«Ազատ Արցախը ողջունում է ձեզ» ցուցանակն այլևս չկա, վատ չե՞ք զգում ձեզ, որպես իշխանություն. լրագրողը՝ ՔՊ-ական պատգամավորին. aravot.am

Ադրբեջանական հերթական անցակետն է տեղադրվել Լաչինի միջանցքում և, ըստ էության, իշխանությունները քայլեր չեն ձեռնարկում. ըստ aravot.am-ի, այսօր լրագրողների այս դիտարկմանն ի պատասխան՝ ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանն ասել է.

«Համաձայն չեմ, որ ՀՀ-ն որեւէ քայլ չի ձեռնարկում: Քայլեր ձեռնարկվում են եւ դրանք, ըստ էության, տեսանելի են: ՄԱԿ-ի միջազգային դատարանը որոշում կայացրեց, որը պարտադիր կատարման ենթակա իրավական ակտ է, բայց, այնուամենայնիվ, Ադրբեջանի կողմից դեռեւս չի իրականացվել: Բայցեւայնպես, պառլամենտական դիվանագիտությունը շատ ակտիվ աշխատում է այդ ուղղությամբ եւ բոլոր հանդիպումների ընթացքում ինտենսիվ այդ հարցը բարձրացվում է: Մեր միջազգային գործընկերները տարբեր միջազգային հարթակներում եւս այդ շեշտադրումը կատարում են: Մեր առաջարկությունն է եղել, որպեսզի սանկցիաներ կիրառվեն Ադրբեջանի նկատմամբ որպես պարտադրող միջոց ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշումը կատարելու համար»:

Հարցին՝ «Ազատ Արցախը ողջունում է ձեզ» ցուցանակն այլեւս չկա, վատ չե՞ք զգում ձեզ՝ որպես իշխանության ներկայացուցիչ, ձեր քաղաքական թիմի գործունեության պատճառն է այս ամեն ինչը՝ Զեյնալյանը պատասխանեց. «Նման ձեւակերպումը շատ սխալ է ձեր կողմից, որովհետեւ ցուցանակի առկայությունը կամ բացակայությունը որեւէ վատ զգալու բան չէ… Այստեղ կարեւորն այն է, որ գործադրվում են առավելագույն ջանքեր, որ հարցը լուծվի խաղաղ պայմաններում եւ ՀՀ-ն հասնի երկարաժամկետ խաղաղությանը տարածաշրջանում՝ նաեւ խաղաղության պայմանագրի միջոցով: Ադրբեջանը պատերազմ է ուզում, խաղաղությանը այլընտրանք, այլ միջոց չկա»:

 

Տեսանյութեր

Լրահոս