Երբ երկրի արտաքին քաղաքականությամբ զբաղվում են դիլետանտները…

Այլևս որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ 2018թ. իշխանափոխությունից հետո Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորը կարծես ճոճանակ լինի, որը մե’կ ուղղվում է դեպի Արևմուտք, մե’կ դեպի Ռուսաստան։ Այդ անկայուն ու անկանխատեսելի տատանումների արդյունքում էլ Հայաստանը, արդեն մի քանի տարի շարունակ, իր արտաքին գործընկեր երկրների համար դադարել է լինել վստահելի դաշնակից՝ փոխարենը տարածաշրջանում դառնալով միջոց այս կամ այն երկրի սեփական քաղաքական շահերի առաջմղման համար։

Որքան էլ ցավալի է, սակայն պետք է արձանագրել, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները չեն ընդունում արտաքին քաղաքականության մեջ իրենց թույլ տված կոպտագույն սխալները։ Եվ եթե 2018-ի իշխանափոխությունից հետո հասարակության մի հատված թույլ տրված սխալների առկայությունը վերագրում էր նոր իշխանությունների անփորձությանը, ապա ինչպե՞ս կարելի է այդ ամենը որակել հիմա՝ 5 տարի անց։

Տպավորություն է ստեղծվում, թե ներկայիս իշխանություններն ապրում են մի ինչ-որ երևակայական Հայաստանում, որտեղ նրանք հաջողել են ամեն ոլորտում, առաջատարներն են և աննախադեպները։ Կառավարությունն ամփոփում է նախորդ՝ 2022թ. ընթացքում կատարած աշխատանքը և հայտարարում, որ «ՀՀ կառավարությունը շարունակել է բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականություն»։

Ի՞նչ բալանսավորված արտաքին քաղաքականության մասին է խոսքը, երբ փաստացի վատթարացվել են առկա դաշնակիցների հետ հարաբերությունները և փոխարենը նոր դաշինքներ չեն ձևավորվել։ Բալանսավորո՞ւմ է արդյոք նշանակում այն, որ իշխանական քաղաքական թիմի ներկայացուցիչները հնարավոր բոլոր հարթակներից խոսում են Հայաստանի ռազմական միակ դաշնակից Ռուսաստանի նախագահ Պուտինի ձերբակալության մասին։ Եթե այո, ապա, իրապես, կառավարությունը հաջողել է այս ոլորտում։ Իսկ գուցե բալանսավորման քաղաքականության արդյո՞ւնք է Վաշինգտոնում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի մոսկովյան պլանին հավանություն տալը, կամ գուցե ՀԱՊԿ առաքելության փոխարեն՝ ԵՄ առաքելության հաստատումը ՀՀ-Ադրբեջան սահմանին, այնինչ այդ սահմանի որոշ հատվածներում տեղակայված են ռուսական զորքեր։

Կառավարությունը խոսում է այն մասին, որ «ՀՀ-ն շարունակել է ընդլայնել համագործակցությունը ՌԴ-ի հետ քաղաքական, տնտեսական, ռազմական, անվտանգային և այլ ուղղություններով», սակայն մոռանում է, որ իր գործողություններով զուգահեռաբար նոր հակասություններ է ստեղծել ռազմավարական դաշնակցի հետ՝ հայտարարությունները ՀԱՊԿ-ի՝ Հայաստանից դուրս գալու մասին, ՌԴ նախագահին ձերբակալելու վերաբերյալ ԱԺ նախագահի և իշխանական պատգամավորների տարօրինակ հայտարարությունները, մի քանի հակառուսական դեմարշները, մեղադրանքներ՝ ուղղված ռուս խաղաղապահներին. այս ամենը միայն վատթարացնում են երկկողմ հարաբերությունները, երբեմն՝ արժանանում նաև ՌԴ կոշտ արձագանքին։

Կառավարությունը տարեկան ամփոփիչ զեկույցում խոսում է 2022թ. ապրիլի 19-20-ը վարչապետ Փաշինյանի ՌԴ կատարած պաշտոնական այցի մասին, սակայն բոլորն էլ արձանագրեցին, որ տվյալ այցն աչքի չընկավ երկկողմ հարաբերությունների համար որևէ ձեռքբերմամբ կամ տարաձայնությունների հաղթահարմամբ։ Մինչդեռ հայ-ռուսական հարաբերություններում առկա ակնհայտ խնդիրներին զուգահեռ՝ Ռուսաստանը 2022թ.-ին դաշնակցային մակարդակի բարձրացրեց հարաբերություններն Ադրբեջանի հետ։

Նույնը վերաբերում է երկու երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումներին։ Կառավարությունը զեկույցում նշում է, որ «Հաշվետու տարում տեղի են ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի 8 հանդիպում և 10 հեռախոսազրույց»:

Հարց է առաջանում՝ իսկ ինչո՞ւ զեկույցում մեկ բառ անգամ չկա գրված այն մասին, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը դիվանագիտական վարվելաձևի խախտմամբ խուսափեց մասնակցել 2022թ. դեկտեմբերին տեղի ունեցող ևս մեկ կարևոր հանդիպման, որին մասնակցելու էր նաև Ադրբեջանի ԱԳ նախարարը՝ ըստ մամուլում տարածված տեղեկությունների՝ զբաղված լինելով բնակարանի ձեռքբերման հարցերով, այնինչ պաշտոնապես այդ որոշումը հիմնավորվեց Լաչինի միջանցքի շրջափակմամբ։ Եվ այս միջադեպը, իհարկե, չէր կարող վրիպել նաև ՌԴ ներկայացուցիչների աչքից. ՌԴ ԱԳ նախարարն ադրբեջանցի գործընկերոջ հետ ասուլիսի ժամանակ նշել էր, որ հայկական կողմն ինչպես հարկն է դիվանագիտական խողովակներով նախօրոք տեղյակ չի պահել հանդիպմանը չմասնակցելու մասին։

Կառավարությունը խոսում է այն մասին, որ «Քայլեր են ձեռնարկվել ՀԱՊԿ-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունների առաջմղման ուղղությամբ: Նախագահության շրջանակներում ՀՀ-ում անցկացվել են միջոցառումներ, այդ թվում՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը: Հարկ է նշել, որ ՀՀ-ի նախագահության շրջանակներում իրականացվել է ՀԱՊԿ-ի օպերատիվ արձագանքը Ղազախստանի նախագահի՝ 2022 թվականի հունվարին Ղազախստանում օրինականության և կարգուկանոնի վերականգնման հարցում աջակցելու դիմումին ի պատասխան»։ Մինչդեռ փաստացի ՀՀ կառավարությունը չկարողացավ ապահովել ՀԱՊԿ-ի կողմից նույնքան օպերատիվ աջակցությունն Ադրբեջանի ներխուժման ժամանակ, միաժամանակ մերժեց վերջինիս առաքելությունն ու ռազմատեխնիկական աջակցությունը, երբ ի վիճակի չեղավ ստանալ ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ հասցեական քաղաքական հայտարարություն։

Ի՞նչ են անում ՀՀ իշխանություններն այս ամենին զուգահեռ։ Պատասխանն է՝ ակտիվացնում են շփումները ՆԱՏՕ-ի հետ։ «Հաստատվել է ՀՀ-ՆԱՏՕ Պլանավորման և վերանայման փաստաթուղթը` համագործակցության 27 նպատակով, որը հնարավորություններ է ստեղծել ՆԱՏՕ-ի անդամ պետությունների հետ երկկողմ ձևաչափով համագործակցության զարգացման համար»,- նշվում է կառավարության 2022թ. կատարողական զեկույցի մեջ։ Մինչդեռ ՆԱՏՕ-ի հետ շփումների ակտիվացումն Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունների և ՌԴ-ՆԱՏՕ հարաբերությունների աննախադեպ լարվածության պայմաններում կարող է Հայաստանի համար լրացուցիչ անվտանգային սպառնալիքներ ստեղծել և վնասել ռազմավարական դաշնակից ՌԴ-ի, ինչպես նաև տարածաշրջանում առանցքային գործընկեր Իրանի հետ հարաբերություններին։ Այս համատեքստում պետք է դիտարկել նաև ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Ռասմուսենի Հայաստան կատարած այցը, զուգահեռաբար՝ իշխանության տարբեր ներկայացուցիչների կողմից ՀԱՊԿ-ից դուրս գալու ակնարկները։

Մի՞թե արտաքին քաղաքականության համար պատասխանատվություն կրող ներկայիս իշխանությունները չեն գիտակցում, որ հենց այս ամենն է պատճառը, որ հենց իրենք իրենց տարեկան հաշվետվությունում ստիպված են արձանագրել, որ «Այսուհանդերձ, չլուծված է մնում առանցքային խնդիրը՝ ՀՀ արտաքին անվտանգության երաշխավորումը» նախադասությունը։ Ո՞վ է մեղավոր՝ Ռուսաստա՞նը, Արևմո՞ւտքը, իսկ գուցե՞ հենց Հայաստանի իշխանությունները։ ՀՀ արտաքին անվտանգության երաշխավորումը ոչ միայն շարունակում է մնալ չլուծված, այլև տարեցտարի ձեռք է բերում նոր ու վտանգավոր խորացումներ։

 Արմինե Վարդանյան

Տեսանյութեր

Լրահոս