Իրավաբանների համար ՄՍ հարցերին առնչվող աշխատանք միշտ կա. տեխնոլոգիաներն արագ զարգանում են, իսկ օրենքը հաճախ չի հասցնում այդ տեմպին. Վազգեն Զախարյան

Աշխարհն այսօր՝ ապրիլի 26-ին, նշում է մտավոր սեփականության համաշխարհային օրը: Հայաստանի Հանրապետությունը Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության WIPO անդամ է հանդիսանում 1993 թվականից։ ՄՍՀԿ-ի հետ համագործակցում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակը, որն իրականացնում է մտավոր սեփականության պահպանության հետ կապված գործառույթները:

Ի դեպ, օրերս այս գրասենյակը ներկայացրել է 2022 թվականի հաշվետվությունը, որից պարզ է դառնում՝ 2022 թվականին նախորդ տարվա համեմատությամբ մոտ 9%-ով ավելացել է ազգային ընթացակարգով ստացված ապրանքային նշանների գրանցման հայտերի, ինչպես նաև՝ Միջազգային ընթացակարգով (Մադրիդյան համակարգ) Հայաստանի Հանրապետության նշմամբ ստացված ապրանքային նշանների միջազգային գրանցման մասին ծանուցումների քանակը: Գյուտերի և արդյունաբերական դիզայնների ոլորտում ևս արձանագրվել է հայտերի ներկայացման աճ:

Մտավոր սեփականության հարցերով Հայաստանում զբաղվում են նաև տարբեր ոչ պետական կառույցներ ու անհատ իրավաբաններ:

Իրավաբան, արվեստի գործիչ Վազգեն Զախարյանին դիմում են կրեատիվ ոլորտների ներկայացուցիչները՝ տեղեկատվական տեխնոլոգիաներին, արվեստին առնչվող հարցերով, ինչպես նաև՝ մշակութային ժառանգության խնդիրներով: Մասնագետն այսօր ուսումնասիրում է նաև արհեստական բանականությանն առնչվող թեմաները:

Կարդացեք նաև

168.am-ի հետ զրույցում Վազգեն Զախարյանը նշեց՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ճյուղերի արագընթաց զարգացումն առավել է մեծացնում մտավոր սեփականության դերն ազգային տնտեսություններում:

«Մտավոր սեփականությունը տնտեսական բարեկեցության առաջանցիկ զարգացման շարժիչն է։ Մարդկային միտքն անգին է, և ինտելեկտուալ գործունեության արդյունքների պաշտպանության խնդիրներն են չափազանց կարևոր, հետևաբար, 2017 թվականից ես ուսումնասիրում եմ գիտության այս ոլորտը։

Ցավոք, այսօր Հայաստանում բավականին խնդրահարույց է հանրային ուշադրությունը մտավոր սեփականությանն առնչվող դրույթներին՝ հաճախ անտեսվում են նյութերի օգտագործման տարրական պահանջները, համացանցում գործունեության ընթացքում հատկապես չեն ընթերցում նյութերի, ծրագրերի արտոնագրերը (լիցենզիաները), ուշադրություն չեն դարձնում կոնտենտի բնույթին՝ կոմերցիո՞ն է, թե՞ սովորական ինչ-որ նյութ է:

Կրթական օջախներում, կարծում եմ, պետք է մեծ ուշադրություն դարձնել մտավոր սեփականության հարցերին՝ հատկապես մշակութային գործիչները, ստեղծագործ մասնագիտություններ ունեցողները, իրավաբանները, լրագրողները, բժիշկները պետք է տեղյակ լինեն իրենց իրավունքներին, որովհետև միայն այդ դեպքում սեփական ստեղծագործական, գիտական աշխատանքը կլինի պաշտպանված, կբարձրանա գիտական աշխատանքի որակը, կօգնի խուսափել պլագիատից»,- անդրադառնալով իր գործունեությանը՝ մանրամասնեց իրավաբանը:

Մեր զրուցակիցը հավելեց՝ Հայաստանն ունի բարձր որակի իրավաբանական պլատֆորմ, այս հարցերն ընդգրկող և տարիներ շարունակ բարելավված օրենքներ, որոնք պետք է գործեն:

Նա շեշտեց՝ այդ օրենքները կգործեն, եթե հանրությունն առավել տեղեկացված լինի:

«Այս հարցերով զբաղվող կառույցներ կան, սակայն այլ հարց է՝ արդյո՞ք հեղինակները դիմում են, կամ, օրինակ, հրատարակչական ընկերությունները, ինստիտուցիոնալ և կորպորատիվ կազմակերպությունները լրջորեն զբաղվո՞ւմ են այդ խնդիրներով,- նկատեց նա, ապա նաև ուշադրություն հրավիրեց մեդիա դեմքերի գործունեության վրա. օրինակ, բլոգերների, որոնք խոսում են մշակույթի, բժշկության կամ այլ մասնագիտական ​​ոլորտների մասին,- Նրանց իրավունքները նույնքան կարևոր են, որքան օրենքի նորմերին հավատարիմ մնալու պարտավորությունը՝ որպես բարձր մշակույթի էթիկական նշան և հարգանք գործընկերների, իրենց հետևորդների նկատմամբ»:

«Իրավաբանների համար ՄՍ հարցերին առնչվող աշխատանք միշտ կա, որովհետև տեխնոլոգիաները արագ զարգանում են, իսկ օրենքը հաճախ չի հասցնում այդ տեմպին, քանի որ օրենքներ ընդունելու, փոփոխելու գործընթացն ավելի երկարատև է՝ մինչև ուսումնասիրում են, հաստատում են և այլն»,- ամփոփեց իրավաբանը:

2018 թվականին Վազգեն Զախարյանի ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա հրատարակվել է «Հայաստանը և հեղինակային իրավունքը» գիրքը, որը պատմում է Հայաստանում ՄՍ-ի ծագումը գտնելու, հեղինակային իրավունքի կառավարման մեխանիզմները վերլուծելու և նրանց ստեղծագործությունների հեղինակներին արդյունավետ պաշտպանություն ապահովելու հիմունքների, ինչպես նաև մտավոր սեփականության իրավական պաշտպանության համակարգի կատարելագործմանն առնչվող փորձերի մասին։

2021 թվականին Ժնևի դիվանագիտության և միջազգային հարաբերությունների դպրոցում նա անգլերենով պաշտպանել է մագիստրոսական թեզը՝ «Մտավոր սեփականության ինստիտուտի կայուն զարգացման հեռանկարները զարգացող երկրների համար տարածաշրջանային տնտեսական ինտեգրման շրջանակներում» թեմայով։

Հիշեցնենք՝ Մտավոր սեփականություն ասելով՝ հիմնականում հասկանում ենք օրենքով ամրագրված իրավունքներ, որոնք վերաբերում են արդյունաբերության, գիտության, գրականության և արվեստի ոլորտներում մտավոր գործունեությանը, ինչպես նաև դրանց հավասարեցված քաղաքացիական շրջանառության մասնակիցների, ապրանքների և ծառայությունների անհատականացման միջոցներին։ Մտավոր սեփականությունը բաժանվում է երկու հիմնական ոլորտի՝ արդյունաբերական սեփականություն և հեղինակային իրավունք:

Տեսանյութեր

Լրահոս