Ալեքսանդր Ազարյանին ՀՔԾ քննիչը դատական նիստի ժամանակ կարող է ասել՝ «անմակարդակ», իսկ քաղաքացին Լիլիթ Խաչատրյանին «անգրագետ» ասել չի կարող. Իրավապահ մարմինների երեսպաշտությունը

Ապրիլի 3-ին Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) հայտարարեց, որ դատավորին վիրավորելը քրեորեն պատժելի արարք է, և երկու դատավորների վիրավորելու կապակցությամբ ԲԴԽ-ն իրավական քայլեր է ձեռնարկել:

«Բարձրագույն դատական խորհուրդն այսօր ընդունված երկու արձանագրային որոշումների հիման վրա դիմել է Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին և Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին, որպեսզի ուսումնասիրվեն Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդգար Հովհաննիսյանի և Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիլիթ Խաչատրյանի պաշտոնեական լիազորությունների իրականացման առնչությամբ Նաիրի Հոխիկյանի և Գագիկ Համբարյանի կողմից արված՝ առերևույթ վիրավորանք պարունակող հրապարակումները»,- ասված էր ԲԴԽ տարածած հաղորդագրության մեջ:

Կարեն Անդրեասյանի կոչն ընդունվեց ի գիտություն, և շատ արագ քրեական վարույթներ նախաձեռնվեցին թե Նաիրի Հոխիկյանի, և թե Գագիկ Համբարյանի վերաբերյալ:

Կարդացեք նաև

Արդեն ապրիլի 25-ին Քննչական կոմիտեն (ՔԿ) հայտարարեց՝ Նաիրի Հոխիկյանի, իսկ ապրիլի 27-ին էլ՝ Գագիկ Համբարյանի վերաբերյալ նախաքննության ավարտ:

«Իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ քաղաքացիական գործով ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդ. Հովհաննիսյանի կողմից վճիռ կայացնելուց հետո, վերջինիս պաշտոնեական լիազորությունների իրականացման առնչությամբ, «Նաիրի Հոխիկյան» ֆեյսբուքյան էջի գրառումներ բաժնում, 2023թ. մարտի 29-ին` ժամը 16:50-ին, Նարիրի Հոխիկյան օգտատիրոջ կողմից կատարվել է գրառում, որում, անհարգալից վերաբերմունք դրսևորելով հիշյալ դատավորի նկատմամբ, վիրավորական արտահայտություն է օգտագործվել դատավորի հասցեին։ Գրառմանը կից առկա են նաև լուսանկարներ»,- նշված է ՔԿ-ի՝ Նաիրի Հոխիկյանին վերաբերող հաղորդագրության մեջ:

Ինչ վերաբերում է գյումրեցի քաղաքագետ Գագիկ Համբարյանի վերաբերյալ հարուցված վարույթին, ապա ըստ ՔԿ-ի՝ «ունենալով անհամաձայնություններ և դժգոհություններ դատավոր Լ.Խաչատրյանի կողմից նախկինում կայացված դատական ակտերի վերաբերյալ, անհարգալից վերաբերմունք դրսևորելով վերջինիս նկատմամբ, կապված նրա պաշտոնեական լիազորությունների իրականացման հետ՝ 2023թ. մարտի 29-ին Գ.Հ.-ն իր կողմից օգտագործվող «Gagik Hambaryan» ֆեյսբուքյան անհատական էջով՝ հանրությանը հասանելի ռեժիմով կատարել է հրապարակում՝ «Վճիռ գողացող անգրագետը՝ Վճռաբեկ դատարանի դատավո՞ր» վերտառությամբ՝ կից տեղադրելով Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիլիթ Խաչատրյանի լուսանկարը»:

Լավ է, որ ԲԴԽ-ն, ՔԿ-ն և դատախազությունը պնդում են՝ դատավորին վիրավորել չի կարելի: Կլինի դատական ակտ, կհասկանանք երկու վարույթներով անցնող անձանց խոսքի նկատմամբ դատարանի դիրքորոշումը: Սակայն շատ վատ է, որ նույն այդ մարմիններն այդքան հետևողական են այն ժամանակ, երբ վիրավորում են միայն յուրային դատավորներին կամ առնվազն՝ իրենց նկատմամբ լոյալ, իրենց անհանգստություն չպատճառող, Նիկոլ Փաշինյանին չզայրացնող դատավորներին:

Օրինակ, երբ գիշեր-ցերեկ ամենաայլանդակ բառապաշարով, այդ թվում՝ նաև հանրային գործիչներ, վիրավորում էին նախկին դատավոր Զարուհի Նախշքարյանին, ումից Կարեն Անդրեասյանն ի վերջո ազատվեց, որևէ մեկը չէր անհանգստանում նշված կառույցներից, թեպետ ինքը՝ դատավորը, բազմիցս ԲԴԽ-ին դիմել է այդ հարցով՝ խնդրելով համապատասխան միջոցներ ձեռք առնել: Ի դեպ, նաև արդարադատության երբեմնի նախարար Կարեն Անդրեասյանի առնչությամբ է դատավորը խնդրել միջոցներ ձեռք առնել, արձանագրել, որ նա իրավունք չունի նվաստացնել դատավորի արժանապատվությունը:

Եվս մեկ օրինակ:

2020թ. սեպտեմբերի 28-ին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը ՀՀ գլխավոր դատախազին է հասցեագրել հաղորդում հանցագործության մասին՝ դատարանի դահլիճում Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) քննիչի կողմից դատական նիստի ժամանակ իրեն կոպտորեն վիրավորելու փաստի առնչությամբ:

2020թ. հոկտեմբերի 12-ին, սակայն, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) քննչական դեպարտամենտի պետին առընթեր հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ա. Այվազյանի որոշմամբ քրեական գործի հարուցումը մերժվել է ՀՔԾ քննիչ Վահե Մարտիրոսյանի արարքում հանցակազմի բացակայության հիմքով:

Այսինքն՝ երբ Գագիկ Համբարյանը դատավոր Լիլիթ Խաչատրյանին ասում է՝ անգրագետ, վիրավորում է, իսկ երբ ՀՔԾ քննիչը դատական նիստի ժամանակ նիստը նախագահող դատավորին ասում է՝ «անմակարդակ», դա վիրավորանք չէ:

Այդպես է կարծել նաև հսկող դատախազ, ԱԱԾ-ում մինչդատական օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Ա. Փանոսյանը, ում որոշմամբ Ալեքսանդր Ազարյանի ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանի բերած բողոքը քրգործ չհարուցելու դեմ մերժվել է, և միայն դատարան դիմելուց հետո է վերացվել ԱԱԾ քննիչ Այվազյանի՝ Ալեքսանդր Ազարյանի բողոքով քրեական գործ չհարուցելու վերաբերյալ որոշումը:

Ի վերջո, 2021թ. ապրիլի 7-ին քրեական գործը հարուցվում է, և նույն թվականի հուլիսի 9-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գևորգ Խալաթյանի որոշմամբ քրեական գործն ընդունվում է վարույթ, և մի քանի ամիս անց՝ նոյեմբերի 29-ին, կարճվում ՀՔԾ քննիչ Վահե Մարտիրոսյանի արարքում հանցակազմի բացակայության հիմքով:

Սրանով այս պատմությունը, սակայն, չի ավարտվում:

Ալեքսանդր Ազարյանի ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանը ևս մեկ բողոք է տանում քննիչի որոշման դեմ, որը, իհարկե, մերժվում է իրավասու դատախազի կողմից:

Բնականաբար, ինչպես առաջին դեպքում, այնպես էլ հիմա, դատավորն ու նրա ներկայացուցիչը ստիպված են եղել կրկին դիմել դատարան: Բողոքը դատարան ստացվել է 2021թ. դեկտեմբերի 23-ին: Այն մակագրվել է Դավիթ Արղամանյանին, ով իր հերթին ինքնաբացարկ է հայտնել, ինչից հետո՝ 2022թ. հունվարի 25-ին արդեն, բողոքը մակագրվել է դատավոր Արշակ Մաթևոսյանին: Վերջինս որոշում է՝ գործը չպետք է կարճվեր:

Ուշագրավ է, որ այս գործով նյութերի նախապատրաստման ընթացքում բացատրություն են տվել դատավոր Ալեքսանդր Ազարյանը, դատական նիստերի քարտուղարը, մինչդեռ ՀՔԾ քննիչ Վահե Մարտիրոսյանը, ով վիրավորել է դատավորին, միայն գրություն է ուղարկել դեպքի մասին:

Ինչևէ, առաջին ատյանի դատարանի որոշումից հետո հատուկ վերանայման բողոք է ներկայացնում դատախազը: Այն մերժվում է դատավոր Արմեն Դանիելյանի կողմից, ով որոշում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2022թ. դեկտեմբերի 20-ի որոշումը թողնել անփոփոխ, այն է՝ քրեական գործը պետք է հարուցվեր, վարույթը չպետք է կարճվեր հանցակազմի բացակայության պատճառով:

Ներկայումս խնդիրը Վճռաբեկ դատարանի տիրույթում է, և Վճռաբեկ դատարանն իր որոշմամբ պետք է արձանագրի՝ ՀՔԾ քննիչի կողմից դատավորին «անմակարդակ» ասելը վիրավորա՞նք է, թե՞ ոչ, և արդյո՞ք վարույթը պետք է կարճվեր:

Այսինքն՝ երկար տարիներ արդարադատություն իրականացրած Ալեքսանդր Ազարյանն արդեն 3 տարի ՀՀ իրավապահ մարմիների հետ հարաբերություններում ու դատական ատյաններում չի կրողանում հասնել տարրական արդարադատության: Իսկ երբ հարցը Ալեքսանդր Ազարյանին ու նրա նման դատավորներին չի վերաբերում, ԲԴԽ-ն, ԱԱԾ-ն, ՔԿ-ն ու դատախազությունը միանգամից դառնում են դատավորների ահեղ պաշտպանը:

Տեսանյութեր

Լրահոս