«Ամեն Աստվածաշունչ ընթերցող չի կարող Աստվածաշնչի մեկնիչ լինել՝ դրա կարողությունը և իրավունքը պետք է ունենա». Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան
Ապրիլի 22-ին ԱԺ-ում Կառավարության տարեկան հաշվետվության եզրափակիչ ելույթում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ, իր բնորոշմամբ՝ մշտապես քննարկվող և օդում պտտվող մի թեմայի։
«Փորձ են անում ներկայացնել, որ Հայ Առաքելական եկեղեցու հարաբերությունները կառավարության հետ լավ չեն, կամ պրոբլեմներ կան այդ հարաբերություններում։ Կարևոր ու աղմկոտ հայտարարություն եմ անելու՝ եթե եկեղեցու հարաբերությունները կառավարության հետ լավ չեն, ուրեմն՝ եկեղեցու հարաբերությունները լավ չեն Աստծո հետ, և դա՝ համաձայն քրիստոնեական տեսության։ Սա ապացուցելու համար ես ուզում եմ Պողոս Առաքյալի՝ հռոմեացիներին ուղղված թղթի 13-րդ համարից մեջբերում անել, որտեղ ասում է. «չկա իշխանություն, որ Աստծուց չլինի և եղած իշխանություններն Աստծուց են կարգված, հետևաբար ով հակառակվում է իշխանությանը, Աստծու հրամանին է հակառակվում»։ Թող եկեղեցին ինքն իր էության, իր տեսության, իր հավատի մասին մտածի և Աստված մեզ օգնի պահպանել, զարգացնել և հզորացնել ու խաղաղություն բերել Հայաստանին»,- նշել էր Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք՝ Փաշինյանի այս ելույթից մեկ օր առաջ Մայր Աթոռում Գարեգին Երկրորդ կաթողիկոսը լրագրողների հետ զրույցի ընթացքում խոսելով Նիկոլ Փաշինյանի բնորոշումների մասին, որոնք նա տվել էր եկեղեցուն, հայտարարելով, թե Հայաստանում մեկ իշխանություն է, և դա իրենց իշխանությունն է, իսկ եկեղեցին պետք է զբաղվի միայն հոգևոր հարցերով, ասել էր.
«Ես կարծում եմ՝ եկեղեցին նման առիթ չի տվել. Եկեղեցին հավատարիմ է իր առաքելությանը՝ ծառայություն մատուցել ազգին, ծառայություն բերել հայրենիքի շենացմանը, մեր ժողովրդի բարօրությանը, մեր ազգի հարատևության ապահովման նպաստ բերող յուրաքանչյուր քայլի և ձեռնարկի: Մենք կարծում ենք, որ բոլոր ջրերը մեկ առվով պետք է հոսեն, որպեսզի կարողանանք մեր իղձերը, երազանքները կյանքի կոչել, կերտել հզոր հայրենիք։ Պետք է, որ այդ բոլոր ջրերը հոսեն դեպի մեր նպատակների իրագործում, եթե պատկերավոր ասենք՝ դեպի Սևանա լիճ»։
168.am-ի հետ զրույցում Շիրակի թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի խորհրդարանում հնչեցրած հայտարարությունը, նշեց, որ այսօրվա իշխանություններն ավելի վատթար դուրս եկան, քան նախկին իշխանությունները։
«Երբ նախկին իշխանություններն էին երկրի գլխին, իսկ այսօրվա իշխանությունը՝ ընդդիմություն, պահանջում էին եկեղեցուց, որպեսզի եկեղեցին իշխանություններին քննադատի, ասելով, թե մեզ պետք է այնպիսի եկեղեցի, որը կքննադատի իշխանություններին։ Հիմա իրենք իշխանության են, և եկեղեցին քննադատում է, ի՞նչ են ուզում, հիմա էլ ասում են, որ դրանով փաստորեն եկեղեցին դեմ է դուրս գալիս Աստծուն»,- նշեց Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։
Սրբազանի բնորոշմամբ, իշխանությունների բոլոր քայլերը ցույց են տալիս, որ նրանք պարզապես արկածախնդիրներ են, խեղկատակներ, որոնց համար սկզբունքներ գոյություն չունեն, անսկզբունքայնությունն է նրանց սկզբունքը։
«Բոլոր ասպարեզներում նրանք այդպիսին են, որ մի օր մի բան են ասում, հաջորդ օրը՝ տրամագծորեն այլ բան, հետո նախկին ասածները հերքում են, մեկնաբանում այլ կերպ, ճամարտակում են, ընկնում դեմագոգիայի մեջ։ Այս ամենը նշանակում է, որ այս մարդիկ, այս իշխանությունը սկզբունքներ չունեն:
Ուրեմն՝ Վեհափառը երբ բան է ասում, պետք է լսեն ու կատարեն, Վեհափառը չի ասում, որ հետո քննարկեն, թե ինչ ասաց։ Երբ կաթողիկոսը խոսում է, խոսում է հեղինակությամբ, իր աթոռի ողջ իշխանությամբ, ուրեմն՝ Հայ Առաքելական եկեղեցու հավատացյալները լսում են, և եթե կատարվելիք քայլ կա՝ կատարում են։ Ինքներդ եք տեսնում, որ կաթողիկոսն ամեն վայրկյան ու ամեն պահի բան չի ասում, ուրեմն՝ պահը հասունացել է, և իշխանությունն ակալաջալուր պիտի լինի, թե ինչ պետք է անի, այլ ոչ թե՝ քննարկի կամ աստվածաշնչյան մեկնություններ անի, այդ մեկնությունները եկեղեցունն են։ Ամեն Աստվածաշունչ ընթերցողը չի կարող Աստվածաշնչի մեկնիչ լինել, դրա կարողությունը, գիտելիքը և դրա իրավունքը պետք է ունենա»,- հավելեց Շիրակի թեմի առաջնորդը։
Միաժամանակ նա ընդգծեց, որ ինչ-որ դեռատի օրիորդներ բարձրանում են ամբիոն ու կաթողիկոսին են քննարկում ու քննադատում։
«Սա ցույց է տալիս իրենց անգրագիտությունը, ոչ կոմպետենտությունը։ Իրենք ոչ մի «կարմիր գիծ» չունեն, ոչ մի գունավոր գիծ չունեն, սև ու սպիտակ էլ չունեն, ոչ մի բան չունեն։ Իրենք պարզապես ապրում են կյանքից հաճույք ստանալու համար»,- եզրափակեց Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։