Բևեռացումը գնալով խորանում է․ նոր հարուստներ իշխանության շուրջ
Ազգային ժողովում կառավարության անցած տարվա ծրագրի կատարողականն են քննարկում։ Այնպիսի ոգևորությամբ են խոսում անցած տարվա աճերի մասին, կարծես այդ աճերն իրենց աշխատանքի արդյունքն է։ Չլինեին Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցները, այն ժամանակ կերևար կառավարության աշխատանքի արդյունքը։
Ռուս-ուկրաինական հակամարտությունը բերեց նրան, որ Հայաստանը հայտնվեց արտաքին դրական շոկերի տակ։ Բայց այդ մասին կառավարության հաշվետվության մեջ դիտավորյալ ոչինչ չեն գրել, որպեսզի «չխամրի» համաշխարհային աճերի փայլը։ Կարծես, եթե չգրեցին, դրանից մեծ բան է փոխվում։ Ո՞վ չգիտի, որ անցած տարվա տնտեսական աճերը կապված էին գերազանցապես ռուս-ուկրաինական առճակատման հետ։
Ռուսաստանի տնտեսական, քաղաքական իրավիճակն ու պատժամիջոցները հանգեցրեցին նրան, որ այդ երկրից տասնյակ-հազարավոր քաղաքացիներ տեղափոխվեցին Հայաստան՝ նպաստելով մի շարք ոլորտներում ներքին պահանջարկի ավելացմանը։ Եկավ նաև մեծ քանակությամբ կապիտալ։ Մասնավոր ֆինանսական փոխանցումները Ռուսաստանից հասան ռեկորդային չափերի։ 3,6 միլիարդ դոլարի մուտք եղավ միայն այդ երկրից։ Չհաշված, որ ևս 1,6 միլիարդ էլ ստացվեց այլ երկրներից։
Իշխանությունների խնդիրն էր՝ այդ գումարները ծառայեցնել ներքին տնտեսության զարգացումներին։ Բայց նույնիսկ դա չկարողացան անել։
Այդ գումարների մի մասը, որպես ավանդ, կախված մնացին բանկերում, որովհետև տնտեսության մեջ ներդնելու տեղեր պարզապես չկային։ Բանկային համակարգում առաջացավ գրեթե 2 մլրդ դոլարի ազատ միջոց, որն այդպես էլ չհաջողվեց տեղաբաշխել տնտեսության մեջ։
Ներքին տնտեսության արտադրական հզորություններն ավելացնելու, տնտեսական աճի պոտենցիալը բարձրացնելու, արտադրության ծավալները մեծացնելու փոխարեն՝ բավարարվեցին այստեղից-այնտեղից ապրանքներ ներմուծելով ու ռուսական շուկա մատակարարելով։
Այդ մատակարարումներն են, որ հանգեցրեցին արտաքին առևտրի ուռճացմանը։
Բազմաթիվ ապրանքների մատակարարումներ, որոնք Հայաստանում չեն արտադրվում կամ արտադրվում են չնչին ծավալներով, անգամներով ավելացան։
Անգամներով ավելացան նաև ներմուծումները, որոնք հետո վերածվեցին արտահանումների։
Իսկ թե դրանից ի՞նչ շահեց մեր տնտեսությունը, երևում է արդյունաբերության ցուցանիշներում։ Չնայած առաջացած հսկայական հնարավորություններին, արդյունաբերության աճի տեմպը կրկնակի ցածր էր տնտեսականից։
Տնտեսական այն աճերը, որոնք մատի փաթաթան են սարքել, այդպես էլ չբերեցին երկրում սոցիալական իրավիճակի լավացման։ Մանրածախ սպառումն անցած տարի մեր երկրում ավելացավ ընդամենը 2-2,5 տոկոսով։ Դա էլ՝ հիմնականում դրսից եկած քաղաքացիների կողմից ներկայացված բարձր պահանջարկի արդյունքում։
Հայաստանի բնակչության գերակշիռ մասն այդպես էլ չզգաց տնտեսական այդ աճերի ազդեցությունը։
Այն, որ պաշտոնական տվյալներով, միջին աշխատավարձի աճը գերազանցել է գնաճին, դա դեռ չի նշանակում, թե մարդիկ սկսեցին ավելի լավ ապրել, քան ապրում էին մեկ տարի առաջ։
Գնաճը, որը կրում են քաղաքացիները, ամենևին այն չէ, ինչ փորձում են ներկայացնել իշխանությունները։
Գնաճի իրական ազդեցությունը երևում է այն բազմաթիվ առաջին անհրաժեշտության ապրանքների կտրուկ թանկացումների տեսքով, որոնց հետ սպառողներն ավելի հաճախ են առնչվում։
Այդ թանկացումների տեմպը շատ ավելին է, քան բազմաթիվ աշխատող քաղաքացիների աշխատավարձերի աճը։ Դա է պատճառը, որ անգամ աշխատող քաղաքացիների մեծ մասը ստիպված էր կրճատել սպառումը։
Հատկապես որ, աշխատող զանգվածի մեջ քիչ չեն նաև այնպիսիք, ովքեր ստանում են նվազագույն աշխատավարձ։ Չնայած արձանագրվող բարձր գնաճին, իշխանություններն արգելակեցին նվազագույն աշխատավարձն ավելացնելու՝ ընդդիմության նախաձեռնությունները։
Անցած տարի նվազագույն աշխատավարձի որևէ բարձրացում այդպես էլ տեղի չունեցավ։
Փոխարենը՝ թանկացումների բարձր տեմպը պահպանվեց։ Ու այդ պայմաններում բազմաթիվ աշխատող քաղաքացիներ շարունակեցին ստանալ այնքան նվազագույն աշխատավարձ, որքան ստանում էին նախորդ տարի։
Նվազագույն աշխատավարձն անցած տարի Հայաստանում ընդամենը 68 հազար դրամ էր։ Այնքան, ինչքան մեկ տարի առաջ։ Եվ այդ գումարով մարդիկ մեկ ամբողջ ամիս պիտի ապրեին, նաև կոմունալ ծախսերը կատարեին։
Նվազագույն աշխատավարձ ստացողների քանակը Հայաստանում շատ մեծ է։ Աշխատողների գրեթե 40 տոկոսը ստանում է նվազագույն աշխատավարձ՝ 700 հազար աշխատողից շուրջ 280 հազարը։
Առնվազն այսքան մարդու աշխատավարձ անցած տարի չի բարձրացել, այնինչ թանկացումների պակաս չի եղել։
Այդպես են տնտեսական երկնիշ աճը զգացել այդ մարդիկ։ Նաև ուրիշները, այդ թվում և՝ սոցիալական խոցելի խմբերը՝ թոշակառուներն ու մյուսները։
Թոշակը Հայաստանում վերջին անգամ բարձրացել էր 2020թ.։ Այն էլ՝ 3 հազար դրամով։ 2021թ., չնայած բարձր գնաճին, դրանք մնացին նույնը։ Անցած տարի էլ միայն սեպտեմբերից կառավարությունը բարեհաճեց 3 հազար դրամով թոշակ ավելացնել։
Երկու տարվա համատարած թանկացումներից ու հատկապես սննդի անհամեմատ բարձր գնաճից հետո, թոշակները բարձրացրել են ընդամենը 3 հազար դրամով։
Թե այդ 3 հազար դրամը որքանով է բարելավել այդ մարդկանց կյանքը, դժվար չէ պատկերացնել։
Հիշեցնենք, որ Հայաստանում 466 հազար կենսաթոշակառու և շուրջ 73 հազար նպաստառու կա։ Միասին կազմում է 539 հազար կամ բնակչության գրեթե 18 տոկոսը։ Եվս 170-180 հազար գործազուրկ կա։ Ու այս մարդիկ ևս անմասն են եղել այդ երկնիշ տնտեսական աճերից։ Երկնիշ տնտեսական աճերից քչերն են օգտվել, որովհետև աճը որակ չունի։ Եղածն էլ իշխանության թեթև ձեռքով խիստ անհամաչափ է բաշխվում հասարակության մեջ։
Դրա համար էլ բևեռացումը երկրում գնալով խորանում է՝ իշխանության ներսում ու շրջապատում նոր հարուստներ և ունևորներ են ի հայտ գալիս։ Իսկ հասարակությունը շարունակում է կերակրվել «համաշխարհային» տնտեսական աճերի վերաբերյալ դատարկ կամ ոչինչ չտվող հայտարարություններով։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ