Որո՞նք էին իշխանության հռչակած ուղենիշները 5 տարի առաջ. Խաբելով վերցրեցին իշխանությունն ու քանդեցին ամեն ինչ

Վերջին երեք տասնամյակում Հայաստանը երբևէ այնպիսի ծանր իրավիճակում չէր եղել, ինչպես Նիկոլ Փաշինյանի ու նրա քաղաքական թիմի իշխանության հինգ տարիներին։ Փողոցից իշխանության եկածները եղածն էլ կործանեցին. կազմաքանդեցին բանակը, դատեցին ու վարկաբեկեցին զինվորականներին, անպաշտպան թողեցին ու թշնամու առաջ բացեցին երկրի դռները, ոչնչացրեցին երկրի պաշտպանության ու անվտանգության համակարգերը։ Այն համակարգերը, որոնք տարիներ շարունակ անխափան ապահովում էին երկրի ու ժողովրդի անվտանգությունը։

Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն իշխանության եկան մարդկանց կյանքը լավացնելու, սոցիալական անարդարությունները վերացնելու, տնտեսությունը հեղափոխական տեմպերով զարգացնելու, հպարտ ու երջանիկ քաղաքացի ունենալու, հզոր պետություն կառուցելու խոստումներով։

«Մեր գործունեությունը միտված է լինելու տնտեսական հեղափոխություն իրականացնելուն։ Մենք մտադիր ենք վճռական միջոցներ ձեռնարկել Հայաստանը արդյունաբերական, տեխնոլոգիական, նաև բնապահպանական բարձր չափանիշներ ունեցող երկիր դարձնելու ուղղությամբ։

Այս նպատակին հասնելու համար առանցքային նշանակություն ունեն՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգության մակարդակի շարունակական բարձրացումը, Արցախի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը, աշխատանքի և ներդրումների խրախուսումը, աղքատության հաղթահարումը աշխատանքի և կրթության միջոցով, օրենքի գերակայության ապահովումը, բարեկեցության շարունակական բարձրացումը, պետական ծախսերի արդյունավետության շարունակական բարձրացումը:

Երջանիկ անհատ, հոգատար հանրություն, հզոր պետություն. այս ուղենիշներով է առաջնորդվում «Իմ քայլը» դաշինքը»,- սա մի հատված է Նիկոլ Փաշինյանի ու իր թիմի 2018թ. խորհրդարանական ընտրությունների նախընտրական ծրագրի խոստումներից։

Այս ծրագրով Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը խոստանում էին շարունակաբար բարձրացնել Հայաստանի և Արցախի անվտանգության մակարդակը, հասնել Արցախի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման։

Թե ինչ ունենք, նույնիսկ անիմաստ է ասել։ Դժվար է անգամ բառեր գտնել՝ բնութագրելու այն արհավիրքները, որոնք Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը բերեցին ժողովրդի գլխին։

Հասարակության բարեկեցության բարձրացում, կենսաթոշակների կտրուկ աճ, աղքատության հաղթահարում էին պարտավորվել ապահովել, արել են ճիշտ հակառակը։ Աղքատացող հասարակության մեջ բարձրացել են իմքայլականների ու իմքայլական բարձրաստիճան պաշտոնյաների բարեկեցությունը։

Իշխանափոխությունից շատ չանցած, ժողովրդից թաքուն, Նիկոլ Փաշինյանը որոշեց պարգևավճարների միջոցով կրկնապատկել թիմակիցների աշխատավարձերը։

Այսօր էլ նրանք շարունակում են պետական բյուջեի հաշվին վայելել իրենց բարձր աշխատավարձերն ու պարգևավճարները։ Առատորեն օգտվում են պետության ու իշխանության ընձեռած լայն հնարավորություններից՝ իրենց ունեցվածքն ու կարողություններն ավելացնելու համար, իսկ հասարակության մեծ մասը շարունակում է չարքաշ կյանքով ապրել։

Պաշտոնյաների աշխատավարձերը հարյուր հազարներով են ավելացրել, իսկ հասարակության ամենաանապահով հատվածի՝ թոշակառուների թոշակը՝ ընդամենը 6 հազար դրամով։ Հինգ տարում՝ 6 հազար դրամով։ Այն դեպքում, երբ այդ ընթացքում երկիրը գտնվել է այնպիսի բարձր գնաճի պայմաններում, ինչպիսին չի եղել առնվազն վերջին 20 տարիներին։

Աղքատության վերացում էին խոստանում, աղքատությունն ավելի է խորացել։

Իրենց կյանքը լավացրել են, իսկ ժողովրդի մասին՝ մոռացել։ Միայն պարգևավճարների միջոցով հարյուրավոր միլիոն դոլարներ են հանել բյուջեից ու լցրել սեփական գրպանները։ Այն դեպքում, երբ երկիրը շատ ու շատ ավելի հրատապ խնդիրներ ուներ լուծելու, այդ թվում՝ անվտանգության ու պաշտպանության, երկրի ռազմական կարողությունների ավելացման, սահմանին կանգնած զինվորի անվտանգության առումով։

Խոստանում էին մեծ հայրենադարձություն ապահովել, բայց նույնիսկ նրանք, ովքեր իրենց համարում էին «հեղափոխության» նվիրյալներ, չեկան Հայաստան։ Ովքեր էլ վերադարձան, շատ արագ հիասթափվեցին ու կրկին հեռացան։

Խոստացած մեծ հայրենադարձությունն այդպես էլ չկայացավ։ Փոխարենը՝ արտագաղթի տեմպերը չպակասեցին, մի բան էլ ավելացան։ Այս ընթացքում տասնյակ, եթե ոչ՝ հարյուր-հազարավոր մարդիկ են լքել երկիրը։

Իշխանափոխությունից առաջ չէին դադարում խոսել հանրային ծառայությունների ոլորտում կոռուպցիոն երևույթների, թալանի ու չարաշահումների, ուռճացված սակագների վերաբերյալ, հայտարարում էին, որ իշխանափոխությունից հետո դրանք անպայման նվազեցվելու են, բայց այդպես էլ սպառողները չտեսան այդ նվազեցումը։ Ընդհակառակը՝ այս ընթացքում հանրային ծառայությունների սակագները միայն բարձրացել են ու շարունակում են բարձրանալ։

Համարում էին, որ քաղաքացին տուգանքի մատերիալ չէ, տուգանքները դարձան մասսայական։ Արագաչափերն ու կարմիր գծերն էին վերացնում, ավելի ընդլայնեցին։

Վարկային բեռը պիտի թեթևացնեին, մարդկանց համատարած դրել են վարկային բեռի տակ։

Կեղծ հայտարարություններով ու խոստումներով խաբեցին հասարակությանն ու եկան իշխանության։

Մեկ անգամ էլ հիշենք, թե ինչ էր ասում Նիկոլ Փաշինյանը ներդրումների մասին մինչև վարչապետ ընտրվելը։

«Սփյուռքի հազարավոր գործարարներ շունչները պահած սպասում են Հայաստանում տեղի ունեցող գործողությունների հանգուցալուծմանը և իմ՝ վարչապետ ընտրվելու պարագայում միլիարդների ներդրումներ են հոսելու դեպի Հայաստան»։

Ո՞ւր են այդ միլիարդները։

«2017-ին 800 մլն դոլար պարտք ենք վերցրել, 700 մլն դոլարով աճեցրել ենք մեր ՀՆԱ-ն։

Պատկերացնո՞ւմ եք՝ մեր վերցրած պարտքն ավելին է, քան մեր ստեղծած արդյունքը։ Հետևաբար, տնտեսական աճը ոչ թե տնտեսական աճ է, այլ վիճակագրական մանիպուլյացիաների արդյունք»,- 2018թ. ասում էր Նիկոլ Փաշինյանը, ով ամբողջ կյանքում դեմ էր արտահայտվում պարտքեր վերցնելուն։ Բայց իշխանության գալուց հետո այնքան պարտք վերցրեց ու ծանրացրեց պետական պարտքը, որքան տասնյակ տարիների ընթացքում չէին վերցրել իր նախորդները։ Հինգ տարում պարտքը ավելացրեց 4,2 մլրդ դոլարով՝ 6,7 միլիարդից, որը ձևավորվել էր տասնյակ տարիների ընթացքում, հիմա պարտքն անցնում է 10,9 միլիարդից։

Մինչ տարեկան առնվազն 800 մլն դոլարի պարտք են ավելացրել։ Նախկինում երբևէ պարտքի այդպիսի կտրուկ ավելացում չէր եղել։

Այլևս մոռացել են հաշվել, թե միայն այդ պարտքերի հաշվին որքան կաճեր ՀՆԱ-ն, եթե նույնիսկ ոչինչ չանեին, գումարները բերեին ու դնեին ՀՆԱ-ում։

«Հայաստանում հեղափոխական տեմպերով պետք է զարգացնել գյուղատնտեսությունը»,-2018թ. Ազգային ժողովի ամբիոնից ասում էր վարչապետի աթոռին հավակնող Նիկոլ Փաշինյանը։

Եվ ի՞նչ ստացանք նրա վարչապետության անցած 5 տարիներին։ Գյուղատնտեսությունը միայն անկում է գրանցել։ Չի եղել տարի, որ արտադրության ծավալների նվազում չունենաք այս ոլորտում։

Չմշակվող գյուղատնտեսական հողերն էին շեշտակի նվազեցնում, դրանք մի բան էլ ավելացել են։

Որպես հետևանք, կտրուկ բարձրացել են բազմաթիվ գյուղմթերքների գները։

Նախկինում գնաճի պատճառը, որքան էլ այն անհամեմատ ավելի ցածր էր, քան վերջին տարիներին, համարում էին մենաշնորհներն ու անհավասար մրցակցային միջավայրը։ Իբր վերացրեցին թեʹ մեկը, և թեʹ մյուսը, բայց դրանից գներն այդպես էլ չնվազեցին, ընդհակառակը՝ շատ ավելի բարձրացան։

Տեխնոլոգիական արդյունաբերության մասին էին խոսում, երբ այսօր արտադրողականության մակարդակով կրկնակի ցածր ենք այն երկրների միջինի համեմատ, որոնց հետ նույն տնտեսական տարածքում ենք։

Մեր տնտեսության ու տնտեսական աճի կառուցվածքն այսօր շատ ավելի վատն է, քան այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը տետեսական հեղափոխություն իրականացնելու պարտավորություն էին ստանձնում։

Այն, որ վերջին մեկ տարում տնտեսական բարձր աճեր են գրանցվում, կարծում են՝ դա իրենց ու իրենց իրականացրած տնտեսական հեղափոխության շնորհքն է։ Այդ հեղափոխության արդյունքները երևում են մինչև հայտնի գործոնները, որոնք իշխանություններից անկախ՝ հանգեցրեցին տնտեսական բարձր աճերի, բայց ոչ տնտեսության զարգացման, տնտեսական աճի բարելավման ու հասարակության բարեկեցության բարձրացման։

Կեղծ խոստումներ շռայելով՝ խաբեցին հասարակությանը, վերցրեցին իշխանությունն ու հասցրեցին հինգ տարում քանդել ու կործանել ամեն ինչ՝ սկսած անվտանգությունից ու բանակից, վերջացրած պետական կառավարման համակարգերով։

Տասնյակ տարիների ստեղծածը, որը, իր թերություններով հանդերձ, ապահովում էր երկրի կայունությունն ու անվտանգությունը, կարճ ժամանակում հավասարեցրին զրոյի ու դեռ չեն բավարարվում։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Լուսանկարը՝ evnreport.com կայքից

Տեսանյութեր

Լրահոս