Բաժիններ՝

«Մեր կողմից հետքայլ չի՛ լինելու, մինչև վերջ գնալու ենք, որ պատասխանատվության ենթարկվեն». Վանաձորում պարեկների կողմից դաժան ծեծի ենթարկված քաղաքացի

Վանաձորում 2022թ. նոյեմբերի 25-ին պարեկային ծառայողների և մի խումբ քաղաքացիների միջև տեղի ունեցած ծեծկռտուքից 5 ամիս է անցել, և չնայած նրան, որ տարածքում տեսախցիկներ են եղել, որոնք հստակ արձանագրել են միջադեպը, գործով դեռ մեղադրյալներ չկան:

Հիշեցնենք, որ դաժան ծեծի ենթարկված քաղաքացիները երեքն էին, ընդ որում, նրանից մեկը՝ անչափահաս:

Ծեծի ենթարկված քաղաքացիներից 33-ամյա Ռադիկ Ավետիսյանը դեպքից օրեր անց, երբ դեռ գտնվում էր «Վանաձոր» բժշկական կենտրոնում, 168.am-ի հետ զրույցում պնդել էր, որ պարեկներն են իրենց վրա հարձակվել, ոչ թե իրենք:

Նա պատմել էր, թե ինչ է իրականում կատարվել նոյեմբերի 25-ին, թե ինչպես են պարեկները դաժան ծեծի ենթարկել իր եղբոր անչափահաս որդուն, արցունքաբեր գազ փչել նրա աչքերին, դա էլ բավարար չէ, բերման ենթարկելիս՝ ոստիկանական մեքենայի մեջ, սպառնացել, թե նրան «մանկական գաղութ են ուղարկելու»:

Կարդացեք նաև

«Երեք հոգով ծեծում էին երեխուն, գազ փչեցին նրա վրա։ Երեխեն էլ աչքերի, տեսողության խնդիր ունի, նաև ասթմա ունի, երևի 100 անգամ իր կյանքը փրկել ենք։ Որ տեսա՝ մի 3 հոգով ծեծում են, ես վերցրել եմ ձեռքիս տակ ընկած գործիքը ու պաշտպանել եմ երեխու կյանքը, ասել եմ՝ մոտիկ չգաք, որովհետև գիտեմ, որ մի հատ ավելի խփելուց, մի հատ ավելի գազ փչելուց երեխեն կարող էր ընկնել կոմայի մեջ ու դուրս չգար։ Երեխուն ոստիկանության բաժանմունքից կոմայով են բերել հիվանդանոց։

Ես ոչ մեկին չեմ հարվածել։ Իմ վրա գազ են փչել, կանդալները գցել, ծեծել, գլուխս տվել ասֆալտով, քցել ավտոն, տարել բաժին։ Բաժնում նորից պարեկային աշխատողն ինձ հարվածել է։ Երեխուն էլ ճանապարհին, Լոռու մարզի պարեկային ոստիկանության պետի տեղակալը՝ Մհեր Խառատյանը, նստել է երեխու վրա, երեխեն ասել ա՝ անչափահաս եմ, խնդիր ունեմ, խնդրում եմ՝ ոչ մի բան մի արեք, նորից հարվածելով տարել է մինչև բաժին ու սպառնացել, որ՝ ես քեզ ուղարկելու եմ մանկական գաղութ․․․»,- պատմել էր ծեծի ենթարկված քաղաքացին:

168.amՌադիկ Ավետիսյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ է իրենց հայտնի քննչական գործողություններից, արդյոք շարունակո՞ւմ են պնդել, որ իրենց դաժան ծեծի ենթարկած պարեկները պատասխանատվության ենթարկվեն, թե՞ հետքայլ են արել.

«Մեր կողմից հետքայլ չի՛ լինելու, ի՞նչ հետքայլ, մինչև վերջ գնալու ենք, որ պատասխանատվության ենթարկվեն: Այնպես ենք անելու, որ ամեն ինչ օրենքով լինի, դրա համար հիմա փաստաբանները զբաղվում են»:

168.am-ը կապ հաստատեց նաև պարեկների կողմից ծեծի ենթարկված քաղաքացիների պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Արեն Մնացականյանի հետ.

«Գործը դեռևս նախաքննության ընթացքում է, քննչական գործողություններ են ընթանում՝ առերես հարցաքննություններ տուժած քաղաքացիների և պարեկների միջև: Այս պահին մեղադրյալ ներգրավված անձինք չկան, քրեական հետապնդման ժամկետները սկսում են գործել այն ժամանակահատվածից, երբ կայացվում են համապատասխան որոշումներ, այս պահին չկան մեղադրյալ ներգրավված անձինք, ուստի նախաքննությունն ընթացքի մեջ է»:

Հարցին՝ եթե ամբողջ միջադեպը տեսանկարահանված է, գործողությունները հստակ երևում են, ո՞րն է պատճառը, որ նախաքննությունը ձգձգվում է, Մնացականյանը պատասխանեց.

«Ըստ էության կա միջադեպ, կա խնդիր, և այդ ուղղությամբ իրականացվում է նախաքննություն: Հաշվի առնելով, որ անձանց շրջանակը բավականին լայն է, այս ուղղությամբ դեռևս քննություն է ընթանում»:

Միջադեպի առնչությամբ հարուցված գործի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով 168.am-ը կապ հաստատեց նաև Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանի հետ։ Նա տեղեկացրեց, որ նշված դեպքի հետ կապված 2 վարույթ կա.

«Մեկը՝ քաղաքացիների, մյուսը՝ ոստիկանության ծառայողների գործողություններում առերևույթ հանցավոր դրսևորումների վերաբերյալ: Երկու վարույթներով էլ դեռևս քրեական հետապնդման ենթարկվող անձինք չկան»:

Նշենք, որ 168.am-ը դեռ 2022 թվականի դեկտեմբերի 1-ին էր գրել, որ Վանաձորի դաժան ծեծի դեպքով, 6 օր անց, դեռևս որպես մեղադրյալ առաջադրված անձինք չկան, և նման հոդվածներով վարույթների պարագայում դեռևս որևէ մեկի որպես մեղադրյալ չներգրավելն ինչ-որ բանի մասին խոսում է:

Հիշեցնենք, որ միջադեպը տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ պարեկները փորձել էին ճանապարհն ազատել Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան համար։

Պարեկներից մեկի և տարեց վարորդի միջև վիճաբանություն էր ծագել, ինչին միջամտել էր նաև նրա որդին:

Ականատեսների խոսքով՝ ավելի ուշ հաշվեհարդար տեսնելու նպատակով պարեկները վերադարձել էին նրանց աշխատավայր ու ծեծի ենթարկել նրանց։

Տեսանյութեր

Լրահոս