
Հայաստանի նախագահն ու Նիդերլանդների դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առկա սերտ համագործակցության վերաբերյալ հարցերի լայն շրջանակ

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Նիդերլանդների Թագավորության ազգային տոնի և թագավոր Վիլլեմ-Ալեքսանդրի ծննդյան տոնի առիթով ընդունել է Հայաստանում Նիդերլանդների արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, ողջունելով հյուրին՝ Վահագն Խաչատուրյանը նշել է.
«Սրտանց շնորհավորում եմ: Խորհրդանշական է, որ միապետի ծննդյան օրը Նիդերլանդներում նշվում է նաև որպես միասնության և համերաշխության օր: Ընդունեք իմ և մեր ժողովրդի կողմից անկեղծ շնորհավորանքներ: Մաղթում եմ ձեզ նոր հաջողություններ և ձեռքբերումներ գիտության, մշակույթի, սպորտի բնագավառներում»:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպանն ասել է.
«Շատ ուրախ եմ հանդիպել Ձեզ հետ: Շատ ուրախ եմ նաև, որ հնարավորություն ունեմ քննարկել հայ-նիդերլանդական երկկողմ հարաբերությունները»:
Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի և Նիդերլանդների միջև առկա սերտ համագործակցության վերաբերյալ հարցերի լայն շրջանակ:
Երկուստեք կարևորվել են տնտեսական, սոցիալական, բարձր տեխնոլոգիաների, մշակույթի և այլ ոլորտներում իրականացվող համատեղ ծրագրերն ու նախաձեռնությունները: