Հաստատվել է արտադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման ժամանակացույցը
ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է պետական կամ համայնքային կազմակերպությունների արտադպրոցական ծրագրեր իրականացնող մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման ժամանակացույցը։
Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, 2023 թվականի ապրիլի 29-ին ատեստավորումը կիրականացվի ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտ, սամբո և ձյուդո մարզաձևերի մարզիչ-մանկավարժների համար։
2023 թվականի ապրիլի 30-ին ատեստավորումը կիրականացվի «Դաշնամուր» և «Երաժշտության տեսություն» (սոլֆեջո և երաժշտական գրականություն) առարկաները դասավանդող մանկավարժական աշխատողների համար:
Մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորումը կիրականացվի Երևանի թիվ 135 հիմնական դպրոցում:
Մանկավարժական աշխատողների ատեստավորումն իրականացվելու է գրավոր՝ թեստավորման եղանակով՝ Գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից: Թեստերը բաղկացած են ընտրովի կամ կարճ պատասխաններ պահանջող առաջադրանքներից:
Ատեստավորման արդյունքները կհրապարակվեն ատեստավորման օրվանից հետո հինգերորդ աշխատանքային օրը՝ ԳԹԿ-ի կայքում։
Անկախ դասավանդման ուղղությունների քանակից` մանկավարժական աշխատողը տվյալ տարում կարող է ատեստավորման հայտ ներկայացնել միայն մեկ անգամ` մեկ ուղղությամբ (իր ընտրությամբ):
Ատեստավորման քննության թեստի ուղեցույցներին կարելի է ծանոթանալ ԿԳՄՍ նախարարության ու Գնահատման և թեստավորման կենտրոնի կայքերում:
Գործընթացը կիրականացվի՝ համաձայն ՀՀ կառավարության 2023 թվականի մարտի 2-ի «Պետական կամ համայնքային կազմակերպությունների արտադպրոցական ծրագրեր իրականացնող մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից լրավճարի տրամադրման կարգը սահմանելու» N 269-Ն որոշման դրույթների: