Հայաստանի ՄԻՊ-ը փորձելու է առաջին իսկ հնարավորության դեպքում այցելել Արցախ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը փորձում է գտնել հնարավոր տարբերակներ՝ Արցախ այցելելու համար:

Մանասյանն այս մասին ասաց կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետ դնելուն, Արցախի 120 հազար քաղաքացիներին ամիսներ շարունակ շրջափակման մեջ պահելու խնդրին:

«Երկու հարթության տեսանկյունից եմ այս հարցին մոտենում: Մեկը՝ միջազգային հանրության հետ տարվող աշխատանքներն են, որն այս փուլում շատ ակտիվ եմ իրականացնում: Իմ նախաձեռնությամբ բոլոր միջազգային հնարավոր դերակատարների մոտ բարձրաձայնում եմ այս խնդիրը, նրանց հետ քննարկում եմ ուղիներ, որոնք հնարավոր են այս փուլում խնդիրները լուծելու տեսանկյունից: Իհարկե, դրանք բարձրաձայնում եմ մարդու իրավունքների պաշտպանության դիտանկյունից»,-ասաց Մանասյանը:

ՄԻՊ-ը վստահեցրեց, որ դերակատարների հետ անընդհատ խոսում է, փորձում են հնարավոր քայլեր մտածել: Մանասյանը դիմելու է նաև մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող կազմակերպություններին: Նա հույս հայտնեց, որ շատ պատշաճ կազմակերպված իրավական գործընթացների, քաղաքականության միջոցով, միգուցե, հնարավոր լինի այս խնդիրներին լուծում տալ:

Թեև մարդու իրավունքների պաշտպանութան խնդիրները բարձրաձայնելն ամենակարևորներից է, բայց ՄԻՊ-ը շատ կարևորեց նաև քաղաքական և այլ բնագավառների տեսանկյունից էլ հարցերին լուծում տալը: ՄԻՊ-ն այդ մանդատը չունի, սակայն նաև Հայաստանի գործընկերների հետ անընդհատ կապի մեջ է, փորձում է նրանց հետ էլ քննարկել այն հնարավոր տարբերակները, որոնք կարող են տանել հարցի լուծմանը: Հայաստանի ՄԻՊ-ը վստահեցնում է, որ ամենօրյա կապի մեջ է Արցախի ՄԻՊ-ի հետ:

Անդրադառնալով հարցին, թե ինքը որպես ՄԻՊ փորձելո՞ւ է այցելել Արցախ՝ նա ասաց. «Ես, բնականաբար, առաջին իսկ հնարավորության դեպքում փորձելու եմ պարտադիր Արցախ այցելել: Կարծում եմ՝ շատ կարևոր է նաև ցույց տալ մարդու իրավունքների ոլորտի այն խնդիրները, որոնք այնտեղ առկա են: Բնականաբար, մենք նաև պետք է արտաքին քաղաքական և այլ հնարավորությունները հաշվի առնենք: Ես այս պահին փորձում եմ գտնել հնարավոր տարբերակներ՝ իմ այդ ցանկությունն ի կատար ածելու համար»:

Տեսանյութեր

Լրահոս