Ադամ Շիֆն ԱՄՆ ղեկավարությանը կոչ է արել աջակցել Արցախի ինքնորոշման իրավունքին

ԱՄՆ-ն պետք է դադարեցնի աջակցությունն Ադրբեջանի նախագահ Ալիևի վարչակարգին և պատասխանատվության ենթարկի նրան պատերազմական հանցագործությունների համար:

ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի առիթով կազմակերպված միջոցառման ժամանակ այս մասին ասաց ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով խմբի փոխնախագահ Ադամ Շիֆը:

Ադամ Շիֆը շեշտեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը ԱՄՆ Կոնգրեսի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից հաղթանակ էր մարդու իրավունքների, ճշմարտության համար:

«Մենք պետք է անենք ավելին, քան խոստանանք, որ երբեք չենք մոռանա: Մենք պետք է անենք այնպես, որ դա երբեք չկրկնվի», – ասաց Շիֆը՝ հիշեցնելով Ցեղասպանության ընթացքում հայ ժողովրդի կրած սարսափների մասին:

«Հայերին սպառնացող վտանգը չի վերացել: Հայաստանն այսօր էլ դեռ հարձակման տակ է… Վերջին մի քանի ամիսներին Ադրբեջանի թշնամանքը Հայաստանի և Արցախի դեմ հասել է իր գագաթնակետին: Կարող եմ ասել, որ երբեք այնքան մտահոգված չեմ եղել, որքան այսօր, որ Ադրբեջանը կարող է ևս մեկ լայնածավալ պատերազմ նախատեսել Հայաստանի և Արցախի դեմ», – ասաց Շիֆը՝ հիշատակելով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը և դրա հետևանքով ստեղված հումանիտար ճգնաժամը:

ԱՄՆ կոնգրեսականը նաև նշեց, որ Ադրբեջանի նախագահը ուժեր է կուտակել սահմանին, ինչպես նաև հայտարարել է, որ արցախահայերը չունեն այլընտրանք. նրանք կա՛մ պետք է փախչեն, կա՛մ ապրեն կյանքին սպառնացող պայմաններում:

«Մենք չենք կարող թույլ տալ, որ մարդկության դեմ բռնությունները և հանցագործություններն անպատասխան մնան: Անկախ նրանից՝ դրանք տեղի են ունեցել 108 տարի առաջ թե այս տարի, այս ամիս, այս շաբաթ, մենք պետք է դադարեցնենք ԱՄՆ աջակցությունը Ալիևի վարչակարգին և նրան պատասխանատվության ենթարկենք պատերազմական հանցագործությունների համար: Մենք պետք է խիստ պատժամիջոցներ սահմանենք, որպեսզի նա վերաբացի Լաչինի միջանցքը և ազատի գերեվարված ռազմագերիներին և քաղաքացիական անձանց: Եվ ես կոչ եմ անում վարչակազմին և Կոնգրեսին՝ աջակցել Արցախի ինքնորոշման իրավունքին», – նշեց Ադամ Շիֆը:

Տեսանյութեր

Լրահոս