
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի վարչապետին

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի Հանրապետության վարչապետ Կայա Կալասին՝ պաշտոնը վերստին ստանձնելու առթիվ: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ կառավարության տարածած ուղերձից, մասնավորապես, ասված է.
«Ձերդ գերազանցություն,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Էստոնիայի վարչապետի պաշտոնը վերստին ստանձնելու կապակցությամբ:
Ցանկանում եմ գոհունակությամբ արձանագրել Էստոնիայի և Հայաստանի միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության դրական դինամիկան։
Մենք բարձր ենք գնահատում Էստոնիայի պատրաստակամությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին և կառավարման բարելավմանն աջակցելու գործում։
Կարևորում ենք նաև Էստոնիայի՝ որպես Եվրոպայում Հայաստանի կարևոր գործընկերներից մեկի անվերապահ աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա զարգացմանը:
Մաղթում եմ Ձեզ և երկրի նորաստեղծ կառավարությանը արգասաբեր աշխատանք և նորանոր ձեռքբերումներ, իսկ Էստոնիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»: