Խաղաղության հասնելու մեր պարամետրերը կարող են հայ ժողովրդի համար ընդունելի չլինել. Նիկոլ Փաշինյան
Այսօր խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը Նիկոլ Փաշինյանին խնդրեց ներկայացնել Հայաստանի և առհասարակ տարածաշրջանի շուրջ իրադրության իր «ռազմավարական գնահատականը»:
Արձագանքելով պատգամավորի խնդրանք-առաջարկին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ռազմավարական իրադրությունը գնահատելու համար, նախ պետք է արձանագրել, որ միջազգային իրադրությունն ուղիղ ազդեցություն ունի «տարածաշրջանում ռազմավարական իրադրության գնահատականի վրա»։
«Մեր տարածաշրջանում անվտանգության և կայունության համակարգերը դեֆորմացվել են կամ դեֆորմացվում են։ Ինչը նշանակում է, որ մենք առերեսվում ենք լրացուցիչ մարտահրավերների: Մեր ռազմավարական խնդիրն է՝ այդ դեֆորմացիայի բերած անհարթությունները հարթել, թե ինչ մեթոդներով է դա հնարավոր անել, կարող է լինել վարկած, առաջարկ կամ մոտեցում, որ պետք է նոր կոմպոնենտներ ավելացնել անվտանգային ճարտարապետությանը»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը։
Նա ևս մեկ անգամ ընդգծեց, որ խորքային առումով անվտանգություն կարող է ապահովել միայն խաղաղությունը:
«Մենք խաղաղության հասնելու քաղաքական կամք ունենք, այստեղ խնդիրը հետևյալն է, թե ինչքանով մեզ կհաջողվի բանակցային գործընթացի արդյունքում ձևավորել խաղաղության այնպիսի պարամետրեր, որոնք կարող են ընդունելի լինել Հայաստանի կամ Հայաստանի ժողովրդի համար։ Այո, կա տարբերակ, որ խաղաղությունն իրատեսորեն հնարավոր լինի այն պարամետրերով, որոնք սկզբունքորեն ընդունելի են ՀՀ-ի և ՀՀ ժողովրդի համար, կամ իրատեսորեն ընդունելի չէ Հայաստանի ու Հայաստանի ժողովրդի համար»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ իրենց խնդիրն է՝ բանակցային գործընթացում կարողանալ ձևավորել այնպիսի պարամետրեր, որպեսզի «իրատեսությունը, ընդունելիությունը, էմոցիոնալ ֆոնը հնարավորինս բալանսավորել և մոտեցնել իրար»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում