
Իրավապահները Երևանում Նիդերլանդների քաղաքացու սպանության մի քանի վարկած են քննում

ՀՀ քննչական կոմիտեի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քրննություն է իրականացվում՝ բացահայտելու ապրիլի 30-ին Երևան քաղաքի Մյասնիկյան փողոցում կատարված սպանությունը։
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն։
Սպանվածը նախնական տվյալներով Նիդերլանդների քաղաքացի է, իրավապահները հետաքննում են սպանության մի քանի վարկած։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ 2023 թվականի ապրիլի 30-ին քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայի շենքերից մեկի մուտքի դիմաց արնահոսող, անգիտակից վիճակում գետնին ընկած տղամարդ կա, ով չի շնչում։
Դեպքի առթիվ մայիսի 1-ին նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նշված շենքի շքամուտքի մոտ հայտնաբերվել է արական սեռի, գլխի շրջանում առերևույթ հրազենային վնասվածքով տղամարդու դիակ։ Պարզվել է վերջինիս ինքնությունը, ով հանդիսանում է նույն շենքի բնակիչ, վերջինս, ըստ նախնական տվյալների, Նիդերլանդների քաղաքացի է։
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է երկու հատ պարկուճ, շքամուտքի դռան վրայից առերևույթ հրազենային զենքից կրակված գնդակի բեկոր, ինչպես նաև քննությանը հետաքրքրող այլ առարկաներ:
Հարցաքննվել են բազմաթիվ վկաներ։
Դեպքի առթիվ առաջ են քաշվել մի շարք վարկածներ, որոնց շուրջ իրականացվում են լայնածավալ օպերատիվ-հետախուզական, վարույթային և քննչական գործողություններ։ Նշանակվել են դիակի դատաբժշկական, դատաձգաբանական և դատահետքաբանական համալիր փորձաքննություններ։
Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են անհետաձգելի բոլոր միջոցները՝ դեպքի հանգամանքները, հանցագործություն կատարած անձին կամ անձանց ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ։
Ծանուցում.հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: