
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ

ՀՀ կառավարությունից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ:
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի, այդ թվում՝ Վաշինգտոնում օրերս կայանալիք քննարկումների շուրջ։
Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանում հաստատված ռազմաքաղաքական և հումանիտար իրադրությանը: Վարչապետն ընդգծել է, որ Լաչինի միջանցքում ադրբեջանական կողմի քայլերը միտված են ԼՂ-ում էթնիկ զտումներ իրականացնելու և ԼՂ-ն ամբողջությամբ հայաթափելու իր քաղաքականության հետևողական իրագործմանը։
Վարչապետը շեշտել է Ադրբեջանի կողմից տարածաշրջանային անվտանգությունը խարխլող գործողություններին միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը և գործուն քայլերի ձեռնարկումը՝ Արդարադատության միջազգային դատարանի վճռի անվերապահ կատարման ուղղությամբ: Անդրադարձ է կատարվել հումանիտար բնույթի այլ հարցերի: