ընդդիմության մասնակցությունը քննիչ հանձնաժողովի աշխատանքներին պիտի նշանակեր կամ ենթադրեր որևէ մեկի կողմը բռնել:

«Իսկ մեր չմասնակցության հետ կապված մենք ի սկզբանե մանրամասն ներկայացրել ենք մեր դիրքորոշումը և հիմնավորել ենք: Իշխանության ներկայացուցիչների մեծամասնություն ունեցող հանձնաժողովը չի կարող օբյեկտիվ գնահատել 44-օրյա պատերազմի և՛ ռազմաքաղաքական կառավարման, և՛ մնացած բոլոր գործողությունները: Մենք մեր նախագծով առաջարկում էինք ոչ միայն ռազմական գործի կառավարման ուսումնասիրություն իրականացնել, ինչը, ցավոք սրտի, անում է այս հանձնաժողովը, այլև իշխանության բոլոր ճյուղերի գործունեությունը՝ օրենսդիր, գործադիր, դատական, իրավապահ համակարգ: Այսինքն, պատերազմի ընթացքում բոլորի պարտականություններն ու կատարվածը՝ այս ամբողջությունը վեր հանելն էր»,- նշեց Մանուկյանը:

 «Հայաստան» խմբակցության՝ 44-օրյա պատերազմի պատճառները, ընթացքն ու հետևանքները բացահայտելու առաջարկ-նախագծում, մասնավորապես, նշվում էր.

«Հարցերը շատ են և բազմաոլորտ: Հանրությունում ձևավորված բազմաթիվ կասկածներ փարատման կամ հաստատման կարիք ունեն: Մյուս կողմից՝ ուսումնասիրությունն անհրաժեշտ է՝ ինչպես տեղի ունեցած իրադարձություններում մեր բացթողումներն ու սխալները վերհանելու, առերևույթ հանցագործությունները բացահատելու, այնպես էլ ներազգային համախոհությամբ հայոց պետականության հետագա թուլացումը կանխելու, Հայաստանի և Արցախի Հանրապետությունների և հայ ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար:

Պատերազմի հանգամանքների ուսումնասիրությունը ներառում է պետության և հասարակության կյանքի բոլոր ոլորտները՝ պետական կառավարումից մինչև տեղական ինքնակառավարում, երկրի ներքին և արտաքին անվտանգությունից և պաշտպանությունից՝ մինչև հումանիտար և մարդու իրավունքների հարցեր, արտաքին երկկողմ և բազմակողմ հարաբերություններ, և այլն»:

Այս համատեքստում պատգամավորն անդրադարձավ Ապրիլյան հանձնաժողովի աշխատանքներին և ասաց, որ թեև թերի և սուբյեկտիվ ուսումնասիրություն էր կատարվել, բայց չպետք է մոռանալ, որ 2016-ի քառօրյայի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովը ձևավորվեց այն ժամանակ, երբ Ապրիլյանի օրերին եղած քաղաքական իշխանությունն իր ձեռքում այլևս չուներ իշխանություն, և միայն նման դեպքում է հնարավոր ինչ-որ չափով օբյեկտիվ և ամբողջական քննություն ակնկալել:

Այս առաջարկը թղթի վրա մնալուց հետո, արդյո՞ք հնարավոր չէր ստեղծել, ասենք, փաստահավաք խումբ, ինչպես ժամանակին ստեղծվել էր 2008 թվականի մարտիմեկյան իրադարձությունների վերաբերյալ, Գեղամ Մանուկյանը պարզաբանեց.

«Հիշենք, թե ինչպես ձևավորվեց այդ փաստահավաք խումբը, դա քաղաքական կոնսենսուս էր, իշխանության և ընդդիմության երկխոսության շրջանակում էր, բայց, իհարկե, շատ կարճ կյանք ունեցավ: Տվյալ դեպքում այս իշխանությունների հետ երկխոսության և կոնսենսուսի որևէ հիմք, պատճառ չկա, և այդ նպատակը մենք չունենք: Վստահ եմ՝ 44-օրյա պատերազմի համապարփակ քննություն, առաջին հերթին՝ ռազմաքաղաքական կառավարումից սկսած, կարող է իրականացվել միայն իշխանափոխությունից հետո»:

Հիշեցնենք, որ երկու տարի առաջ ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը 168.am-ի հետ զրույցում ասել էր. «Ճշմարտությունը կարող է բացահայտվել միայն իշխանափոխության դեպքում»: Պրոֆեսիոնալ սպայի համոզմամբ՝ գաղտնի տեղեկատվության արտահոսքն անհրաժեշտ են դարձնում իրավականորեն կանոնակարգել անցած պատերազմին առնչվող բոլոր հանգամանքների պետական քննության գործընթացը՝ առավելագույն անաչառություն, համակարգվածություն և մասնագիտական խորություն ապահովելու համար, և հենց ինքն էլ առաջարկել էր 44-օրյա պատերազմի ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծել և այս տարի էլ երկու անգամ գնացել է Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած հանձնաժողով՝ պատասխանելու իրեն ուղղված հարցերին:

Տեսանյութեր

Լրահոս