Եթե բնակարան գնելն է «ապագա կա»-ի չափանիշը, արտագա՞ղթն ինչի չափանիշն է

Իշխանության համար ապագայի չափանիշն այն է, որ մարդիկ բնակարան են գնում։ Իսկ երբ այդ նույն ժամանակ տասնյակ-հազարավոր քաղաքացիներ արտագաղթում են, դա «ապագայի« չափանի՞շ է, թե՞ ոչ։

Ապագայի չափանիշն առաջին հերթին ոչ թե բնակարան գնելու մեջ է, այլ արտագաղթի ծավալների։

Եթե Հայաստանում ապագա կա, ինչո՞ւ են մարդիկ արտագաղթում, այն էլ՝ տասնյակ հազարներով։

Արտագաղթը թողած, ապագան բնակարան գնելու հետ են կապում։ Նիկոլ Փաշինյանը մարդկանց մոլորեցնելու նոր թեզ է հորինել. ասում է՝ քանի որ մարդիկ բնակարան են գնում, նշանակում է հավատում են «ապագա կա»-ի իրենց տեսլականին։

«Հենց այսօր, հենց այս պահին ՀՀ-ում տեղի է ունենում շուրջ 55,000 բնակարանի կառուցման գործընթաց։

Այսօր բնակարան են ձեռք բերում ոչ միայն ավանդաբար հարուստները, այլև միջին խավը, որը կառավարության վարած տնտեսական քաղաքականության բերումով աշխատելու, արարելու ու իր աշխատանքի արդյունքը տեսնելու հնարավորություն է ստացել։ Սահմանային անկայունության, ՀՀ անվտանգային խոցելիության, աշխարհակարգի փլուզման պայմաններում ՀՀ տասնյակ-հազարավոր քաղաքացիներ բնակարան են ձեռք բերում, հազարավոր ներդրողներ բնակարան են կառուցում։ Ինչո՞ւ են նրանք այդպես վարվում, ի՞նչ է նշանակում քաղաքացիների այս վարքագիծը։ Իմ գնահատմամբ՝ դա նշանակում է և կարող է նշանակել միայն մեկ բան․ մարդիկ հավատացել են կառավարության խաղաղության օրակարգին, մարդիկ հավատում են, որ խաղաղություն լինելու է, ու իրենք իրենց հայրենիքում երջանիկ ապրելու ու արարելու հնարավորություն են ունենալու, այլապես իմաստ չէր ունենա բնակարան ձեռք բերել, կառուցել։ Մարդիկ հավատում են կառավարող մեծամասնության «Ապագա կա՛» կարգախոսին»,- ասում է Նիկոլ Փաշինյանը։

Իսկ որ այդ նույն ժամանակ Հայաստանից տասնյակ-հազարավոր մարդիկ են արտագաղթում, Նիկոլ Փաշինյանը դրա մասին չի խոսում։ Այնինչ՝ իրականում ապագան հենց այստեղ է երևում։

«Ապագա կա՛» կարգախոսի ներքո անցած տարի Հայաստանից ևս 28 հազար քաղաքացի է արտագաղթել։ Գնացել է ու չի վերադարձել։ Եվ սա՝ այն պարագայում, երբ ռուս-ուկրաինական հակամարտության պատճառով Հայաստանի բազմաթիվ քաղաքացիներ ստիպված են եղել վերադառնալ։ Ովքեր էլ մտադրվել էին տեղափոխվել Ռուսաստան, պատերազմի ու պատժամիջոցների պատճառով չեն տեղափոխվել։ Առայժմ չեն տեղափոխվել, հետաձգել են իրենց մտադրությունները։ Երբ վաղը Ռուսաստանում իրավիճակը նորմալանա, եկածները կրկին հետ են գնալու, գնալու մտադրություն ունեցողները ևս գնալու են։

Եթե չլիներ ռուս-ուկրաինական հակամարտությունը, արտագաղթի ծավալները Հայաստանից շատ ավելի մեծ էին լինելու։ Հայտնի է, որ Հայաստանից արտագաղթում են հիմնականում Ռուսաստան։ Ու քանի որ Ռուսաստանում իրավիճակը հիմա այն չէ, մեծացել է արտագաղթի տեմպը այլ երկրներ և հատկապես՝ Միացյալ Նահանգներ։ Մարդիկ պատրաստ են տասնյակ-հազարավոր դոլարներ ծախսել, անասելի դժվարություններ ու զրկանքներ հաղթահարել՝ Միացյալ Նահանգներ կամ այլ երկրներ հասնելու համար։

Եթե Հայաստանում այդքան լավ է ու ապագա կա, ինչո՞ւ են այս մարդիկ իրենց նման զրկանքների ենթարկում։ Հնարավոր ու անհնարին միջոցներով փորձում են հեռանալ։

Հեռանում են, որովհետև այստեղ չեն տեսնում իրենց ու իրենց երեխաների ապագան, որովհետև չեն հավատում իշխանությունների խոստացած խաղաղության դարաշրջանին ու «ապագա կա» կեղծ կարգախոսին։ Հեռանում են, որովհետև չկան անվտանգության տարրական երաշխիքներ։ Ադրբեջանը քայլ առ քայլ, մետր առ մետր նոր տարածքներ է զավթում, ավելի ու ավելի մոտենում Հայաստանի սահմաններին ու սահմանային բնակավայրերին։ Ադրբեջանական զինվորները կարող են անարգել անցնել սահմանն ու օրը ցերեկով ազատ թափառել Հայաստանի բնակավայրերում, մտնել մարդկանց տները, մարդ սպանել ու միայն երջանիկ պատահականությամբ բռնվել քաղաքացիների կողմից։

Հարցումներն են ցույց տալիս, որ հարյուր-հազարավոր քաղաքացիներ պատրաստ են հեռանալ երկրից։ Դա երևում է նաև ԱՄՆ մուտքի թույլտվություն ստանալու կամ հայտնի «գրին քարտի» խաղարկության մասնակիցների ահռելի քանակներից։

Անցած տարի, պաշտոնական տվյալներով, Հայաստանից 28 հազարով ավելի շատ ՀՀ քաղաքացի է գնացել, քան վերադարձողներն են եղել։

Սա էլ խիստ մտահոգիչ թիվ է, բայց դա չէ արտագաղթի այն իրական պատկերը, որը մենք ունենք իշխանությունների հայտարարած խաղաղության դարաշրջանում։

Պատերազմին հաջորդած տարում Հայաստանից արտագաղթածների թիվը շատ ավելին էր։ Մեկնողների ու ժամանողների տարբերությունն այդ տարի կազմեց 73,5 հազար։

Երկու տարվա ընթացքում ավելի քան 100 հազար քաղաքացի է հեռացել Հայաստանից։ Այսպես են մարդիկ հավատացել Նիկոլ Փաշինյանի ասած՝ «կառավարող մեծամասնության «ապագա կա» կարգախոսին»։

Բայց այս մասին Նիկոլ Փաշինյանը չի խոսում։ Ապագայի հետ կապված նրա ոչնչով չարդարացված լավատեսությունն այն բանի մեջ է, որ մարդիկ բնակարան են գնում։

Եթե նույնիսկ համարենք, որ մի քանի հազար մարդ հավատացել է իշխանությունների խոստացած ապագային ու խաղաղության դարաշրջանին և բնակարան է գնել՝ իսկապես իր ապագան կապելով Հայաստանի հետ, ապա, շատ ավելի շատերը չեն հավատացել դրան ու հեռացել են երկրից։

Թեև այն, որ մարդիկ բնակարան են գնում, դեռ չի նշանակում, որ նրանք հավատում են իշխանությունների խոստացած ապագային ու խաղաղության դարաշրջանին։

Դա բոլորովին այլ պատճառներ ունի։ Եկամտային հարկի վերադարձն արտոնյալ պայմաններով բնակարան կամ անշարժ գույք գնելու հնարավորություն է տվել, ինչից էլ մարդիկ փորձում են օգտվել։ Երբեմն էլ՝ զուտ բիզնես նպատակներով։ Բնակարաններ են գնում՝ հետո վարձով տալու կամ վերավաճառելու ակնկալիքով։ Կառավարությունը որոշել է սուբսիդավորել այդ բնակարանների գնումը, մեծ գումարներ է ծախսում բյուջեից։

Վերջին 4-5 տարիներին ավելի քան 200 մլն դոլար է տվել, որպեսզի կարիք ունեցող-չունեցող, այդ թվում՝ իշխանության մեջ գտնվող շատ բարձրաստիճան պաշտոնյաներ բնարականներ ձեռք բերեն։ Երբեմն էլ՝ ճոխ բնակարաններ, հարյուրավոր քառակուսի մետրերով։

Մարդիկ իրենց ճոխություններ են թույլ տալիս, իսկ կառավարությունը հարկատուների փողերի հաշվին նրանց լավություն է անում։ Դա է պատճառը, որ մարդիկ շտապում են բնակարան գնել, և ոչ թե այն, որ հավատում են իշխանությունների խոստացած «ապագա կա»-ին։

Իշխանության գալուց առաջ էլ էին պայծառ ապագայի խոստումներ տալիս, տեսանք, թե ինչ եղավ։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս