
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հունիսին կժամանի Լիտվա՝ Բունդեսվերի բրիգադի վարժանքներին հետևելու

Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հունիսին կայցելի Լիտվա, որտեղ կհետևի Բունդեսվերի (Գերմանիայի զինված ուժեր) բրիգադի զորավարժություններին: Այս մասին Ստոլտենբերգը հայտնել է լիտվացի լրագրողների հետ առցանց ձևաչափով անցկացված մամուլի ասուլիսում։
«Գերմանիայի զինված ուժերի բրիգադը վարժանքներ կանցկացնի Լիտվայում, որին ես ներկա կգտնվեմ», – մեջբերում է ТАСС-ը նրա խոսքերը։
Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան և Գերմանիայի դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցը Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում ստորագրել են Լիտվայի անվտանգության ապահովման գործում Բունդեսվերի բրիգադի մասնակցության մասին հուշագիրը։ Բրիգադը կցել են Լիտվային: Բեռլինում նշում են, որ բալթյան հանրապետությունում կարելի է տեղակայել անձնակազմի և տեխնիկայի կեսը, իսկ մյուս կեսը կարող է գտնվել Գերմանիայում և սպասել վերատեղակայման, ինչը ծայրահեղ իրավիճակում հնարավոր է անել 10 օրում: