«Չի կարելի նման բաներ անել, էլի, ժողովուրդ, դրա ժամանակը չէ». Տեղի համայնքապետ
Երեկ Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու ընդդիմադիր անդամ Մասիս Զեյնալյանը հայտարարել էր, որ իրեն համայնքի մշակույթի տանը ծեծի են ենթարկել, որի հեղինակը Սյունիքի նախկին մարզպետ, ՊՆ խորհրդական Մելիքսեթ Պողոսյանն է: Լրատվամիջոցներում նաև տեղեկություն հայտնվեց, որ այս ամենի հեղինակը համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցն է։
168.am–ի հետ զրույցում Դավիթ Ղուլունցը հերքեց այդ լուրերը՝ ընդգծելով, որ այն լրատվամիջոցը, որն այս լուրը հայտնել էր, ՏԻՄ ընտրությունների ժամանակ էլ գրել էր, որ ինքը գտնվում է առողջական ծանր վիճակում, քանի որ ինսուլտ է տարել։
«Առհասարակ ռես Մասիս Զեյնալյանի երեսը չեմ տեսել, այդ մարդը սիրում է պախարակել մարդկանց անունները։ Մենք նույն լրատվամիջոցին հերքել ենք տեղեկատվությանը, բայց չի հրապարակել։ Մասիս Զեյնալյանը սիրում է մարդկանց անունները պախարակել, հերքի է, էլի, չի կարող նման բան լինել։ Ես չեմ կարող ասել, թե այս ամենն ինչ նպատակ է հետապնդում, ավելի լավ է իրենից հարցրեք։
Ես ոչ միայն իր, այլև բոլոր բնակիչների հետ որևէ տարաձայնություն չունեմ, կռիվ չենք արել։ Սա այն ժամանակահատվածն է, որ ինչպե՞ս կարող է քո բնակչի հետ խնդիր ունենաս, մենք մի թշնամի ունենք՝ թուրքը»,- նշեց Դավիթ Ղուլունցը։
Ըստ համայնքապետի, պետք է դադարեցնել մարդկանց անունների հետ խաղալ։
«Ի՞նչ կապ ունի նախկին մարզպետը կամ նրա որդին, որ նրանց անունները շահարկում են։ Չի կարելի նման բաներ անել, էլի, նորից եմ ասում՝ ժողովուրդ, դրա ժամանակը չէ, պետք չէ մարդկանց անուններն այսպես անել։
Այս ամենի փոխարեն, թող գան սահմանին մեկ ժամ կանգնեն։ Այդ նույն մարդիկ ասում էին՝ զենք տվեք, կանգնենք սահմանին, հիմա ասում ենք՝ եկեք, մի ինժենարական աշխատանք անենք, չեն գալիս»,- շեշտեց նա։
Ինչ վերաբերում է ապրիլի 11-ից հետո Տեղ համայնքում ստեղծված իրավիճակին, Դավիթ Ղուլունցն ասաց.
«Այս պահին կայուն վիճակ է»։
Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ էին բացել Տեղ համայնքի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ: