Թուրքիայի առաջ որևէ նախապայման չենք դնելու. վրեժխնդրությամբ խնդիրը չի լուծվում. Վիգեն Խաչատրյան
Հայաստանը Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելիս որևէ նախապայման չի դնելու, որևէ հարց չի բարձրացնելու, «Մեծ եղեռնի» ճանաչման պահանջ չի դնելու։
Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը՝ ընդգծելով՝ ոչ թե Հայաստանի, այլ Թուրքիայի ժողովուրդը պետք է պահանջի, որ թուրքական իշխանությունը ճանաչի Ցեղասպանության փաստը։
«Երբ մենք հարաբերությունները Թուրքիայի հետ վերականգնենք, հաստատենք դիվանագիտական հարաբերություններ, մեր պատմության ընթացքում ծառացած բոլոր կնճռոտ հարցերը լուծումներ կստանան։ Հարաբերությունների կարգավորման ճանապարհին, դրանից հետո ոչ մի պայման Թուրքիայի առջև չենք դնելու։ Նման քննարկում իրենց հետ հիմա չենք ունենալու»,- ասաց պատգամավորը։
Ըստ նրա՝ այնպես չէ, որ աշխարհը նստած սպասում է, թե մենք ինչ ենք պահանջում։ Պահանջը պիտի լինի քո հոգում պահած պահանջ, որ դու կյանքի կոչես: Եվ ի՞նչ է փոխվել, որ աշխարհի շատ երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։ Այն պետությունները, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, մեզ կոչ են անում գնալ երկխոսության։ Պետք է թուրքական հասարակությունը իր երկրից պահանջի ճանաչել ցեղասպանությունը, իսկ որպեսզի հասարակությունը պահանջի, հայերն ու թուրքերը պիտի շփվեն, ճանաչեն միմյանց։ Մենք պիտի էդ պատը քանդենք, երկու հասարակությունները իրար լավ չեն ճանաչում»,- նշեց Խաչատրյանը։
Մանրամասն՝ տեսանյութում