Բայց հին ու նոր քո վերքերով կանգնած ես դու կենդանի. Նիդերլանդների դեսպանը Թումանյանի խոսքերով զորակցություն հայտնեց հայ ժողովրդին
Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության դեսպան Նիկոլաս Սխերմերսը Թագավորության ժողովրդի անունից իր զորակցությունն է հայտնում հայ ժողովրդին Հայոց Ցեղասպանության 108-րդ տարելիցի առիթով:
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից իր տեսաուղերձում դեսպանը մասնավորապես ասաց. «Այսօր՝ ապրիլի 24-ին, ամբողջ աշխարհի հայերը ոգեկոչում են Հայոց մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակը: Նիդերլանդների Թագավորության ժողովուրդը հարգանքի տուրք է մատուցում նահատակների հիշատակին և իր զորակցությունն է հայտնում հայ ժողովրդին»:
Սխերմերսն իր ուղերձն ավարտեց Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի «Հայրենիքիս հետ» բանաստեղծությունից մի հատվածով.
«Բայց հին ու նոր քո վերքերով կանգնած ես դու կենդանի,
Կանգնած խոհո՜ւն, խորհըրդավոր ճամփին նորի ու հընի.
Հառաչանքով սըրտի խորքից խոսք ես խոսում Աստծու հետ
Ու խորհում ես խորին խորհուրդ տանջանքներում չարաղետ,
Խորհում ես դու էն մեծ խոսքը, որ պիտ ասես աշխարհքին
Ու պիտ դառնաս էն երկիրը, ուր ձըգտում է մեր հոգին―
Հույսի՜ հայրենիք,
Լույսի՜ հայրենիք»։
Կից գրառմամբ դեսպանը հավելել է, որ Հայաստանն իրեն շատ հոգեհարազատ է: