«Խաղաղության» դարաշրջան․ երբ գերիները դեռ սպասում են Բաքվի բանտերում, իսկ մարտական զոհերի թիվը մեկ տարում ավելի շատ է, քան «նախահեղափոխական» վերջին 6-7 տարիների ընթացքում միասին
Իշխանությունն ԱԺ արտահերթ նիստի ընթացքում ներկայացրեց 2022թ. կառավարության ծրագրի կատարման ընթացքն ու արդյունքները։ Հետաքրքիր էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից խոսեց ամենինչի մասին՝ այդ թվում Ադրբեջանի վարած քաղաքականության և պատերազմի մասին, սակայն նախընտրեց լռել, շրջանցել զեկույցի այն հատվածը, որը վերաբերում էր հայկական կողմի ունեցած մարդկային զոհերին և Բաքվում պահվող հայ ռազմագերիների մասին։
Այսպես, 2022թ. կառավարության կատարողական զեկույցում արձանագրված է, որ «Ագրեսիայի (սեպտեմբերյան) հետևանքով հայկական կողմն ունեցել է 225 զոհ, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, վիրավորվել է 293 զինծառայող և քաղաքացիական 7 անձ, գերեվարվել է 20 զինծառայող»։ Փաստենք, որ նախորդ տարի Նիկոլ Փաշինյանի «խաղաղության դարաշրջանի» կարգախոսի ներքո ՀՀ տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից ծավալված ագրեսիայի հետևանքով, երբ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու, խոշոր տրամաչափի զինատեսակների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ սկսել էր գնդակոծել հայկական դիրքերն ու քաղաքացիական օբյեկտները Գորիսի, Սոթքի, Ջերմուկի և Սյունիքի, Գորիսի, Վայոց ձորի այլ բնակավայրերի ուղղությամբ հայկական կողմից զոհվածների, վիրավորվածների և գերիների ընդհանուր թիվը կազմում է 545 անձ։
Արձանագրենք՝ ՀՀ Զինված ուժերը մարտական պայմաններում այսչափ զոհեր ու վիրարվորներ չեն ունեցել նույնիսկ Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ։ Որպես ասվածի ապացույց օրինակ բերենք իշխանամետ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության կողմից 2019թ. փետրվարին ներկայացված վիճակագրությունը՝ համաձայն որի 2011-2018թթ. ընթացքում (ներառյալ Ապրիլյան քառօրյա պատերազմը) ՀՀ և Արցախի Զինված ուժերում մարտական կորուստները կազմել են 234 զոհ։ Վիրավորների ու գերիների համեմատական տվյալների ներկայացումն ավելորդ ենք համարում, քանի որ պատկերն էլ ավելի ողբերգական է։
Այս ցավալի վիճակագրությունը սակայն ամենը չէ։ Կառավարությունն արձանագրում է, որ «Ի հեճուկս 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի՝ Ադրբեջանը մինչև օրս շարունակում է 33 գերեվարված հայ քաղաքացու պահել անազատության մեջ: … Հայկական կողմից 975 քաղաքացու գտնվելու վայրն անհայտ է համարվում, որոնցից 777-ը՝ Ղարաբաղյան առաջին պատերազմի, 196-ը՝ 44-օրյա պատերազմի, 2-ը՝ սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով»։
Տպավորություն է ստեղծվում, թե ներկայիս իշխանությունները խճճվել են իրենց իսկ կողմից մինչ այդ տարածած ապատեղեկատվության մեջ, քանի որ մեջբերված հատվածի առաջին մասում խոսում են 44-օրյա պատերազմի արդյունքում Ադրբեջանում պահվող 33 գերեվարված հայ քաղաքացիների մասին՝ հղում տալով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերի չկատարմանը, իսկ մի քանի նախադասասություն հետո արձանագրում, որ 44-օրյա պատերազմի արդյունքում անհետ կորած քաղաքացիների ընդհանուր թիվը 196-ն է։ Այս տողերը կարդացողի մոտ հավանաբար դեժավյու է առաջանում, և աչքերի առաջ գալիս է Նիկոլ Փաշինյանի 2021թ. ապրիլին ԱԺ-ում ունեցած ելույթի այն հատվածը, որտեղ վերջինս, խոսելով 44-օրյա պատերազմի ընթացքում հայկական կողմի մարդկային զոհերի մասին, ասաց. «Մեր զոհերը թիվը կլինի 4000-ի կարգի, պլյուս-մինուս 50…»։
Այս իրողությունների հետ զուգահեռ, կառավարությունը հպարտորեն ներկայացնում է, որ «2022 թվականին ՀՀ-ն Ադրբեջանին է վերադարձրել ենթադրաբար անհետ կորած համարվող ադրբեջանցիների 35 ոսկոր և մարմինների գտնվելու հնարավոր վայրերի երեք քարտեզ»։ Մինչդեռ ՀՀ կառավարությունը նման պարտավորություն չէր ստանձնել ո’չ միջազգայնորեն, ո’չ էլ սեփական ծրագրով, որը ներկայացրել էր ՀՀ Ազգային ժողովին և հայ քաղաքացիներին։ Բացի այդ, այս փաստի կամ, թույլ տվեք ասել, Ադրբեջանին արված հերթական ռեվերանսի ներառումը կառավարության տարեկան հաշվետվության մեջ լի է Հայաստանի և Արցախի համար ռազմաքաղաքական և իրավական բնույթի բազմաթիվ սպառնալիքներով։
Դժբախտաբար, այն հարցին, թե արդյո՞ք նախորդ տարվա ընթացքում ՀՀ ներկայիս իշխանությունները կարողացել են որևէ դրական տեղաշարժ արձանագրել առնվազն գերեվարված հայ քաղաքացիների Ադրբեջանից վերադարձնելու հարցում, պատասխանը կլինի՝ ոչ։ Փաստացի, 44-օրյա պատերազմից անցել է 2,5 տարի, և ոչ միայն չեն վերադարձվել բոլոր գերիները՝ թեև այդ պայմանն ամրագրվել էր նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, ինչպես նաև տեղ գտել կառավարության ծրագրում, այլև նախորդ տարի սեպտեմբերին Ադրբեջանը գերեվարել է ևս 2 քաղաքացու, ինչպես նաև հնարավոր չի եղել պարզաբանել անհետ կորած քաղաքացիների ճակատագիրը։