Փաշինյանի վարկանիշը նվազում է. նա փողոցում այլևս մարդ չունի. Վիգեն Հակոբյան
Երեկ երեկոյան Երևանում հերթական քաղաքացին բերման ենթարկվեց ոստիկանության բաժանմունք՝ Նիկոլ Փաշինյանին դավաճան անվանելու համար. նույն օրն ավելի վաղ քաղաքացիները դավաճան էին անվանել նաև Նեմեսիսի հերոսների հուշարձանի բացման արարողությանը մասնակցող Երևանի ՔՊ-ական փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանին։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով իշխանության նկատմամբ հասարակական բացասական տրամադրությունների ավելացման մասին, նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
Ամեն քայլափոխի իշխանության հասցեին հնչեցվող դավաճան վանկարկումները նա պայմանավորեց այն տեղաշարժերով, որոնք նկատվում են տարբեր էլիտաների մոտ, իսկ քանի որ էլիտաներից Փաշինյանը միշտ էլ վախեցել է, ուստի հանրային արձագանքները իշխանության մոտ դառնում են նյարդային պոռթկումների պատճառ։
«Վախերից դրդված՝ Փաշինյանը գնում է էլիտաների և ժողովրդի միջև հակադրությունների ստեղծման ճանապարհով։ Վերջին անգամ էլ նման մի հակադրության գնաց Ազգային ժողովում և հայտարարեց, թե իրենք ոչ թե էլիտա են, այլ միջին վիճակագրական քաղաքացի։ Նա սա հատուկ է անում՝ ցույց տալու համար, որ կա ժողովուրդ, և կա էլիտա, որից էլ իր իշխանությանը վտանգ է սպառնում, որվհետև գիտի՝ հասարակությունը առանց շարժիչ ուժերի որևէ բան չի կարող ինքնաբուխ անել»,- ասաց Հակոբյանը։
Քաղտեխնոլոգի համոզմամբ՝ փաշինյանական իշխանության մաս չկազմող էլիտաների շրջանակում հիմա տեղի են ունենում փոխակերպման գործընթացներ, որոնց մասին նաև իշխանությունն է որոշակի տեղեկության տիրապետում։
Ըստ մեր զրուցակցի՝ իշխանությունը տեսնում է, որ ընդդիմադիր դաշտում քաղաքական վերնախավերի մոտ կարող են արմատական փոփոխություններ տեղի ունենալ ու ծնվել նոր գաղափարներ։
«Քաղաքական դաշտում ամեն բան կախված է անձերից, հիմա պետք է տեսնել, թե արդյո՞ք այդ անձերը կարող են իրենց կոմֆորտի զոնայից դուրս գալ և կարմիր գծեր անցնել, որոնք գծել են իրենց համար»,- ասաց Հակոբյանը՝ ընդգծելով, որ Հայաստանի ներկայիս իշխանությունը նաև վախեր ունի հոգևոր էլիտայից։
«Հայ Առաքելական եկեղեցին Նիկոլ Փաշինյանի համար վտանգ է պարունակում, որովհետև եկեղեցին, որը պայքարում է աղանդների դեմ, կարող է պայքարել նաև Փաշինյանի իշխանության, կամ որ նույնն է՝ տոտալիտար աղանդի դեմ։ Փաշինյանի վախերը պայմանավորված են նաև նրանով, որ իր վարկանիշը նվազում է ամեն օր։ Եթե 2021 թվականի ընտրություններին 688 հազար մարդ է քվե տվել այս իշխանությանը, ապա հիմա Փաշինյանը կորցրել է այդ քվեների 2/3-ը, ուստի ստիպված է դա գիտակցելով՝ վերադառնալ իր ընտրազանգվածին և այցելել, օրինակ, Հայաստանի մարզեր»,- ասաց Հակոբյանը։
Քաղտեխնոլոգը պնդեց՝ Փաշինյանը հիմա խնդիր ունի գոնե ինչ-որ բան պահելու. հասկանում է՝ իր ունեցած միակ հենարանն ուժայիններն են։
«Նա փողոցում ընդհանրապես մարդ չունի, իսկ իր ունեցած 2-3 հազար բերետավորները տասնյակ հազարների դիմաց երբ կանգնեն, հարց չեն լուծելու, փոխարենը՝ ընդդիմությունն ունի հսկայական ռեսուրս. չէ՞ որ 400 հազար մարդ կոնկրետ չի ընտրել այս իշխանությանը։ Փաշինյանն այլևս փողոցով մարդ չի կարող հանել, ուստի ընդդիմության գործողությունների ծրագրի դեպքում Փաշինյանին ունեցած 2-3 հազար բերետավորները ևս բավարար չեն լինելու»,- ասաց Վիգեն Հակոբյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։