«Բաց հասարակության հիմնադրամներ Հայաստանը» 2022 թվականին դարձյալ տասնյակ-հազարավոր դոլարների դրամաշնորհներ է բաշխել
2022 թվականին Սորոսի հայաստանյան հիմնադրամը կամ՝ «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը» տասնյակ-հազարավոր դոլարների դրամաշնորհներ է բաշխել հայաստանյան մի շարք կազմակերպությունների: Դրամաշնորհներ ստացած կազմակերպությունների ցանկում կան «մշտական» անուններ:
168.am-ն առանձնացրել է մի քանի դրամաշնորհառուների:
Այսպիսով, «Քաղաքացիական հասարակություն» ծրագրի շրջանակներում 50.000 ԱՄՆ դոլար է ստացել «Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության» կոալիցիան:
Այդ նպատակով այս ՀԿ-ն պետք է անցկացնի մոնիտորինգ, ներկայացնի քաղաքացիական հասարակության այլընտրանքային հավաքական զեկույցներ՝ Հայաստանում խտրականության իրավունքի վերաբերյալ, պատրաստի առաջարկություններ շահագրգիռ կողմերին ներկայացնելու համար, ամրապնդի իր հաղորդակցությունն իր անդամ կազմակերպության, այլ կոալիցիաների և ոլորտում գործող նախաձեռնությունների հետ:
«Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության» կոալիցիան միավորում է 10 հասարակական կազմակերպությունների և 5 անհատների:
Ըստ ՀԿ կայքէջի՝ Կոալիցիայի խորհուրդն ունի 5 անդամ. նախագահը Վարդինե Գրիգորյանն է, ի դեպ, այս խորհրդին անդամակցում է նաև Լարա Ահարոնյանը, որը նաև իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հոգաբարձուների խորհրդի անդամ է։
Նույն ծրագրի շրջանակներում դրամաշնորհ է ստացել «Բուն» մշակութային-գիտական հիմնադրամը: Դրամաշնորհի չափը 15.000 ԱՄՆ դոլար է:
«Ծրագրի նպատակն է փորձագետների և հայտնի ակտիվիստների հետ քննարկումներ անցկացնել հայ հասարակության մեջ առկա հայտնի խնդիրների շուրջ՝ հիմնվելով այնպիսի արժեքների վրա, ինչպիսիք են ազատությունը, արդարությունը և համերաշխությունը:
Այդ նպատակով 10 հաղորդումներ կպատրաստվեն և կտարածվեն կազմակերպության հեռուստաալիքներով և սոցիալական մեդիա հարթակներով»,- նշվում է դրամաշնորհի հատկացման նպատակ բաժնում:
Այս հիմնադրամը պատկանում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին փոխնախարար Գեմաֆին Գասպարյանին (նշանակվել էր հեղափոխությունից հետո) և Քրիստինե Արմենակյանին, որոնք հավասար բաժնեմասեր ունեն:
«Իրավունք» ծրագրի շրջանակներում 144.731 դոլար է ստացել Հելսինկյան «Քաղաքացիական Ասամբլեա» Վանաձորի գրասենյակը: Որպես նպատակ է նշվել արդարադատության ոլորտում թափանցիկ և հաշվետու բարեփոխումները:
«Դրամաշնորհ ստացողը կիրականացնի դատական նիստերի և գործընթացների լայնածավալ մոնիտորինգ, որոնք կուղեկցվեն փաստաթղթերի վերլուծությամբ և հարցազրույցներով՝ դատական սուբյեկտների աշխատանքին հիմնավորված գնահատական տալու նպատակով: Կազմակերպությունը վերահսկելու է ոստիկանությունում իրականացվող բարեփոխումների և Ներքին գործերի նախարարություն անցնելու հետ կապված գործընթացները»,- նշվում է դրամաշնորհում:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահն է իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
Նույն ծրագրի շրջանակներում 76.900 ԱՄՆ դոլար է ստացել «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն, որպեսզի իրականացնի արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում՝ նպատակ ունենալով նպաստել դրանց ամբողջականությանը և արդյունավետության բարձրացմանը:
Մասնավորապես, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն վերահսկելու է Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) աշխատանքը՝ կապված դատավորների վեթինգի և թեկնածուների ընտրության հետ։ Բացի այդ՝ հետևելու է Հակակոռուպցիոն կոմիտեի և Հակակոռուպցիոն դատարանի աշխատանքին:
50.000 դոլար դրամաշնորհով մոնիտորինգ և կարևոր ոլորտներում ապատեղեկատվության դեմ պայքար է իրականացնելու նաև «Իրազեկ քաղաքացիների միավորումը»:
«Ասպարեզ», Ժուռնալիստների ակումբ ՀԿ-ն 45.000 դոլարով պետք է խթանի երիտասարդական ակտիվությունը և աջակցի Ալավերդի, Նոյեմբերյան, Բերդ, Ճամբարակ, Վարդենիս և այլ համայնքների երիտասարդական կենտրոններին՝ որպես ցանցեր ստեղծելու և ներգրավված համայնքի անդամներ դառնալու և լավ կառավարման և հանրային շահերի պաշտպանությանը նպաստող հմտություններ ձեռք բերելու վայրեր:
Գյումրիում գործող այս ակումբի նախագահը Նադեժդա Հակոբյանն է, ակումբի խորհրդի նախագահը՝ Լևոն Բարսեղյանը:
Մեկ այլ լրագրության ակումբ՝ «Հանրային լրագրության ակումբ»-ը, 90.034 դոլարով պետք է բարձրացնի հանրային իրազեկությունն արդարադատության ոլորտում ներկայումս իրականացվող ինստիտուցիոնալ բարեփոխումների վերաբերյալ: Դրամաշնորհառուն կարտադրի և կտարածի բարեփոխումների գործընթացներին առնչվող մեդիա արտադրանք, կկազմակերպի հանրային իրազեկման արշավներ և քննարկումներ կանցկացնի համապատասխան հարցերի շուրջ:
Ակումբը ղեկավարում է Սեդա Մուրադյանը:
«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ն էլ 25.000 դոլարով շարունակական և համակողմանի աջակցություն կցուցաբերի ժամկետային զինծառայողներին, զինծառայողներին, հայրենադարձ ռազմագերիներին և նրանց ընտանիքներին՝ www.forrights.am կայքում մարդու իրավունքների խախտումների մասին պատմություններ հրապարակելու միջոցով:
«Դեմոլաբ» տեղեկատվական կենտրոն ՀԿ-ն 160.000 դոլարով կաջակցի Factor.am լրատվամիջոցին` ապահովելու Հայաստանում քաղաքականության հիմնախնդիրների և քաղաքացիների կարիքների համապարփակ և վերլուծական լուսաբանումը:
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը, որի ղեկավարն է Ստեփան Գրիգորյանը, այս հիմնադրամից ստացել է 39.760 դոլարի դրամաշնորհ, որպեսզի ապահովի վիզաների դյուրացման և ռեադմիսիայի վերաբերյալ ԵՄ-Հայաստան համաձայնագրերի հաշվետու իրականացումը (ուժի մեջ են 2014թ. հունվարից) և բարելավի Հայաստանի քաղաքացիական հասարակության համագործակցությունը ԵՄ կառույցների հետ:
Ի դեպ, 2022 թվականի ավարտին «Բաց հասարակության հիմնադրամներ Հայաստան»-ը հայտարարություն էր տարածել, որով տեղեկացնում էր, որ
2021 թվականից հիմնադրամներում իրականացվում է վերափոխումների լայնածավալ գործընթաց, որը նախատեսում է ամբողջ աշխարհում Բաց հասարակության հիմնադրամների ավելի քան 20 ազգային հիմնադրամների գործունեության վերանայում և անցում տարածաշրջանային կառավարման կառուցվածքի:
«Կազմակերպության վերափոխման այս առանցքային փուլում Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը նախապատվություն է հայտնել առաջ տանել իր աշխատանքը որպես լիովին անկախ հիմնադրամ, որն առանձնանում է կազմակերպության գլոբալ ցանցից»,- ասվում էր հայտարարության մեջ՝ տեղեկացնելով, որ 2023թ. կստեղծվի լիովին նոր, անկախ, տեղական կառույց, որի գործունեության ուղղությունների և ռազմավարության մասին կտեղեկացվի լրացուցիչ։
Նշվում էր նաև, որ նոր կառույցը մինչև 2025թ. նվազող ֆինանսավորում կստանա գլոբալ հիմնադրամից։
Բաց հասարակության հիմնադրամները սկսել է գործունեությունը Հայաստանում 1997թ., և մինչև օրս, ըստ պաշտոնական հաղորդագրությունների, ավելի քան 63 միլիոն ԱՄՆ դոլարի ծրագրային աջակցություն է տրամադրել Հայաստանին: