Բաժիններ՝

G7-ի գյուղնախարարները կողմ են հացահատիկային համաձայնագրի երկարաձգմանը

Կիրակի G7 երկրների գյուղատնտեսության նախարարները ուկրաինական հացահատիկը Սև ծովով արտահանելու համաձայնագրի «երկարաձգման, լիակատար իրականացման և ընդլայնման» կոչ են արել։ Այս մասին ասվում է խմբի գյուղատնտեսության նախարարների պաշտոնական հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Reuters-ը։

ՄԱԿ-ի և Թուրքիայի միջնորդությամբ անցած տարվա հուլիսին Ստամբուլում համաձայնագիր էր ստորագրվել, որով Ուկրաինային թույլատրվում էր ավելի քան 27 մլն տոննա հացահատիկ արտահանել սևծովյան մի քանի նավահանգիստներից։

Ռուսաստանը հայտարարել է, որ մայիսի 18-ից թույլ չի տա գործարքի շարունակումը, քանի որ չի կատարվել սեփական հացահատիկի և պարարտանյութերի արտահանումը թեթևացնելու մասին պահանջների ցուցակը։

Ճապոնական Միաձակիում երկօրյա հանդիպումների արդյունքում արված պաշտոնական հաղորդագրության մեջ «Մեծ յոթնյակի» գյուղնախարարներն ընդունել են գործարքի կարևորությունը։ «Մենք վճռականորեն պաշտպանում ենք BSGI (Սևծովյան հացահատիկային նախաձեռնության) երկարաձգումը, լիակատար իրականացումը և ընդլայնումը»,- նշվում է հայտարարության մեջ։

«Մենք դատապարտում ենք պարենը որպես ապակայունացնող միջոց և աշխարհաքաղաքական հարկադրման գործիք օգտագործելու Ռուսաստանի փորձերը և հաստատում ենք մեր հավատարմությունը համերաշխ գործելու և պաշտպանելու նրանց, ովքեր առավելագույնն են տուժել Ռուսաստանի կողմից պարենը որպես զենք գործածելուց»,- ասվում է հաղորդագրության մեջ։

G7 անդամները պատրաստ են աջակցել Ուկրաինայի վերականգնմանն ու վերակառուցմանը, այդ թվում գյուղատնտեսական հողերի ականազերծման և գյուղատնտեսական ենթակառուցվածքի վերականգնման ոլորտներում փորձագիտական գիտելիքների տրամադրմամբ։

Այս շաբաթ Նյու-Յորքում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը պետք է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ քննարկի Ուկրաինայից Սև ծով հացահատիկի արտահանման գործարքը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս