Թուրքիայում երիտասարդները չեն ցանկանում քվեարկել Էրդողանի օգտին. AFP
Ուսանող Էմրե Ալի Ֆերլին Ռեջեփ Թայիփ Էրդողանից բացի այլ ղեկավար չի տեսել։
Սա բավական է, որպեսզի 18-ամյա երիտասարդը որոշի չքվեարկել նրա օգտին գալիք նախագահական ընտրություններում, որոնք կայանալու են մայիսի 14-ին։
«Ես հոգնել եմ ամեն օր արթնանալ և քաղաքականության մասին մտածել»,- ասել է Ֆերլին՝ նկատի ունենալով Էրդողանի 20-ամյա իրարանցումային կառավարումը։- Երբ Էրդողանը նախագահ չլինի, երիտասարդները կկարողանան կենտրոնանալ քննությունների վրա և խոսել ազատ։
Ինչպես և Ֆերլին, ընտրական տարիքի հասած մոտ 5,2 մլն թուրքեր (ընտրազանգվածի 8 տոկոսը) Էրդողանի իշխանության գալու պահից՝ 2003-ից, առաջին անգամ ասելու են իրենց խոսքն ընտրությունների օրը։
69-ամյա նախագահի գլխավոր մրցակիցը՝ 74-ամյա նախկին պետական ծառայող Քեմալ Քըլըչդարօղլուն, ակնկալում է Ֆերլիի նման ուսանողների աջակցությունը։
Հանրային կարծիքի հարցումները ցույց են տալիս, որ Քըլըչդարօղլուն լավատեսության հիմքեր ունի։
Մի հարցում ցույց է տվել, որ 18-25 տարեկան թուրքերի 20 տոկոսը պատրաստ է քվեարկել Էրդողանի և նրա իսլամական Արդարություն և զարգացում կուսակցության օգտին նախագահական և խորհրդարանական ընտրությունների ժամանակ։
Թուրքիայում թոշակի տարիքի հասած Էրդողանը և Քըլըչդարօղլուն փորձել են գայթակղել Z սերնդի ընտրողներին բջջային հեռախոսներ գնելու հարկը հանելու և անվճար ինտերնետ-փաթեթների խոստումներով։
Էրդողանի խնդիրները բարդանում են նրանով, որ երրորդ թեկնածուն՝ 58-ամյա աշխարհիկ ազգայնական Մուհարեմ Ինջեն, ներկայանում է որպես ավելի թարմ այլընտրանք։
«Էրդողանի ձայները քիչ են երիտասարդության շրջանում»,- ասել է հարցումների Konda ինստիտուտի հետազոտող Էրման Բաքիրչին։- Նրանք, ովքեր քվեարկելու են առաջին անգամ, ավելի ժամանակակից են և ավելի քիչ հակված կրոնին, քան միջին վիճակագրական ընտրողը, և կեսից ավելին դժգոհ է այն կյանքից, որով ապրում է»։
Անգամ Ստամբուլի աշխատավորական Կասիմփաշե շրջանում, որտեղ մեծացել է Էրդողանը, ոմանք չեն վախենում նրա դեմ հանդես գալ։
«Էրդողանը պետք է հեռանա։ Իմ բոլոր հարևանները կքվեարկեն նրա օգտին, բայց ոչ ես»,- ասել է 19-ամյա Գյոքհան Չելիքը։
21-ամյա Ֆիրաթ Յուրդայիգիթը, որն աշխատում է տեքստիլ արդյունաբերությունում, քննադատել է Էրդողանին Ստամբուլում երրորդ օդանավակայանը կառուցելու համար՝ «մարդկանց մասին հոգալու փոխարեն»։ Նրա կարծիքով՝ ցանկացած թեկնածու ավելի լավն է Թուրքիայի ներկայիս նախագահից։ Նրա ընկերը փորձել է պաշտպանել Թուրքիայի նախագահին։ Բայց անգամ նա խոստովանել է, որ Էրդողանը «մասամբ պատասխանատու» է տնտեսական ցնցումների տարիների, ներառյալ պատմականորեն բարձր գնաճի ու արժույթի արժեզրկման համար։