«Փաշինյանը կա՛մ այդ 5 երկրների ղեկավարներին է գժի տեղ դնում, կա՛մ իրեն». Գագիկ Մինասյան
Հայաստանի Հանրապետական կուսակցության ԳՄ անդամ Գագիկ Մինասյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-ում կառավարության կատարողականի ժամանակ հնչեցրած որոշ հայտարարություններին, որոնք նրա բնորոշմամբ՝ բավականին վտանգավոր թեզեր են պարունակում։
Ըստ Գագիկ Մինասյանի, շրջանառության մեջ դրած Նիկոլ Փաշինյանի ամենավտանգավոր թեզը վերաբերում է Արցախին. նա ասաց, եթե ուզում ենք, որ Արցախն ինքնորոշվի, ապա պետք է հայտնվի Ադրբեջանի կազմում։
«Ակնհայտ է, որ ամբողջ աշխարհն ընդունում է, որ 1991 թվականից Արցախն ինքնորոշվել է, և սկսվել է ինքնորոշման գործընթացը։ Այդ գործընթացը երբեք որևէ ժողովրդի համար արագ չի եղել, մեզ մոտ ևս։ Ինչո՞ւ եմ ասում՝ երկար տևեց, որովհետև 2018 թվականի իշխանափոխությունից հետո, երբ Հայաստանում իշխանությունը գրավեցին թուրք-ադրբեջանական գործակալները, ընդհատվեց այդ տրամաբանական փուլը, որն անառարկելիորեն վերաբերում է ինքնորոշման իրավունքի իրացմանը։
2007 թվականից, երբ Հայաստանի, Ադրբեջանի և միջազգային հանրության կողմից որդեգրվեց Մադրիդյան սկզբունքները, ՄԱԿ Անվտանգության խորհրդի 5 մշտական անդամներից 3-ի նախագահներն այս ընթացքում 5 անգամ ասել են, որ Արցախի ինքնորոշումը պետք է իրականացվի Մադրիդյան սկզբունքների հիման վրա։ Հիմա հարց է առաջանում, այդ պետությունների ղեկավարներն իրենց բազմահազարանոց խորհրդատուների հետ միասին չգիտեի՞ն այն պրոբլեմը, որն այսօր խիստ որոշակի նպատակներով օրակարգ է ուզում մտցնել Նիկոլ Փաշինյանը։ Գիտեին և գտնում էին, որ այդ գործընթացը համապատասխանում է այդ սկզբունքներին»,- նշեց Գագիկ Մինասյանը։
Նա հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը Պուտինը, Նազարբաևը, Լուկաշենկոն ասում էին, որ Ալիևը համակերպվել է, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, համաձայնվիր այն նախագծին, որը ներկայացվել է 2019 թվականին, Պուտինը, Լուկաշենկոն, Նազարբաևը չգիտեի՞ն այդ պրոբլեմը, իհարկե գիտեին։
«Երբ Ալիևը ասում էր, որ իրեն փակ դռների հետևում ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը, այդ սկզբունքի մասին չգիտե՞ր՝ գիտեր և համոզված էր, որ դա համապատասխանում է հենց այդ սկզբունքին։ Երբ Ալիևն ասում էր, որ Արցախի հարցի լուծման պարագայում Բերձորն ու Քարվաճառը միշտ մնալու էին Արցախի կազմում, չգիտե՞ր սկզբունքի մասին՝ իհարկե գիտեր։
Հիմա հարց է առաջանում, եթե Նիկոլ Փաշինյանը ևս գիտի այս պատմությունները, որի մասին ես ասացի, ինչո՞ւ է հիմա այս հարցը բարձրացնում ու կեղծ օրակարգը մտցնում շրջանառության մեջ։ Ինչ է, ինքը գժի տե՞ղ է դնում այդ բոլոր երկրների ղեկավարներին, թե՞ ինքն իրեն է գժի տեղ դնում, ինչն արդեն մեկ անգամ արել է՝ իր խոստովանության համաձայն, թե՞ հասարակությանն է փորձում գժի տեղ դնել»,- շեշտեց Գագիկ Մինասյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում